ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Հայաստանի եւ Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպաններ՝ Արման Թաթոյեան եւ Գեղամ Ստեփանեան հրապարակեցին յայտարարութիւն մը, որուն մէջ կը շեշտեն, որ Հայաստանի վարչապետին տուած վերջին մամլոյ ասուլիսին հնչած գնահատականները խիստ վտանգաւոր են Արցախի հայերու կենսական իրաւունքներուն համար եւ կը խոչընդոտեն ատրպէյճանական ցեղասպան քաղաքականութենէն պաշտպանուելու քայլերը:
Ստորեւ՝ յայտարարութիւնը.
«Հայաստանի վարչապետի 2021թ. Դեկտեմբերի 24ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մօտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կեանքի, անվտանգ ապրելու եւ միւս կենսական, մարդկային գոյութեան համար անհրաժեշտ բնական իրաւունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մօտեցումները ազգային ինքնորոշման բնական իրաւունքը վտանգում են հիմնովին:
«ՀՀ վարչապետի հրապարակային խօսքերում ամբողջութեամբ անտեսուած է, որ ադրբեջանական իշխանութիւնները շարունակում են պետական հովանաւորչութեամբ հայատեացութեան ու թշնամանքի քաղաքականութիւնը. սա ոչ միայն եւ ոչ այնքան հռետորաբանութիւն է, որքան ադրբեջանական իրականութիւնում տարիներով հետեւողականօրէն կենսագործուող թշնամանքի քաղաքականութիւն (կրթութիւն, մշակոյթ, մարմնակրթութիւն եւ այլն): Այն յատկապէս յարձակողապաշտ է Արցախի ժողովրդի նկատմամբ:
«ՀՀ վարչապետի խօսքում անտեսուած է, որ դեռ 1923 թուականին 95 տոկոս հայկական բնակչութիւն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղուած է եղել ադրբեջանական հետեւողական խտրական քաղաքականութիւնը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագութիւններով եւ այլ անօրինական միջոցներով:
«Հայատեացութեան ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականութիւնն է, որ 2020 թ. պատերազմի ընթացքում յանգեցրեց Արցախում զանգուածային ցեղային զտումների՝ թիրախային աւերելով քաղաքներն ու գիւղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ եւ այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանութիւններով, սպանութիւններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով:
«Պատերազմից յետոյ ադրբեջանական զինուած ծառայողները, ադրբեջանական իշխանութիւնների հովանահաւորչութեամբ, ամէն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրաւունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանութիւնների, խաղաղ բնակավայրերի ուղղութեամբ կրակոցների, գողութիւնների, հեռախօսային կենսական կապի խափանումների եւ ահաբեկչական բնոյթի այլ յանցաւոր արարքներով: Ամէն օր ոտնահարուած է Արցախում ապրող մարդկանց արժանապատուութիւնը:
«Բնոյթով նոյն խախտումները, նոյն յանցաւոր արարքները ամէն օր շարունակւում են նաեւ Հայաստանի բնակչութեան նկատմամբ:
«Թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինուած ծառայողները գործում են յանցաւոր անպատժելիութեան պայմաններում: Չկան մարդու իրաւունքների պաշտպանութեան երաշխիքներ:
«Հայաստանի վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգաւոր. դրանք հիմնաւորում են քաղաքական հարցերի գերակայութիւնը մարդու իրաւունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրաւունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թէզերը եւ աւելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրաւունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանութիւնները:
«Այս քաղաքականութեամբ է, որ ադրբեջանական իշխանութիւնները անընդհատ խոչընդոտել են, ամէն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայութեանն իրենց իրաւունքների պաշտպանութիւնից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրութեանը մոլորեցնելու նպատակային քաղաքականութիւն:
«Ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրաւունքներն ու այդ իրաւունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանութիւնն ամէն գնով խոչընդոտելու քաղաքականութիւնն է պարարտ հող ստեղծել այն դաժանութիւնների ու վայրագութիւնների, ցեղային զտումների համար, որ տեղի ունեցան 44օրեայ պատերազմի ընթացքում:
«Հայաստանի եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանների համար խաղաղութիւնը բացարձակ արժէք է, բայց ադրբեջանական իշխանութիւնների յայտարարած խաղաղասիրութիւնը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դէմքը կեղծիքներով քօղարկուած պահելու նպատակ:
«Ուստի, բոլորին խստիւ յորդորում ենք դադարեցնել մարդու իրաւունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թէզերի համար, բացառել մարդու իրաւունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպէս նաեւ զերծ մնալ յատկապէս միջազգային ատեաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականութիւնից մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»: