Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեանը Նոյեմբերի 5ին եւ 8ին հանդէս է եկել դասախօսութեամբ Ֆլեթչերի իրաւունքի ու դիւանագիտութեան դպրոցում եւ Հարվարդի համալսարանի մարդու իրաւունքների կենտրոնում:
Որպէս ԱՄՆ «Թաֆթս» համալսարանի Ֆլեթչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցի շրջանաւարտ՝ պետական նախարարը հրաւիրուել էր դիւանագիտութեան առաջատար այդ համալսարանը՝ դասախօսութիւն կարդալու ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան աշխարհաքաղաքականութեան վերաբերեալ: Արտակ Բեգլարեանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ապակայունացնող վարք դրսեւորել տարածաշրջանում՝ պարբերաբար խախտելով նաեւ Արցախի բնակչութեան իրաւունքները: Պետական նախարարը կարեւորել է հակամարտութեան արդարացի կարգաւորումը միջազգային իրաւունքի նորմերի, ներառեալ՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի հիման վրայ, որպէսզի հնարաւոր լինի կայուն խաղաղութիւն ապահովել Հարաւային Կովկասում:
Պետական նախարարը եւ իր գլխաւոր խորհրդական Դաւիթ Յակոբեանը ներկայացրել են լայն տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեքստում Հարաւային Կովկասի զարգացումներն ու առկայ միտումները՝ Մերձաւոր Արեւելքում աճող արմատական խմբաւորումներն ու վարքագիծը համարելով համաշխարհային կարգի հանդէպ երկարաժամկէտ վտանգ: Նրանք շեշտադրել են, որ Արցախը 2020 թ. դարձել է նման մարտահրաւէրների գլխաւոր թիրախներից մէկը, որն, իր մեթոդաբանութեան ու ահաբեկչական խմբաւորումների ընդգրկման պատճառով, յղի է շօշափելի վտանգներով նաեւ հեռաւոր տարածաշրջանների համար:
Հարվարդի համալսարանի մարդու իրաւունքների կենտրոնում Արտակ Բեգլարեանը ներկայացրել է 2020 թ. պատերազմի ժամանակ եւ դրա հետեւանքով առաջացած մարդու իրաւունքների հիմնախնդիրները, ադրբեջանական ոճրագործութիւնները հայ ժողովրդի հանդէպ: Նա կարեւորել է միջազգային գիտահետազօտական շրջանակների պատշաճ ուշադրութեան անհրաժեշտութիւնը կատարուած վայրագութիւնների նկատմամբ, ինչը կարող է կանխարգելիչ նշանակութիւն ունենալ տարածաշրջանում եւ աշխարհի այլ հատուածներում մարդու իրաւունքների նմանատիպ խախտումների համար:
ԱՀ Պետական Նախարարի Աշխատակազմի Տեղեկատուութեան Եւ Հասարակայնութեան Հետ Կապերի Բաժին