Փխրուն եւ կոտրուող եղունգները միայն գեղագիտական խնդիր չէ եւ անխնամ տպաւորութիւնից բացի անդրադարձնում է մարմնի առողջական վիճակը:
Նման խնդիրը վերացնելու համար միշտ անհրաժեշտ է գտնել պատճառը: Մեր խորհուրդներով փորձենք վերացնել ձեր այս մտահոգութիւնը, օգնել վերականգնել եղունգների առողջութիւնն ու գեղեցկութիւնը:
Եղունգների կառուցուածքի վնասման արտաքին պատճառներից կարող է լինել ջրի հետ երկարատեւ շփումը, ջերմաստիճանի յաճախակի փոփոխութիւնը, ուլտրամանուշակագոյն (գերմանիշակագոյն) ճառագայթների ազդեցութիւնը, շփումը քիմիական նիւթերի հետ եւ ձեռքերի ոչ պատշաճ խնամքը կամ եղունգների մեխանիկական վնասուածքը: Վնասուած եղունգների պատճառ կարող է նաեւ ներքին լինել, այսինքն կախուած մարդու առողջական վիճակից եւ ապրելակերպից: Օրինակ` ոչ պատշաճ սննդակարգը, գերբեռնուածութիւնը, վատ սովորութիւնները (ծխելը, ալկոհոլը (ոգելից ըմպելիներ), թմրանիւթերը), սնկային հիւանդութիւնները, էնդոկրին խանգարումները եւ այլն:
Առաջացած խնդրից հնարաւոր է ազատուել միայն դրանց պատճառը վերացնելուց յետոյ (այսինքն` հիմքում ընկած հիւանդութիւնը բուժելով. հրաժարուել վատ սովորութիւններից, կարգաւորելով սնունդը):
Եղունգները խնամելիս աշխատէք չկտրել նրբամաշկը: Այն շատ բարակ շերտ է եղունգների ու մաշկի միջեւ, որը պաշտպանում է մանրէներից: Նոյնիսկ եթէ մի քիչ շատ է աճել, աւելի լաւ է ետ մղել, քան կտրել: Կը տեսնէք, որ այդ դէպքում նրբամաշկն այդքան արագ ու շատ չի աճում:
Խարտէք եղունգները, կտրելու փոխարէն: Լաւագոյն եղանակը նուրբ խարտոցի օգնութեամբ ձեւաւորելն է: Ընտրէք ձեր եղուգների «լաք»ը: Լաքը հանդէս է գալիս որպէս պատնէշ` պահելով խոնաւութիւնը եղունգների ներսում եւ կանխելով վնասակար մանրէների ներթափանցումը:
Մաքրութեամբ զբաղուելիս ձեռնոցներ կրէք:
Եղունգի շերտը ծակոտկէն է․ ամրացնող ու սնուցող իւղերով այն յագեցնելով` կարելի է ձեռք բերել առողջ եղունգներ:
Խուսափէք վնասակար քիմիական նիւթերից:
Խոնաւութեան մակարդակը նոյնպէս շատ կարեւոր է, ուստի շատ ջուր խմէք:
Մեր եղունգների տեսքն արտացոլում է մեր ընդհանուր առողջութիւնը: Եղունգների սպիտակ կէտերը յուշում են ցինկի, իսկ գունատ, բարակ եղունգները` երկաթի պակասի մասին: Առողջ եղունգների հիմնական սնուցիչները սպիտակուցներն են, երկաթը, ցինկը, կալցիումը եւ վիտամին (կենսանիւթ) B12-ը: