Արփի Մարտիրոսեան*
Ներհայեցողութեան, ինքնաճանաչման, արմատներին մօտենալու իւրաքանչիւր փորձ բարդ, երկարատեւ ու դժուարին ընթացք է ենթադրում: «Ծանիր զքեզ»ը յորդորում է հինաւուրց ասոյթը, բայց ինքնաճանաչման դժուարին ճանապարհին պարտաւոր ես ճանաչել նաեւ քեզ նման շատ ու շատ ուրիշների, այլապէս այդ ընթացքը կանգ կ՛առնի կէս ճանապարհին, կը մնայ թերի ու կիսատ, թէեւ առանց դրանց էլ աշխարհում ոչ ոք չի կարող պնդել հաստատապէս, թէ` արդէն վերջ, ինքն իրեն ճանաչում է ամբողջովին: Բայց էլի, ինչ էլ լինի, գոնէ հոգեկան շրջադարձի, արմատներին թէկուզ փոքր-ինչ մերձենալու պահանջ-թելադրանքն է, որ մարդ պիտի քննի նաեւ իր նման ուրիշներին: Ամէն մարդ չի կարող ճանաչել ինքն իրեն, մանաւանդ կորցրած ու երակներում քնած արեան բջիջները: Դրա համար կրթութեան ու զարգացածութեան որոշակի մակարդակ է հարկաւոր, որոշակի փորձ ու գիտելիքներ են պէտք եւ այդ պատուանդանին բազմած քննախոյզ հայեացք:
Այդ քննախոյզ հայեացքը ստեղծւում է աստիճանաբար` սկզբում ընտանիքում, ապա դպրոցում, երբ փոքր ես, բայց հասկանում ես, որ բացի ամերիկեան բարքերից, որ հանդիպում ես ամէնուր, կայ նաեւ մէկ ուրիշը` ազգայինը: Այս է պատճառը, որ ժամանակակից ամերիկեան կեանքում իր ուրոյն տեղն ունի ազգային ինքնութեան եւ որոշակիացման որոնումը, ինչը դժուարին եւ ներքին հակասութիւններով լի ճանապարհ է, քանի որ Ամերիկան, հանդէս գալով իբրեւ նոր մշակութային տարածք, պարունակում է բազմազգ հանրութիւն` իւրօրինակ մշակութային աւանդոյթներով, անցած պատմական ուղիով եւ ազգային մտածելակերպով` միաժամանակ առաջ բերելով ազգային երկուութեան խնդիրը` նոր ամերիկեան եւ ազգային-ծագումնաբանական:
Ամերիկայի հայ համայնքի ինքնութեան պահպանման եւ զարգացման համար կարեւոր դեր են կատարում հայկական մշակութային կենտրոնները, ակումբները եւ դպրոցները, որոնք տարիներ շարունակ գործում են Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքոյ: Արեւմտեան թեմի ղեկավարութեան տակ կան երկու տասնեակից աւելի եկեղեցիներ, որոնք հովանաւորում են հայկական դպրոցները, շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ վարժարանները, որտեղ արդէն կրթութիւն են ստանում ամերիկահայերի 3րդ, 4րդ սերունդները: Եթէ ամերիկաբնակ հայերի 1ին եւ 2րդ սերունդները պահպանում էին հայ լինելը` անմիջականօրէն շփուելով անցեալի կրողների եւ իրենց յուշերը եւ յոյզերը փոխանցողների հետ, ապա առաւել դժուարանում է այդ գործընթացը հայերի 3րդ եւ 4րդ սերունդների համար, քանի որ նախկինում գոյութիւն ունեցող զգացմունքայնութիւնը իր տեղը զիջել է` դառնալով միայն զուտ պատմական իրադարձութիւն: Իսկ այդ սերունդների ներկայացուցիչներն ապրում են ամերիկեան իրականութեան մէջ, յաճախում են ամերիկեան հանրակրթական դպրոցներ, շփւում են տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Այս երեխաները ճակատագրի բերումով ` դատապարտուած են ունենալու երկու աշխարհ` իրական, որն արտացոլւում է առօրեային մէջ, արտաքին «ես»ի դրսեւորմամբ, եւ երեւակայական` ենթագիտակցական, այլ աշխարհի հետ ներքին յոյզերով ու հակասական ազդանշաններով լեցուն: Եւ այստեղ ազգապահպանութեան միակ գրաւականը դառնում է հայկական դպրոցը: Այս է պատճառը, որ աշխարհի բոլոր ծագերում, որտեղ հայեր կան, գոյութիւն ունեն նաեւ հայկական կրթօջախներ: Այդպիսի մի հաստատութիւն է նաեւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը: Ընտրեալ, գրաւիչ ու հնչեղ անուանում, որ անընդմէջ հնչում է մօտ 20 տարի: Այն հիմնադրուել է 2000ին:
2010ին, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի օրհնութեամբ նա վերակազմաւորուել է եւ շարունակում է գործել առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց մայր տաճարի հովանի ներքոյ:
Այս տարի «Փոքրիկ Հրեշտակներ» դպրոցը կրկին իր դռներն է բացել հայ երեխաների համար, ուր սովորում են ոչ միայն գրել կարդալ, հայերէն հաղորդակցուել, այլեւ հայ գրականութեան եւ պատմութեան, երգ ու երաժշտութեան շնորհիւ ծանօթանում են հայոց մշակոյթին: Ուշագրաւն այն է, որ դպրոցն առաջնորդւում է Հայաստանի Հանրապետութեան հանրակրթական դպրոցների դասագրքերով եւ ծրագրերով , միեւնոյն ժամանակ առարկաների դասաւանդումը իրականացւում է` Կալիֆորնիայի կողմից սահմանուած լեզուների ուսուցման հիմնական չափորոշիչները հիմք ունենալով: Այս գործընթացում իր մեծ ներդրումն ունի դոկտոր Էլլի Անդրէասեանը, որը ղեկավարում է թեմի գիտակրթական յանձնախմբի աշխատանքները:
Դպրոցի տնօրէն, բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանի եւ եկեղեցու հովիւ , արժանապատիւ տէր Խաժակ քահանայ Շահբազեանի անձնուրաց աշխատանքի շնորհիւ դպրոցն իր ուրոյն տեղն է գրաւում Լոս Անջելեսում գործող հայկական դպրոցների շարքում: Հարկ է նշել, որ 2015ին Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Հայաստանի սփիւռքի նախարարութեան կողմից դպրոցը ճանաչուել է որպէս Սփիւռքի լաւագոյն շաբաթօրեայ վարժարան:
Իւրաքանչիւր ծնողի համար իր երեխան հրեշտակ է, հայ ծնողի համար` առաւելապէս: Իսկ մեր այս կապուտաչեայ, սեւաչեայ, թխահեր ու շիկամազ հրեշտակներին հրեշտակ պահելու համար երկնքից որոշակի յանձնարարութեամբ առաքուած մեծահասակ հրեշտակներ էլ կան, դրանք մեր ուսուցիչներն են, որոնք երկար տարիներ իրենց անմնացորդ նուիրումն են ցուցաբերում` հաւատարիմ իրենց առաքելութեանը` օտար ափերում հայ երեխային հայ պահելու դժուարին գործին: Դպրոցում հմուտ ուսուցիչների միջոցով երեխաները կարողանում են ժամանակի եւ տարածութեան միջով անցնելով` աշխուժացնել մեր պատմական հերոսներին, ծանօթանալ ժամանակաշրջանին, մթնոլորտին, հայոց մշակոյթին, ազգային ինքնութեան գիտակցութեանը: Քանի որ շատ կարեւոր է մարդու հոգեւոր զարգացումը: Դէպի հայ ժողովուրդն ու Հայաստանը կողմնորոշման եւ աշխարհայեացքի ձեւաւորման գործում, բացի լոսանջելեսաբնակ հայերի հետ շփուելուց, դասագրքերից, կարեւոր խթան են նաեւ քննարկուող նիւթին վերաբերող այլեւայլ վաւերագրեր` լուսանկարներ, քարտէզներ, հայ եւ արտասահմանեան նկարիչների ստեղծագործութիւններ եւ այլն: Այս դպրոցն այն ամուր հիմնաշերտն է, որի վրայ ներդաշնակօրէն խարսխւում են 3րդ, 4րդ, յետագայում էլ շարունակելու են գալիք սերունդներին պատկանող հայերը: Ուսուցիչներն իրենց գործն անում են ինքնամոռաց նուիրումով, ինչի շնորհիւ իւրաքանչիւր հայ երեխայ դպրոց է գալիս հաճոյքով ու սիրով:
Կրթօջախում մշտապէս տեղի են ունենում հանդէսներ, մշակութային, ազգային հանդիպումներ: Այդպիսի մի փոքրիկ միջոցառում էլ կազմակերպուեց 2021ի Դեկտեմբերի 19ին: Սկզբում աշակերտների գալիք Նոր տարին շնորհաւորեց դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը, այնուհետեւ առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանն իր օրհնութեամբ եւ գեղեցիկ բարեմաղթանքներով շնորհաւորեց «Փոքրիկ հրեշտակներ»ի գալիք Ամանորը եւ Սուրբ ծնունդը:
Կրթօջախ էին եկել նաեւ Ձմեռ Պապն ու Ձիւնանուշը, որոնք իրենց երգ ու պարով, նուէրներով ամբողջացրին ցերեկոյթը եւ ուրախացրին դպրոցի աշակերտներին: Վերջիններս նրանց դիմաւորեցին ամանորեայ երգերով եւ շնորհակալական խօսքերով:
Այնուհետեւ յաջորդեց ամանորեայ ճաշկերոյթը, որից երեխաներն աւելի շատ ոգեւորուեցին:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ ծնողները, որոնք ուրախութեան ու հպարտութեան զգացումով էին լցուել: Նրանք գիտակցում էին, որ իրենց ներդրումը հէնց այնպէս չի կորչելու եւ սերնդէ սերունդ պահպանուելու է` արեան կանչին հաւատարիմ: Թէ՛ աշակերտները եւ թէ ուսուցչական կազմը որոշ ժամանակով կտրուեցին առօրեայից, գնացին դէպի հրաշք երազների եւ հեքիաթների աշխարհը, որպէսզի նորից կարողանան 2022ի Յունուարի 8ից շարունակել իրենց ազգապահպան եւ հայրենանուէր գործունէութիւնը, որը ճախրելու թեւեր կը տայ թէ՛ ուսուցչական կազմին հայկական ոգին վեհ պահելու, թէ՛ աշակերտներին արժանապատիւ եւ յետագայում հայրենիքի համար պիտանի հայ լինելու գործընթացում:
* Բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ