
Մեծ Եղեռնի Նախօրեակին (Շար. Դ.)
Խմբ.- Վրացեան կը խօսի 1914ին Կարնոյ մէջ տեղի ունեցած ՀՅ Դաշնակցութեան ութերորդ Ընդհանուր ժողովի մասին:
Գաւառներից, բուն Հայաստանից եկողները մտախոհ էին ու մտահոգ: Առանձնապէս յոռետես էին Սլաքը՝ Պիթլիսից եւ Մճոն՝ Մուշից: Որքան Հայաստանից հեռու վայրերից էին պատգամաւորները, այնքան լաւատես էին ու տրամադրութիւնը բարձր: Պոլսից եկողները կարծես հարսանիքի էին գալիս, Ակնունիի կարմիր թուշերը փայլում էին ուրախութիւնից. Զարդարեանի պեխերը կարծես աւելի էին սրուել: Ցից կանգնած էին ե՛ւ Հանըմեանի պեխերը, Եգիպտոսից, եւ Տագէսեանի՝ Պալքանից (…):
Երեք դէպք, Կարինից, ամուր մեխուած են յիշողութեանս մէջ:
Մէկ՝ իմ դասախօսութիւնը Սանասարեան վարժարանի բակում: Մութ գիշեր էր: Ահագին բազմութիւն էր խռնուած, ոտքի վրայ: Մի հատ աղօտ լապտերի լուսով՝ խորհրդաւոր տեսք ունէր անաղմուկ բազմութիւնը, որ կարծես անձկանօք հրաշքի էր սպասում: Չեմ յիշում ինչ ասացի: Կարծեմ թունդ ռազմաշունչ ճառ էր խօսածս: Բազմութիւնը բուռն ծափերով ընդմիջում էր խօսքս: Երբ տուն էինք գնում, Ռոստոմը ասաց.
– Լեզուդ բացուել է, մեր տղայ, բայց կարծես միտքդ նոյն չափով բաց չէ…
Անողոք, սպանիչ էր Ռոստոմի դատավճիռը: Գիտէի, որ նա անկեղծօրէն սիրում էր ինձ, այդ պատճառով աւելի եւս ծանր ազդեց վրաս նրա խօսքը: Ի՞նչ անխելք բաներ խօսած պիտի լինէի այդպիսի գնահատութեան արժանանալու համար. վերջը հասկացայ, որ Ռոստոմը իրաւունք ունէր…
(…)
Երկրորդ՝ այն վայրկեանը, երբ հեռագիր ստացուեց համեւրոպական պատերազմի մասին:
Ընդհանուր ժողովի նիստն էր: Նախագահում էր Ակնունին, որ յանկարծ, ընդմիջելով վիճաբանութիւնները՝ ասաց:
– Ընկերներ, Պոլսից հեռագիր է ստացուել, լսեցէք:
Եւ կարդաց Արմէն Գարոյի ստորագրած հեռագիրը, որով հաղորդւում էր, որ աւստրեւհունգարական կառավարութիւնը վերջնագիր է տուել Սերպիային, պատերազմը անխուսափելի է:
– Գարոն դիւանագէտ է դարձել, պատերազմ է գուշակում, հեգնեց Ակնունին:
Հազիւ Ակնունին վերջացրել էր խօսքը, դրսից բերին մի նոր հեռագիր: Արմէն Գարոն հեռագրում էր.
– Պատերազմը սկսուած է:
Իմ ուշադրութիւնս գրաւեցին կողք-կողքի նստած Զարդարեանն ու Հանըմեանը. մէկէն նրանց պեխերը թուլացան ու կախուեցին: Նրանց սարսափահար դէմքը անճանաչելի դարձաւ…
Երրորդ՝ արեւի խաւարումը Կարինում:
Սանասարեան վարժարանի բակից դուրս գալով՝ ժամի փողոցով խմբով գնում էինք դէպի Չայղարս, ճաշի՝ փրոֆ. Սողիկեանի տունը: Երկինքը պայծառ էր, մէկ էլ օդը սկսեց մթնել: Արեւը կամաց-կամաց ծածկուեց լուսնի ստուերով: Խաւարումը լիակատար էր: Աքաղաղները սկսեցին կանչել: Տանիքների վրայ մարդիկ, զինուած սեւ ապակիներով, նայում էին արեւին: Սարսափահար լալիս էին երեխաները: Թրքական թաղերից լսւում էր աղմուկ, թիթեղի թխկոց, ատրճանակի ձայներ. վախեցնում էին չար ոգիներին, որպէսզի հանգիստ ձգէին արեգակը…
Լուռ քայլում էինք՝ մտախոհ: Մէկ էլ հարեւան ցած տանիքի վրայ լսուեց երեխայի սուր ճիչ եւ երիտասարդ մօր հանգստացնող խօսքերը: Բայց երեխան չէր հանգստանում, վախից դողում էր եւ փաթաթւում մօր ոտքերին:
Ռոստոմը մօտեցաւ ու.
– Քորի՛կ, մի վախենայ, բան չկայ… Խաւարում է, շուտով արեւը նորից կը բացուի…
Կինը շտկուեց, ցասումով լի աչքերը յառեց Ռոստոմի վրայ ու պոռաց կատաղի.
– Ը՛հ, անիծեալ ըլլաք դուք… Աս ամէնը ձեր երեսէն կ՛ըլլայ, ձեր մեղքի պատճառով է, անհաւատնե՛ր… Կոտորուի՛ք դուք… Անիծեալնե՛ր… Ձեր պատճառով փորձանք պիտի գայ մեր գլխուն…
Ռոստոմը սաստիկ ազդուեց: Առանց մէկ խօսք արտասանելու, գլուխը կախ, քայլեց եւ ամբողջ օրը ճնշուած տրամադրութեան մէջ էր:
Արեւի խաւարումը չարագուշակ նշան էր: Ժողովուրդը հաւատում էր, թէ դժբախտ օրեր էին յաջորդելու: Մռայլ ամպեր էին կուտակւում եւ ահաւոր փոթորիկ էր պատրաստւում հայութեան գլխին: Սեւ օրերի նախօրեակն էր…
Այժմ արդէն անցեալ են այդ սեւ օրերը, հեռաւոր անցեալ, բայց միշտ մօտ, միշտ ներկայ, ցաւատանջ: Ուզում ես չյիշել, մոռանալ – չեն մոռացւում: Ուզում ես հասկանալ – չես հասկանում: Ուզում ես դարմանել – չի դարմանւում: Վէրքը սպիացել է դրսից – ներսը մնում է չբուժուած: Ու մութ գիշերներին, երբ քունը փախչում է աչքերիցդ՝ կծկւում է սիրտդ, փոթորկւում է հոգիդ: Միտքդ ըմբոստանում է. «Ինչո՞ւ այսպէս եղաւ, ինչո՞ւ»…
Եւ ծանօթ, սիրելի դէմքեր, անխօս ու երազուն աչքերով, շարքով անցնում են յուշերիդ միջից – Սարհանդ, Փիլոս, Ատրունի, Սրբազան Սմբատ, Սեդրակ Էֆենտի, շատեր, շատեր… Անցնում են լուռ կշտամբող հայեացքով: Կարծես ուզում են ասել…
– Դուք դեռ ապրո՞ւմ էք, ի՞նչ իրաւունքով: Ո՞վ իրաւունք տուեց ձեզ ապրելու, երբ մենք չենք ապրում, չկանք…