
Կոմիտաս Բ.
Որպէս Ուսուցիչ եւ Դաստիարակ
Կոմիտասը մէկ տարի էր, որ վերադարձել էր Գերմանիայից: 1899թ. Յունիսին նա աւարտել էր Պերլինի երաժշտանոցը, ինչպէս նաեւ Պերլինի համալսարանի երաժշտութեան եւ փիլիսոփայութեան դասընթացքը: Նոյն տարուայ Սեպտեմբերից սկսած, երաժշտութեան դասատու էր Ճեմարանում եւ արդէն հիմք էր դրել ճեմարանական նշանաւոր երգչախմբին: Սիրուած էր բոլոր աշակերտների կողմից: Կոմիտասը որպէս ուսուցիչ անգերազանցելի էր: Դասարանում նա իրեն պահում էր լուրջ, երբեմն նոյնիսկ խիստ, թէեւ յաճախ, կատակներով զուարթ տրամադրութիւն էր ստեղծում: Դասը համեմում էր սրախօսութիւններով, բայց երբեք թոյլ չէր տալիս, որ աշակերտները ձեռքից դուրս գան: Երբեմն չէր քաշւում ե՛ւ քանոնը խաղացնել սրա եւ նրա գլխին: Դասը անցնում էր պարզ, յստակ եւ հրապուրիչ: Հաճոյք էր նրան լսելը: Մանաւանդ, երբ խօսում էր հայկական երաժշտութեան, շարականների եւ գեղջկական երգերի ու խաղերի մասին:
Մինչեւ վեցերորդ դասարան, երեք տարի, մեզ դասաւանդեց հայկական եւ եւրոպական երաժշտութիւն: Նմանապէս ե՛ւ միւս դասարաններում: Եւրոպական երաժշտութեան տարերքն էր միայն տալիս – պարզ սկզբունքներ, ձայնանիշերի գիտութիւն եւ ձայնագրութիւն: Աւելի ոյժ էր տալիս հայկական ձայնագրութեան – փօ, է, վէ, բէ, խօ, նէ, պա, փօ: Յաճախ ինքը երգում էր որեւէ շարական կամ ժողովրդական երգ եւ մեզ հերթով, գրատախտակի վրայ, ձայնագրել էր տալիս: Ինքն էլ, սկզբի շրջանում մանաւանդ, առաւելապէս հայկական ձայնանիշերով էր ձայնագրում իր հաւաքած ժողովրդական երգերը: Զարմանալի էր տեսնել, թէ ինչպէս այդ պարզ ձայնանիշերը, իրենց կիսաձայներով ու քառորդ կամ ութներորդ ձայներով, արտայայտում էին ամենանուրբ հնչիւններ:
Երբեմն համեմատութեան կամ կատակի համար, գործ էր ածում հնդկական ձայնանիշեր – սա, րի, կա, մա, պա, տա, նի, սա: Կոմիտասը յարակցութիւն էր գտնում հայկական եւ հնդիկ երաժշտութեան միջեւ: Ընդհակառակը, վրդովումով էր խօսում այն երաժշտագէտների մասին, որոնք հայկական երգեցողութիւնը աղաւաղում էին թրքական մեղեդիներով: Պէտք էր տեսնել նրա ծաղրը – երբեմն եւ զայրոյթը – երբ չափազանցուած կլկլոցներով օրինակներ էր բերում թրքահայ շարականներից, մասնաւորապէս, պոլսեցիների երգելու ձեւերից: Նա ահագին աշխատանք թափեց մաքրելու համար հայ եկեղեցական երգեցողութիւնը օտարամուտ տարրերից, յատկապէս թրքական ազդեցութիւնից:
Բացի դասարանական պաշտօնական ժամերից, Կոմիտասը դուրսն էլ պարապում էր ձայնեղ եւ երաժշտութեան մէջ ընդունակութիւն ցոյց տուող աշակերտների հետ: Ունէր իր սիրելիները, որոնց համար ժամանակ եւ աշխատանք չէր խնայում:
(…)
Տարօրինակ է, Կոմիտասի էջմիածնական աշակերտներից, Սպիրիդոն Մելիքեանի բացառութեամբ, ոչ մէկը նշանաւոր չդարձաւ կեանքում: Այդ տեսակէտից հետագային էլ բախտաւոր չեղաւ Կոմիտասը. Եթէ չհաշուենք Բարսեղ Կանաչեանին եւ մասամբ Վաղարշակ Սարգսեանին, նրա անուան արժանի մէկը կարելի չէ ցոյց տալ իր աշակերտների շարքում:
Եւ հետեւաբար, pro domo sua (իբրեւ կողմակալ հեղինակութիւն) խօսելով՝ ես էլ կարող եմ արդար իրաւունքով հպարտանալ, թէ Կոմիտասի աշակերտ եմ եղել, թէեւ իմ պարագան տարբեր էր: Երբ դասի միջոցին պէտք էր լինում մէկի երգածը ծաղրել, Կոմիտասը ինձ էր օրինակ բերում: Փոքր աչքերը մեղմ սեղմած, հազիւ ծիծաղը զսպելով՝ նա ինձ էր ցոյց տալիս, թէ՝ սրա պէս ես երգում: Այսինքն, այնպէս անշնորհք, որից վատը կարելի չէր երեւակայել…
Բայց վերաբերումը բոլորովին փոխւում էր, երբ խնդիրը գալիս էր ձայնագրութեան: Սա էլ բնութեան տարօրինակ հեգնանքներից մէկն էր. ես որքան անտաղանդ երգիչ էի, նոյնքան էլ յաջող էի ձայնագրութեան մէջ: Այնքա՜ն, որ յաճախ, Կոմիտասը ինձ էր հանում գրատախտակի մօտ սրբագրելու լաւագոյն ձայնագրողների սխալները: Բայց, աւա՜ղ, ես Պէթհովէն չդարձայ կեանքում…:
Մի դէպքում էլ իմ «երաժշտական» տաղանդը երեւան եկաւ իր բովանդակ փայլով: Ճեմարանի երգչախումբը կազմուած էր բացառապէս աշակերտներից, եւ որոշ ձայներ թոյլ էին: Կոմիտասը նեղւում էր առանձնապէս բամբ ձայների տկարութիւնից: Այդ թերին սրբագրելու համար նա Գերմանիայից բերել տուեց չորս սաքսոֆոն – մէկական իւրաքանչիւր չորս ձայների համար:
Երբ պսպղուն գործիքները հասել էին Ճեմարան, մի օր, Կոմիտասը կանչեց ինձ, թէ՝
– Այս սաքսոֆոնը դու պէտք է նուագես:
Զարմանալի էր. ես որ միայն Գայիանէի երգչախումբին էի արժանացել, հիմա պէտք է Կոմիտասի երգչախմբում սաքսոֆոն նուագէի: Որքան զարմանալի, այնքան եւ շոյիչ էր իմ ինքնասիրութեան համար:
Գաղտնիքը սակայն, շուտով պարզուեց եւ ոչ այնքան նպաստաւոր իմ երաժշտական արժանապատուութեան համար: Պարզուեց, որ պասօ սաքսոֆոնը այնքան ծանր էր, որ Կոմիտասը ինձանից զատ յարմար մէկը չէր գտել այդ բեռը վերցնելու: Եւ այդ պատճառով ես էի շալակում այդ վիթխարի գործիքը, որից ելած ձայները երբեմն ջղայնացնում էին Կոմիտասին եւ անվերջ կատակի նիւթ ծառայում ընկերներիս համար:
(…)
Մի ուրիշ դէպքում էլ Կոմիտասը ինձ արժանացրեց իր երգչախմբի անդամութեան պատուին:
Խաչվերացի տօնը Էջմիածնում առանձին հանդիսութեամբ էր կատարւում: Նախատօնակը տեղի էր ունենում վանքի գաւիթում. Մայր տաճարի կողքին, կաթողիկոսի, բոլոր միաբանների եւ ուխտաւորների խուռն բազմութեան ներկայութեամբ: Երգչախումբն էր երգում այդ օր, եւ Կոմիտասը պատուիրեց ինձ, որ ես եւս շապիկ հագնեմ խմբի մէջ: Տարօրինակ էր, որովհետեւ եկեղեցական ծիսակատարութեանց միջոցին սաքսոֆոնը չէր գործածւում: Ի՞նչ պիտի անէի ես երգչախմբում:
Կացութիւնը շուտով պարզուեց: Այդ օրը, ծիսակատարութեան ամբողջ տեւողութեան ընթացքին, դպիրներից մէկը պէտք էր բարձր բռնէր 16 գրուանքանոց (ցորեն չափող աման) արծաթէ մի խաչ: Կոմիտասը գտել էր, որ ես եմ արժանի այդ պատուին: Ուրիշ խօսքով՝ իմ երաժշտական դերը փաստօրէն սահմանափակւում էր բեռնակրութեամբ: Գրեթէ Գայիանէի երգչախմբի անդամութեան հաւասար մի պաշտօն: