
ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան անգամ մը եւս ահազանգեց սահմանային շրջաններու մէջ ապրող հայութեան ճակատագիրին սպառնացող վտանգին մասին. ան՝ նկար մը տեղադրելով, գրած է հետեւեալը. «Այս տունը Ճակատենի բնակիչ Գէորգ Աւագեանի ընտանիքինն է, իսկ վերեւում՝ սարի վրայ ադրբեջանական զինծառայողների դիտակէտ է. նա զրկուել է ընտանիքի եկամուտից եւ շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական յանցաւոր արարքների պատճառով: Մասնաւորապէս, Սիւնիքի մարզի Ճակատեն գիւղ մեր այսօրուայ այցի ընթացքում տեղեկացանք, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ. երկարութեամբ խողովակաշար են անցկացրել գիւղի մօտակայ բարձունքում գտնուող ջրի ակունքից՝ ծախսելով աւելի քան 2 միլիոն դրամ, սակայն ադրբեջանական զինուած ծառայողների իրաւական որեւէ հիմք չունեցող տեղակայումներից յետոյ վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը: Հիմա մարդիկ ստիպուած են ջրի պաշարը հոգալ գիւղի այլ աղբիւրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարներն չեն բաւականացնում բնակիչներին: Դրանից բացի, Գէորգ Աւագեանն իր մեքենայով տաքսի ծառայութիւն է մատուցում Կապանում: Այս աշխատանքը նրա ընտանիքի եկամտի աղբիւրն է: Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական բացարձակ անհիմն, այսպէս կոչուած, սահմանային ու մաքսային վերահսկողութեան պատճառով չի կարողանում մեկնել իր ամէնօրեայ աշխատանքին: Շրջանցող նոր ճանապարհով հնարաւոր չէ նոյն աշխատանքը կատարել, քանի ճանապարհը յաղթահարելը չափազանց բարդ է, աշխատանքի ժամերով պայմանաւորուած՝ բացարձակ անյարմար եւ այս ամէնն իր աշխատանքը դարձրել են անեկամտաբեր: Մարդը պարզապէս զրկուել է իր եւ ընտանիքի ապրուստը հոգալու հնարաւորութիւնից: Այս նոյն ընտանիքը զրկուել է նաեւ իր արօտավայրերն օգտագործելու հնարաւորութիւնից, քանի որ ադրբեջանական զինուած ուժերը ներկայ են այդ տարածքներում: Փաստերն ակնյայտ են հաստատում, որ ադրբեջանական զինուած կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագայ ամրացումները Հայաստանի գիւղերի անմիջական հարեւանութեամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին չունեն բացարձակ զուրկ են իրաւական հիմնաւորումից: Նրանց արարքները յանցաւոր բնոյթի են, քանի որ միայն խորացնում են մարդկանց իրաւունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կեանքը եւ կատարւում են դիտաւորութեամբ: Այդ կերպ Հայաստանի բնակչութեանը (յատկապէս սահմանային բնակավայրերում) էլ աւելի մեծ մարդկային խնդիրների առաջ են կանգնեցնում»: