Լեն Ուիքս*

Ադրբեջանը 2022ին կը նշի Խոջալուի արիւնահեղութեան 30ամեակը՝ սարսափելի իրադարձութիւններից մէկը, որը տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ (1988-1994)։
Հայերն էլ պէտք է նոյնն անեն, սակայն ոչ այն պատճառներով, ինչ՝ Ադրբեջանը։
Մի ձմրան ցրտաշունչ օր 50ից (նախնական զեկոյցով) եւ աւելի քան 200 (ըստ Պաքուի հետագայ պնդման) հիմնականում մեսխեթցի թուրք խաղաղ բնակիչների Խոջալուի արիւնահեղութիւնն աշխուժացուց է թուրքական աշխարհը։ Ադրբեջանի բռնատիրական կառավարութիւնը պատերազմական այս յանցագործութիւնը որակում է որպէս «ցեղասպանութիւն»։ Սա հեշտութեամբ շփոթեցնում է աշխարհին, թէ ով է եղել նախայարձակը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանը։
Կոտորածը որպէս «ցեղասպանութիւն» պիտակաւորումը, անկասկած, հակակշիռ է Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի բնիկ քրիստոնեաների, այդ թւում՝ հայերի դէմ իրականացուած Ցեղասպանութեանը։ Դա նաեւ օգնում է շեղել դարերի ընթացքում գաղութացնող թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից հայերի բազմաթիւ ջարդերից։
Խոջալուն լայնօրէն ընդգրկուել է հայերին սատանայացնելու ադրբեջանական պաշտօնական քարոզչութեան մէջ՝ որպէս պետութեան կողմից հովանաւորուող ցեղապաշտութեան ծրագրի մի մաս։
Ներառուած պատկերների մեծ մասը նոյնիսկ արիւնահեղութեան վայրում չի արուել։ Բայց ապատեղեկատուութիւնն այսքանով չի աւարտւում։ Խոջալուի արիւնահեղութիւնն աւելի ճիշդ կը լինի անուանել Աղտամի արիւնահեղութիւն, քանի որ այն գտնւում է իրական վայրից ոչ հեռու։ Այնուամենայնիւ, Պաքուն դա ներկայացնում է որպէս Խոջալուում տեղի ունեցած՝ հայերին ներքաշելու համար։
Ադրբեջանն ունի մարդու իրաւունքների սարսափելի ցուցանիշ (փտածութեան առումով 129րդը, իսկ մամուլի ազատութեան առումով աշխարհում 168րդը) եւ յայտնի է քաղաքական նպատակներով իրադարձութիւնները կեղծ ներկայացնելով։ Օրինակ, 2020ի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ընթացքում եւ դրանից յետոյ ադրբեջանցիները մարդու իրաւունքների բազմաթիւ խախտումներ են թոյլ տուել ծագումով հայերի նկատմամբ, ինչպիսիք են՝ գլխատումները, քիմիական զէնքի օգտագործումը եւ ռազմագերիների սպանութիւնն ու բռնութիւնը։
Ադրբեջանն արգելում է հայերի մուտքը՝ ելնելով զուտ ազգային պատկանելութիւնից՝ անկախ քաղաքացիութիւնից։
Human Rights Watch
Human Rights Watch-ը (HRW, Մարդու իրաւունքների պաշտպանութիւն) 1997ի Մարտի 23ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում հայերը մեղաւոր են յայտարարուել Խոջալուի կոտորածի մէջ՝ առանց այս պնդումը հաստատող որեւէ ապացոյցի։
Արդեօ՞ք HRW-ն ենթադրում էր, որ ոչ մի քաղաքակիրթ ժողովուրդ չի կարող սպաննել իւրայիններին, եւ հետեւաբար ենթադրում էր, որ հայերը պէտք է կատարած լինեն այս սարսափելի ռազմական յանցագործութիւնը։
Եթէ HRW-ն սխալ է, ապա մարդու իրաւունքների պաշտպանութեան համար պատասխանատու կառոյցն ամօթալի կերպով աջակցել է մարդու իրաւունքների վատ ցուցանիշներ ունեցող Ադրբեջանին՝ տասնամեակներ շարունակ կեղծ սատանայացնելու հայերին։ Այսպիսով, HRW-ն, փաստօրէն պարսաւանքի է արժանի մարդու իրաւունքների կոպիտ խախտումներին մեղսակից լինելու համար։
Վկայութիւն
Ի՞նչ են բացայայտում Խոջալուի արիւնահեղութեան վկայութիւնները։
Արիւնահեղութեան մասին ամենահամոզիչ վկայութիւններից մի քանիսը չեխ լրագրող Տանա Մազալովայինն է։ Նա նկարագրել է իր շփումը յայտնի ադրբեջանցի լրագրող Չինկիզ Մուսթաֆայեւի հետ իրադարձութեանը յաջորդող օրերին։

Մազալովայի յստակ յիշողութիւնը վառ մանրամասներ է հաղորդում ադրբեջանցի զինուորների կողմից վերահսկուող տարածքում տեղի ունեցած սպանութիւնների մասին։ Նա նշել է, թէ ինչպէս է տեսանիւթը ցոյց տալիս, որ զոհերի ծնկների վրայ կրակել են, իսկ ոմանց մահից յետոյ գլխամաշկել են. ոեւէ հայ ներկայ չի եղել։ Նա նաեւ յայտարարեց, որ ադրբեջանական իշխանութիւններն օգտագործել են դիակների քայքայման սարսափելի տեսարանը՝ որպէս քարոզչական միջոցառում։
Ապացոյցների տեսանկիւնից երկու կարեւոր կէտ կայ։ Նախ, գործնականում անհնար կը լինէր, որ զոհերին քիլոմեթրեր հեռաւորութեան վրայ հայերը կրակէին ծնկի մակարդակով։
Երկրորդ, անհաւանական է, որ հայերը կարողանան մօտենալ կայքին եւ այլանդակել զոհերին ադրբեջանական կողմից վերահսկուող տարածքում, ուստի այս չարաշահումը պէտք է կեղծուած լինի։
Ամենակարեւորն այն է, որ քիչ տրամաբանութիւն կայ ստեղծել մարդասիրական միջանցք՝ հնարաւորութիւն տալով շրջապատուածներին լքել հակամարտութեան գօտին, ապա սպաննել նրանց այն բանից յետոյ, երբ նրանք լքել են հայկական վերահսկողութեան տակ գտնուող տարածքները։ Ադրբեջանցի գրող Էյնուլլա Ֆաթուլայեւը ճանաչել է միջանցքը՝ յայտարարելով. «Միջանցք իրօք եղել է, այլապէս լիովին շրջապատուած եւ արտաքին աշխարհից մեկուսացուած խոջալուցիները ոչ մի կերպ չէին կարողանայ ճեղքել օղակը եւ դուրս գալ շրջապատումից»։
Ադրբեջանցիներ, անկասկած, զոհուել են ադրբեջանական եւ հայկական ուժերի միջեւ աշխուժ փոխհրաձգութեան պատճառով (փախչող խաղաղ բնակիչների մէջ կային զինուած ադրբեջանցիներ)։ Այնուամենայնիւ, չկայ որեւէ հաւաստի ապացոյց, որ հայերը համակարգուած եւ միտումնաւոր թիրախաւորել են ադրբեջանցի խաղաղ բնակիչներին Հայաստանի կողմից վերահսկուող տարածքներում։
Չինկիզ Մուսթաֆայեւի՝ արիւնահեղութեան վայրի տեսանիւթերը լրացուցիչ քննադատական ապացոյցներ են տալիս։
Մուսթաֆայեւն այնքան էր ցնցուել իր տեսածից՝ դիերի շուրջը հանգիստ շրջող ադրբեջանցի զինուորներ, իսկ աւելի ուշ՝ զոհեր, որոնք այլանդակուել էին իրենց մահից օրեր անց Ադրբեջանի կողմից վերահսկուող տարածքում, որ յետոյ պատասխաններ է պահանջել իր կառավարութիւնից։
Մազալովան նշել է, որ դրանից յետոյ Մուսթաֆայեւը շատ է մտահոգուել Ադրբեջանում իր բարեկեցութեամբ՝ նշելով, որ Բաքւում քայլելու համար իրեն կարող է «զրահաբաճկոն» պահանջուել։ Չինկիզ Մուսթաֆայեւը զոհւում է միայն շաբաթներ անց՝ 1992ի Յունիսի 15ին, ըստ տեղեկութիւնների՝ «մարտում ստացած վէրքերի պատճառով»։
Ռուսական «Մեմորիալ» մարդու իրաւունքների կենտրոնը յայտնել է, որ Աղտամի հիւանդանոցային գնացքում գտնուող բժիշկները յայտնել են առնուազն չորս գլխամաշկուած դիակի մասին, իսկ մի մարմին գլխատուած էր։ Աւելի՛ն. 10 մարդ մահացել էր բութ առարկայի հարուածներից։
Այս սպաննիչ գործողութիւններից ոչ մէկը չէր կարող իրականացուել հայերի կողմից, եթէ նրանք չվերահսկէին արիւնահեղութեան վայրը։ Աւելին, ադրբեջանցի զինուորները նախկինում բազմիցս անդամահատել եւ գլխատել են զոհերի։
Հայերի կողմից գերեվարուած ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը
Մարդու իրաւունքների ոտնահարման մեղադրանքները պէտք է քննուեն բոլոր կողմերից։ Հաղորդւում է, որ հայերը պատասխանատու են ապօրինութեան որոշ անհատական դէպքերի համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը ափսոսանք է յայտնել Խոջալուի գրաւման ժամանակ ենթադրեալ դաժանութեան դէպքերի կապակցութեամբ։
Մարդկանց զայրոյթի ուժեղ զգացումը, ում ընտանիքները սպաննուել էին ջարդերի ժամանակ, ժամանակաւոր խելացնորութեան ազդեցութեան տակ կարող էր որոշ անհատների ստիպել գործն իրենց ձեռքը վերցնել։
Ցաւօք, Խոջալուի գրաւման հետ կապուած առանձին յանցագործութիւնները հետաքննելու փորձեր չեն արուել։ Այս գործողութիւնները պէտք չէ հանդուրժուեն եւ դեռ պէտք է հետաքննուեն։
Հակասական վկայութիւններ կան այն մասին, թէ Խոջալուի եւ նրա շրջակայքում գերեվարուած մօտ 700 ադրբեջանցիները լաւ սնուե՞լ եւ հագուստ են ստացե՞լ, թէ ոչ։ Ի վերջոյ, այս մարդիկ ողջ են մնացել հայկական գերութեան մէջ, իսկ յետոյ հայրենադարձուել Ադրբեջանի իշխանութիւններին։
Հայերն իրենք քիչ սնունդ ունէին, քանի որ ադրբեջանական ուժերն աւելի վաղ շրջափակել էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անընդհատ գնդակոծելով այն Խոջալուի նման դիրքերից։

Շարժառիթներ
Նկատելով, որ մարդասիրական միջանցքով անցնող փախստականները Կարկառ գետն անցնելուց յետոյ բաժանւում են (ոմանք շարժւում են հիւսիս՝ Աղտամ, իսկ միւսները դէպի արեւելք՝ Նախիջեւանիկի ուղղութեամբ, Շելլիի մօտ գտնուող արիւնահեղութեան վայր), Էյնուլլա Ֆաթուլայեւը նշել է. «Թւում է (ընդդիմութեան կողմից վերահսկուող) Ադրբեջանի ժողճակատայինների գումարտակը (անկանոն ուժերը) ոչ թէ փորձում էր փրկել բնակիչներին, այլ մեծ արիւնահեղութեան էր ձգտում (Ադրբեջանի նախագահ) Այազ Մութալիպովին տապալելու ճանապարհին»։
Լրացուցիչ ապացոյցները ցոյց են տալիս, որ ընդդիմութեան հետ կապ ունեցող ադրբեջանցի պաշտօնեաները փորձել են օգտագործել այս սարսափելի իրադարձութիւնն իրենց երկրի առաջնորդին պաշտօնազրկելու համար։ Հեռուստատեսային հարցազրոյցում Ադրբեջանի խորհրդարանի խօսնակ Եաղուպ Մամետովը յայտարարել է, որ՝ «Լաւ յայտնի են նրանք, ում խղճի վրայ է Խոջալուի ողբերգութիւնը։ Խօսքը հայկական կողմի մասին չէ»։
Նախագահ Մութալիպովը մեղադրում է իր քաղաքական հակառակորդներին՝ Աղտամի մօտ Խոջալուի զոհերի սպանութեան մէջ։ Աւելի ուշ նա հերքում է դա, բայց Ադրբեջանի ամբողջատիրական հասարակութեան մէջ դա զարմանալի չէ։
Նախագահ Մութալիպովի օրօք Ադրբեջանի իշխանութիւնների թուում, որոնք ի վերջոյ շահում են Խոջալուի ջարդերից, Հէյդար Ալիեւն էր։ Նա եղելէ խորհրդային հետախուզական ծառայութեան աւագ աշխատող։ Ալիեւն այնուհետեւ դառնում է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական (ընկերվարական) հանրապետութեան (ԽՍՀ) ղեկավարը 1969-1982ին՝ գերիշխելով Ադրբեջանի քաղաքականութեան մէջ։
1993ին նա իշխանութեան է գալիս յեղաշրջման արդիւնքում։
Հէյդար Ալիեւը պարծենում էր իր ցեղապաշտական հակահայկական քաղաքականութեամբ՝ յայտարարելով. «…Ես ջանում էի այնտեղ փոխել ժողովրդագրութիւնը։ Մարզի շրջակայ բնակավայրերից մենք այնտեղ էինք ուղարկում ադրբեջանցիների։ Այս եւ այլ միջոցներով ես ջանում էի, որպէսզի Լեռնային Ղարաբաղում լինէր աւելի շատ ադրբեջանցի, իսկ հայերի թիւը կրճատուէր»։
2003ին նախագահի պաշտօնը ստանձնում է Ալիեւի որդին՝ Իլհամ Ալիեւը։ Այդ ժամանակուանից ի վեր նա ամուր մնացել է իշխանութեան ղեկին եւ իր կնոջը՝ Մեհրիպանին նշանակել է փոխնախագահ։
Ինչպէս նշել է Մազալովան, ադրբեջանցիներն օգտագործել են այս իրադարձութիւնը՝ խափանելու դիւանագիտական ճանապարհով պատերազմը լուծելու առաջին փորձը։ Հետագայում նրանք Խոջալուն օգտագործում են հայերին որպէս ժողովուրդ սատանայացնելու համար՝ ապացոյցներով չհիմնաւորուած կեղծ պնդումներով։ Ադրբեջանում երբեք արժանահաւատ, բաց եւ անկախ հետաքննութիւն չի եղել Աղտամի մօտ տեղի ունեցածի վերաբերեալ։
Արցախի կարգավիճակը
Ադրբեջանը միջազգայնօրէն ճանաչուած ինքնիշխան պետութիւն չէր մինչեւ 1991ի Դեկտեմբերի 26ը։ Նախկին ինքնահռչակ Ադրբեջանի Դեմոկրատական (ժողովրդավար) հանրապետութիւնը (1918-20) երբեք տէ ժիւրէ (օրէնքով) չի ճանաչուել որեւէ պետութեան կողմից, եւ Ազգերի Լիկան մերժել է նրա անդամակցութեան յայտը (Փարիզի Խաղաղութեան խորհրդաժողովը ճանաչեց Ադրբեջանը որպէս դէ ֆակտօ (փաստօրէն) իրաւատէր, խորհրդաժողովը նպատակների համար, սակայն դա չէր նշանակում ինքնիշխանութեան ճանաչում)։
Հետեւաբար Ադրբեջանը «տարածքային ամբողջականութեան» հիման վրայ դաժանօրէն ներխուժելու եւ պատերազմ վարելու հիմք չունէր, քանի որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզն օրինականօրէն հռչակել էր իր անկախութիւնը խորհրդային սահմանադրութեան 72րդ յօդուածի համաձայն, իսկ Ադրբեջանական ԽՍՀն ընդամէնը մարզ էր։ Միաւորուած Ազգերի կազմակերպութեան բանաձեւերը բռնութեան իրաւունք չեն տուել եւ պարտադիր չեն, ինչի վկայութիւնն է ՄԱԿի բանաձեւերի անտեսումը Թուրքիայի կողմից 1974ին Կիպրոս ներխուժելուց յետոյ։

Եզրակացութիւններ
Հայերը պէտք է աշխարհին պատմեն, թէ ի՛նչ է իրականում, ըստ վկայութիւնների, տեղի ունեցել Խոջալուի անմեղ զոհերի հետ։ Նրանք պէտք է մասնակցեն Խոջալուի յիշատակման արարողութիւններին՝ յիշելու զոհուածներին՝ որպէս ճշմարտութեան ակնյայտ ազդանշան, այնպէս, որ աշխարհն իմանայ, թէ ոճրագործները հայերը չեն։
Հետեւաբար, Ադրբեջանը որեւէ իրաւունք չունէր դաժանօրէն ներխուժելու եւ պատերազմի դիմելու «տարածքային ամբողջականութեան» հիման վրայ, քանի որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Խորհրդային Միութեան Սահմանադրութեան 72րդ յօդուածի համաձայն օրինականօրէն հռչակել էր իր անկախութիւնը, իսկ Ադրբեջանական ԽՍՀն ընդամէնը մարզ էր։
Խոջալուի (աւելի ճիշդ՝ Աղտամի) արիւնահեղութիւնը նպաստել է նաեւ Ադրբեջանի կառավարութեան կողմից պետականօրէն հովանաւորուող ցեղապաշտական ատելութեանը, որն ի վերջոյ յանգեցրել է հազարաւոր հայերի մահուան։ Այսպիսով, հայերը նոյնպէս զոհ են գնացել կոտորածին. պատերազմական յանցագործութիւն, որի անհերքելի եւ ճնշող ապացոյցները ցոյց են տալիս, որ իրականացրել են ադրբեջանցիները։

THE BLUNT POST
* Լեն Ուիքս աւստրալա-նիւ զելանտացի ցեղասպանութեան իրազեկման գործիչ եւ հեղինակ է։ Ան աշխոյժ մասնակից է Հայոց Ցեղասպանութեան Աւստրալիոյ եւ Նոր Զելանտիայի ճանաչման քարոզարշաւին։
Ուիքս ունի օդային կառավարման, օդանաւային ապահովութեան հաշուեքննութեան եւ կառավարման, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան եւ միջազգային յարաբերութիւններու փորձառութիւն` աշխատելով Նոր Զելանտայի, Օմանի եւ Թայլենտի մէջ (ՄԱԿի մէջ): Ուիքս ՄԱԿի պաշտօնէն հրաժարած է, երբ իրեն ըսուած է, որ այլեւս չի կրնար աջակցիլ Հայաստանին` իր գործի ժամերէն դուրս:
Ան Հայաստանի տարբեր բնագաւառներու մէջ աշխատանք կը տանի եւ տարբեր նախաձեռնութիւններու հեղինակ է, ունի «Ծագումը: Բացայայտում» խորագրեալ վէպ, որուն ճամբով ան աշխարհը կը ծանօթացնէ հայոց պատմութեան:Ան նաեւ ունի երկու արտօնագիր եւ մեծ հետաքրքրութիւն վերականգնող ուժանիւթին նկատմամբ։
Այժմ Լեն Ուիքս երկու պետութիւններու օդանաւային եւ յատուկ նախագիծերու յատուկ խորհրդական է:
Իր անձնական կեանքին մէջ ան մարդկային իրաւունքներու պաշտպան գործիչ է, կեդրոնացած է ցեղասպանութեան իրազեկման վրայ: Ան Հայաստանի մէջ կառուցած է շինութիւն մը` իբրեւ իր հիմնադրած բարեսիրական ծրագիրի («Որդեգրիր մի գիւղ») հիմք: Այդ ծրագիրին նպատակն է համակարգուած ձեւով, առանց միջնորդի, Սփիւռքը կապել հայկական գիւղերուն` օգնելու գիւղատնտեսութեան, տեղեկատուական արհեստագիտութիւններու, կրթութեան, մարմնակրթութեան եւ ծառայութիւններու բնագաւառներուն մէջ:
Լեն Ուիքսի եւ անոր կնոջ` Արմինէ Յակոբեանի վերջին ծրագիրներէն է Արենիի բացօթեայ մշակութային թանգարանի կառուցումը` նպատակ ունենալով հայկական մշակոյթի կարեւորագոյն տուեալները ամփոփել հոն եւ ցոյց տալ զբօսաշրջիկներուն: Թանգարանը կը կառուցուի իբրեւ հին գիւղ, որուն իւրաքանչիւր տան մէջ արհեստ մը պիտի ներկայացուի: