
ԳԼԵՆԴԷՅԼ – Յունուարի 25ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը քննարկում ունեցաւ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի անդամ Քրիս Հոլդենի հետ` Կալիֆորնիայի եւ Սիւնիքի միջեւ համագործակցութեան հաստատման վերաբերեալ: Զրոյցի առանցքում էր Քրիս Հոլդենի հեղինակած՝ Կալիֆորնիայի նահանգի եւ Սիւնիքի մարզի միջեւ քոյր-նահանգ/մարզ համագործակցութիւն հաստատելու վերաբերեալ բանաձեւը, որը 2021ի Սեպտեմբերի 2ին հաստատուել է Կալիֆորնիայի խորհրդարանում:

Ընթացակարգի համաձայն, բանաձեւը պէտք է հաստատուի նաեւ Կալիֆորնիայի Ծերակոյտի կողմից: Քանի որ նահանգային օրէնսդիր մարմնի նստաշրջանը աւարտուեց 2021 թուականի Սեպտեմբերին, այն վերսկսուել է այս տարուայ Յունուարին, նոր նստաշրջանի մեկնարկով:
Բանաձեւը նպատակ ունի արդիւնաւէտ համագործակցութեան եւ երկուստեք գործընկերութեան հիմք ստեղծել Միացեալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի եւ Հայաստանի Սիւնիքի մարզի միջեւ: Այն կոչուած է խթանել կրթական, տնտեսական եւ մշակութային փոխանակման եւ այլ գործնական ծրագրերի իրականացումը:
Քրիս Հոլդենը Կալիֆորնիայի խորհրդարանի անդամի պաշտօնում ընտրուել է 2014 թուականին: Նա հանդիսանում է Կալիֆորնիայի Հայկական օրէնսդրական խմբակցութեան անդամ: Քրիս Հոլդենը եղել է հայաշատ Փասադինա քաղաքի քաղաքապետ: Ներկայիս նա հանդիսանում է Կալիֆորնիայի խորհրդարանի Ուժանիւթային հարցերով յանձնաժողովի նախագահը:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)
Բայբուրդեանը Բաշինեանէն եւ Էրտօղանէն հրաման արէր է՞ որ ասանկ ծրագիրներ կընէ: Թիւրքերը կըսեն որ Սիւնիքը իրենցն է եղեր: