
Անօթազարկը (pulse) կարեւորագոյն ցուցանիշ է, որն առաջանում է սրտի կծկումների հետեւանքով առաջացած անօթների ռիթմիկ (կշռութային) տատանումների արդիւնքում: Այն, սովորաբար, համապատասխանում է սրտի կծկումների յաճախութեանը: Հետեւաբար, անօթազարկով կարելի է դատել սրտի աշխատանքը:
Բժշկին այցելութիւնների ժամանակ չափւում է ձեր անօթազարկերը եւ ախտորոշման համար ուշադրութիւն է դարձւում անօթազարկի հետեւեալ բնութագրերին.
– Ռիթմ: Սա տատանումների հերթագայումն է որոշակի ժամանակում: Առողջ մարդու հարուածները կրկնւում են հաւասար ժամանակահատուածում: Եթէ զարկերակային պատերի տատանումները տեղի են ունենում տարբեր տեւողութեամբ ընդմիջումներով, հիւանդի մօտ առիթմիա է ախտորոշւում:
– Յաճախութիւն: Հաշւում են մէկ րոպէում զարկերակների պատերի կծկումների (հարուածների) թիւը: Առողջ օրգանիզմում անօթազարկը տատանւում է ընդունուած բնական սահմաններում (ըստ տարիքի, սեռի, սովորաբար դա տատանւում է 60-100ի միջեւ):
– Լեցունութիւն: Այս ցուցանիշն արտացոլում է արեան ծաւալը, որն արտամղւում է սրտի խոռոչներից դէպի անօթներ: Բնականում զարկերակային լուսանցքը լիովին լցւում է: Այս դէպքում պատերի տատանումները շօշափելիս յստակ զգալի են: Այս անօթազարկի մասին ասում են, որ այն «լեցուն» է: Եթէ հարուածները շօշափելիս հազիւ զգալի են, ապա անօթազարկը կոչւում է «դատարկ»:
Անօթազարկը բազմաթիւ գործօններով է պայմանաւորուած, որոնց թւում` տարիքը, սեռը, ֆիզիկական պատրաստուածութիւնը: Մարզանքի կանոնաւոր պարապմունքների մասին չմոռացող մարդկանց մօտ գրանցւում է դանդաղ անօթազարկ: Անօթազարկի յաճախացումը կամ դանդաղումը, որոշ պատճառների դէպքում ախտաբանութիւն չեն համարւում․ օրինակ, եթէ սիրտի աշխատանքը գերազանցում է 160 միաւորը` եթէ ցուցանիշներն առաջացել են չափազանց ծանրաբեռնուածութեան կամ յուզական ցնցումների արդիւնքում: Որոշ դէպքում դա կարող է կապուած լինել քրոնիկակական (երկարատեւ) հիւադութիւնների հետ: Սակայն, եթէ առանց պատճառի սրտի զարկերը արագ են, դանդաղ կամ անհամաչափ` պէտք է դիմել բժշկի:
Մարմնի անօթազարկի կտրուկ տատանումներից պաշտպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս կանոնաւոր զբաղուել մարզանքով, թողնել ծխելը, ալկոհոլի (ոգելից ըմպելիներու) չարաշահումը եւ լիարժէք քնել: Ճիշդ կենսակերպը թոյլ կը տայ ո՛չ միայն բնականոնացնել սրտի զարկերը, այլ նաեւ կանխել շատ հիւանդութիւնների զարգացումը: