Զէնքի Փոխադրութիւն
Ծ․Խ.- Վրացեան դարձած է դաշնակցական գործիչ՝ շրջիկ։
Հայ-թաթարական կռիւների ընթացքին Ռոստով-Նախիջեւանն էլ, շրջակայ քաղաքներով, զէնքի հայթայթման աղբիւր էր: Զանազան միջոցներով ձեռք էին բերում զինապահեստներից կամ զօրանոցներից գողացուած հրացաններ, ատրճանակներ կամ փամփուշտ եւ հաւաքում որոշ վայրերում: Այնտեղից զանազան ճանապարհներով եւ գաղտնի միջոցներով փոխադրում էին Կովկաս:
Նալպանտում դեռ մնացել էին զէնքի պահեստներ: Ես նոր էի մտել շրջիկի պարտականութիւնների մէջ, երբ Ոսկանապատի Կենդրոնական կոմիտէից նամակ եկաւ, թէ գալիս է ընկերուհի Սիրանոյշ Շահկելտեանը ապրանքների փոխադրութեան համար, աջակցեցէք նրան: Կենդրոնական կոմիտէն որոշեց, որ ես զբաղուեմ այդ գործով:
Ընկերուհի Սիրանոյշը, առաջին հայեացքից, շատ լուրջ աղջկայ տպաւորութիւն թողեց վրաս: Գրաւիչ արտաքինով, գլխին մազերի ճոխ դէզով, համակրելի դիմագծերով, հարուստ կուրծքով, խօսուն աչքերով, բայց գոց բերանով մէկն էր: Ասում էին ուսանողուհի էր, բայց աւելի վարժուհու էր նման: Երբ աւելի ծանօթացանք, երեւաց, որ բաւական կարդացած էր, գլխաւորապէս ռուսական վէպեր: Երգել էր գիտէր ինքն իրեն համար: Ինչո՞ւ էր յեղափոխական դարձել, այն էլ դաշնակցական, մարտական գործերի մէջ…
Գաղտնիքը ինձ համար մասամբ պարզուեց տարիներ վերջը, ուսանողութեան շրջանում, երբ ծանօթացայ ուսանող ընկեր Հայկ Թորոսեանի հետ, որ մասնակից էր եղել Պաքուի մարտական խմբերին: Սիրանոյշ սիրահարուած էր Հայկի վրայ – այստեղից չէ՞ր արդեօք նրա ռազմա-յեղափոխական ասպարէզը…
Բայց, անկախ դրանից, Սիրանոյշը քաջ աղջիկ էր՝ պաղարիւն, հնարամիտ, անվախ: Պարզուեց, որ արդէն մի քանի անգամ եղել էր Նախիջեւանում եւ զէնքերով բեռնաւորուած վերադարձել Պաքու: Ծանօթ էր շրջանի քաղաքներին եւ բաւական փորձառութիւն ունէր զէնքերի փոխադրութեան եւ գաղտնի գործերի մէջ: Աւա՜ղ, ես նրա հակապատկերն էի՝ բոլորովին խակ եւ անփորձ:
Մի քանի օր անցած Պաքուից երկու աղջիկներ էլ եկան Ոսկանապատի Կենդրոնական կոմիտէի յանձնարարականով, եւ մենք չորսս միասին գնացինք Նովոչերկասկ, Տոնի նահանգի մայրաքաղաքը, Նոր Նախիջեւանից երկաթուղիով մի քանի ժամ անդին: Այստեղ մաուզէր տասնոցներ կային, պատրաստ՝ փոխադրութեան: Սիրանոյշը գիտէր տեղը:
Կայարանից կառքը կէս ժամից մեզ հասցրեց քաղաքի ծայրը եւ կեցաւ մի քնքուշ տնակի առջեւ: Սիրանոյշը արագ թռաւ ներս եւ մի քանի վայրկեանից դուրս եկաւ մի ռուս կնոջ հետ – չորս ձեռքերին՝ չորս կաշիէ պայուսակներ: Կառապանը կատակելով տեղաւորեց «ապրանքը» եւ կէս ժամից մենք նորից կայարանում էինք, առաջին կարգի ճաշարանում, սեղանի շուրջ: Սպասաւոր թաթարը յարգանքով ընդունեց պատուէրը, եւ մենք անցանք ճաշի՝ սպասելով գնացքին վերադառնալու համար մեր տեղը:
Ինձ զարմազրեց Սիրանոյշի եւ միւս աղջիկների պաղարիւնութիւնը: Իրենց պահում էին այնպէս, կարծես հաճոյքի ուղեւորութիւն էին կատարում, եւ իրենց պայուսակներում անմեղ առարկաներ էին դրուած: Կատակում եւ սրախօսում էին կառապանի ու սպասաւորի հետ: Ըստ ժամանակի եւ պահանջի բարձր ծիծաղում էին կամ շշնջալով խօսում: Երբեմն խօսք էին նետում կամ աչքով անում անցնող երիտասարդներին: Մի խօսքով, անհոգ եւ անմեղ ճամբորդներ էին, ուրիշ ոչինչ…
Երբ բեռնակիրը տեղաւորեց գնացքում մեր պայուսակները ու լաւ վարձատրուած՝ պատկառանքով հեռացաւ եւ վայրաշարժը ֆշշալով առաջացաւ, երեւի, լարուած ջղերը տեղի տուին, եւ գրեթէ մինչեւ Ռոստով օրիորդները մնացին լուռ:
Ռոստովում նորից ժիր աշխուժութիւն, կատակ ու սրամտութիւն, զուարճասէր անհոգութիւն: Երկու աղջիկները պէտք է գնացքը փոխէին, Սիրանոյշն ու ես էլ ճանապարհ էինք գնում. Մեր բարեկամուհիները գնում էին Կովկասի հանքային ջրերը պայուսակները լեցուն՝ անհրաժեշտ իրերով…
Երբ Ռոստովի կայարանից վերադառնում էինք Նախիջեւան, ես ուզեցի իմանալ որոշ մանրամասնութիւններ, թէ՝ ինչո՞ւ կառապանը այնպէս քաղաքավարի էր ու սիրալիր, ո՞վ էր այն համեստ տնակի կինը, ինչպէ՞ս էր պատրաստուած պայուսակը եւայլն: Սիրանոյշը հեգնական ժպիտով նայեց երեսիս ու. – Շատ բան որ իմանաք, շուտ կը ծերանաք: Ու մինչեւ իր բնակած տունը, Նոր Նախիջեւանի Սուրբ Աստուածածին թաղում, լուռ մնաց:
Ընդհանուր առմամբ մեզ յանձնուած գործը մենք գլուխ բերինք յաջողութեամբ: Զանազան դէպքեր եւ արկածներ, ի հարկէ, պատահում էին, բայց ոչ մէկ անգամ լուրջ վտանգի չենթարկուեցինք: Մի դէպք, սակայն, արժանի է յիշատակութեան:
Կարծեմ Լուկանսկում էր (քաղաք մը՝ Ուքրանիոյ արեւելքը), պահուած մնացել էին մաուզեր ատրճանակի փամփուշտներ: Ոսկանապատից պահանջել էին շտապով փոխադրել մեր միջոցներով. Պաքուից յատուկ մարդ չէին ուղարկել: Սիրանոյշի հետ պէտք է մեկնէինք երեկոյեան, գիշերը անցընէինք Լուկանսկում, առաւօտեայ գնացքով վերադառնայինք Ռոստով: Եւ սա պիտի լինէր մեր վերջին գործը, այնուհետեւ Սիրանոյշը պիտի վերադառնար Պաքու:
Ճամբորդութիւնը անցաւ սահուն: Առաւօտեան մի անուշավաճառ հայի խանութից ստացանք պատրաստ ապրանքը – երկու մեծ եւ մէկ փոքր ձեռքի պայուսակ – ու կառքով մեկնեցինք կայարան, ուր նոյնպէս ամէն ինչ անցաւ սահուն. երկու մեծ պայուսակները յանձնեցինք բեռնակրին ի պահ, ձեռքի պայուսակը առի մօտս եւ թէյից յետոյ դուրս եկանք զբօսնելու: Գնացքը ուշացել էր. պէտք էր մի կերպ ժամանակ սպանել:
Զրուցելով յետ ու առաջ էինք չափչփում երկար մայթը, կայարանի առջեւ, մէկ էլ Սիրանոյշը շշնջաց.
– Զգոյշ, հրեշտակապետը մեզ է նայում:
Կայարանի մուտքի դրան առջեւ, զանգի տակ, հսկայ հասակով կանգնած էր երկաթուղային ժանտարմը եւ աչքերով հետեւում էր մեզ. Սիրանոյշը սկսեց ինչ որ զուարթ պատմութիւն անել եւ բարձր-բարձր ծիծաղել, ես էլ ծիծաղով պատասխանում էի նրան: Ինչ կար որ. երիտասարդ մի զոյգ գնացքի էր սպասում…
Նզովեալ ձեռքիս պայուսակը ծանր էր, բայց որպէսզի կասկածի ոչ մէկ տեղ չմնար, ես խաղում էի հետը, վեր ու վար շարժում, իբր թէ փետուրի չափ թեթեւ լինէր. թող հրեշտակապետը տեսնի, թէ կասկածելի բաներ չկան մեզ մօտ…
Ու, յանկարծ, երբ անցնում էինք ժանտարմի առջեւից, անզգոյշ մի շարժումիս հետեւանքով, պայուսակը ձեռքիցս ընկաւ, բերանը բացուեց եւ մայթի վրայ թափուեցին տասնոցի փամփուշտները…
Ահաւոր, անորակելի բան պատահեց: Սիրանոյշը սարսափահար՝ փայտացաւ տեղը: Ես, առանց ինձ հաշիւ տալու, մեքենայօրէն կռացայ ու սկսեցի հաւաքել փամփուշտները: Հրեշտակապետը, որսի հոտը առած շան պէս, յուշիկ քայլերով մօտեցաւ, հուժկու ձեռքով բռնեց իմ վզից ու բարձրացրեց:
– Էտօ շտօ, կոլուպչիկ (էս ի՞նչ է, սիրելիս),ասաց մեղմ ձայնով՝ հեգնական հայեացք ուղղելով ինձ:
Առանց մտածելու, թէ ինչ եմ անում, ես մեքենայօրէն նորից կռացայ եւ բաց պայուսակի մէջ դրի առաջուց պատրաստած տասը ռուբլիանոց կարմիր մի թղթադրամ: Ժանտարմը արագ նայեց շուրջը. մարդ չկար. կայարանի առջեւ ամայութիւն էր տիրում: Դրամը ճմռթկեց ձեռքի մէջ ու շտկուելով – մալօ (քիչ է) ասաց ժպտերես:
– Աւելի կ՛ունենաս, պատասխանեցի ես շփոթուած ու հաւաքելով լեցրի պայուսակի մէջ թափուած փամփուշտները: Ժանտարմն էլ ոտքերով օգնում էր ինձ՝ աչքերը պտտցնելով չորս կողմ:
Սիրանոյշը կանգնած էր անշարժ, անհաղորդ, կարծես ներկայ չէր: Հրեշտակապետը առաւ ձեռքիցս պայուսակը եւ գնաց իր տեղը՝ զանգի տակ:
– Տուր, տեսնենք, ասաց նա քմծիծաղով:
Դժուար էր տարբերել՝ ծաղրո՞ւմ էր արդեօք, թէ՝ սպառնում: Մկան վիճակում էի, որ կատուի ճանկն էր ընկել:
Ես մի կարմիր տասնոց էլ պարզեցի: Արագ շարժումով խլեց ձեռքիցս ու նորից.
– Մալօ…
Մի կապոյտ հնգանոց էլ աւելացրի: Գոհունակութեանբ խնդաց:
Ոտքով հրեց պայուսակը եւ ասաց անհոգ.
– Իսկ հիմա գնացէք զբօսնեցէք, մինչեւ որ գնացքը գայ:
Սիրանոյշը դեռ կանգնած էր իր տեղը: Մօտեցայ. վիճակը վիճակ չէր: Հազիւ մի քանի խօսք էինք փոխանակել, երբ հեռուից լսուեց վայրաշարժի սուլոցը: Շտապեցի գտնել բեռնակրին, որ շուտով երեւաց մեր պայուսակների հետ:
Գնացքը հասաւ եւ հեւալով կեցաւ կայարանի առջեւ: Սկսուեց ճամբորդների իրարանցումը: Մեր բարեկամ ժանտարմը փոքրիկ պայուսակս ձեռքին հետեւեց մեզ, Սիրանոյշի թեւից բռնած օգնեց բարձրանալու աստիճաններով եւ պայուսակը յանձնելով՝ ասաց բարձրաձայն.
– Սպոկոմ: Սչաստլիվոկօ պուտի (Աստուած ձեզ հետ: Երջանիկ ճանապարհ): Կարծես ուզում էր հասկացնել շրջապատին, թէ մենք իր բարեկամներն էինք…
Երբ արդէն տեղաւորուած էինք եւ գնացքը շարժուեց, Սիրանոյշը ձեռքերով ծածկեց դէմքը եւ ջղային ցնցումներով ինչ որ բացագանչութիւններ էր անում: Լալի՞ս էր, թէ ծիծաղում: Ե՛ւ լալիս էր, ե՛ւ ծիծաղում: Ազատութեան լաց էր ու ծիծաղ…
Մեր վերջին ճամբորդութիւնն էր ու վերջին հանդիպումը: Սիրանոյշ Շահկելտեանը, եթէ չեմ սխալւում, վերջը զոհ գնաց Պաքուի ջարդին, թուրքերի ձեռքով…