Կարինէ Դադամեան*
Ռուբէն Ճանպազեանը Թուֆէնքեան բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրէնն է: Ծնունդով Գանատայից է, մի տարի է, ինչ տեղափոխուել է Հայաստան ու Փետրուարից ի վեր աշխատում է Թուֆէնքեան բարեգործական հիմնադրամում:
«Արցախի ժողովրդին օգնելու համար ամենազդեցիկ ձեւը կենտրոնանալն է աշխարհագրական մէկ վայրի վրայ՝ համագործակցելով պատկան մարմինների հետ, եւ պատերազմից յետոյ որոշեցինք, որ այդ վայրը լինի Մարտունու շրջանի Հերհեր ու նրան հարակից գիւղերը։ Նաեւ մեր գործունութիւնը ծաւալում ենք Մարտունի քաղաքում», իրականացուող աշխատանքների մասին մեր հանդիպման ժամանակ ներկայացրել է Ռ. Ճանպազեանը:
Թուֆէնքեան հիմնադրամն իր գործունութիւնը Հայաստանում սկսել է դեռեւս 1999ին, իսկ 2003ից աշխատանքներ է ծավալում նաեւ Արցախում: Ծրագրերի մեծ մասը Քաշաթաղի շրջանում էին իրականացնում: Արցախեան վերջին պատերազմից յետոյ հոգաբարձուների եւ աշխատակազմի հետ համատեղ որոշեցին շարունակել աշխատանքն Արցախում՝ Մարտունու շրջանում: «Քանի այստեղ կայ հայ, քանի գիտենք, որ սա մեր բնիկ հողն է, մենք պիտի լինենք տեղում՝ մեր ժողովրդի կողքին», ասում է Ռ. Ճանպազեանը:

Արդէն հիմնովին վերանորոգուած իններորդ տունն է շահագործման յանձնուել յետպատերազմեան շրջանում, տրամադրւում են կենցաղային օգտագործման տարբեր պարագաներ։ Շահառուները զոհուած, վիրաւոր զինծառայողների, անապահով ընտանիքներն են:
Ընտանիքների ընտրութիւնը կատարում են համագործակցութեամբ պետական տարբեր մարմինների՝ նախարարութիւնների, յանձնաժողովների հետ: Արցախից օգնում են տեղեկութիւններ տրամադրելով, որ կարողանան ճիշդ ու նպատակային օգտագործել միջոցները:
Պատասխանատուի խօսքերով՝ Մարտունու շրջանում շինարարութիւնից բացի, կը շարունակեն բուժկէտերի վերանորոգման աշխատանքները: Դրանք տեղում միակ բուժօգնութիւն ցոյց տուող կէտերն են, որոնք նոյնպէս բարեկարգման կարիք ունեն: Հիմնադրամն իր գործունէութեան սկզբից նաեւ այս ոլորտում է շատ մեծ կենտրոնացում անում:
Նաեւ կրթական համակարգում են աշխատանք ծաւալում՝ դպրոցների վերանորոգում, դպրոցական ծրագրերին օժանդակութիւն…
Վերջերս Մարտունու 29 կրթօջախների նուիրել են տարրալուծարանի սարքաւորումների հաւաքածուներ: Հաւատում են, որ հաւաքածուները կօգնեն սովորողներին փորձառութիւն ձեռք բերել եւ գործնական աշխատանքով սովորել:
Պատերազմը նոյնիսկ գործելաոճը փոխեց. Թուֆէնքեան հիմնադրամը երբեւիցէ սննդի բաշխումներ չի իրականացրել, սակայն յետպատերազմեան շրջանում Հերհերում, Խնուշինակում սնունդ են բաժանել, որովհետեւ համայնքների ղեկավարները որպէս առաջնահերթութիւն դրա մասին են նշել: Որտեղ կարիք կա՝ հնարաւորութեան սահմաններում աջակցում են՝ նուիրատուների նուիրատուութիւններով: «Աշխարհի չորս կողմում մեր նուիրատուներն ունենք՝ Ամերիկայից մինչեւ Եւրոպա, Եւրոպայից մինչեւ Միջին Արեւելք ու Հայաստան: Մեր կողքին են, որովհետեւ հաւատում են մեր աշխատանքին, նաեւ՝ Արցախի մեր աշխատակազմին, որը քաջատեղեակ է տեղի խնդիրներին:

«Մեր շնորհակալութիւնը պիտի յայտնենք Արցախի ժողովրդին: Դժուար է, բայց ինչքան կայ արցախեան ժողովուրդը, հայրենիքում ապրելու կամքը, մենք կը լինենք Արցախի կողքին: Սա մեր մէջքն ուղղելու համար է, որ կարողանանք հայրենիք պահել ու զարգացնել: Այստեղ բոլորս ենք տուժուածի կարգավիճակում: Կարծում եմ՝ դժուարութիւնը ժամանակաւոր է: Մենք կ՛անցնենք նոր՝ տնտեսական, ընկերային զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը», նշեց նա:
Ապագայ ծրագրերին անդրադառնալով՝ յաւելեց, որ բնակարանների եւ առանձնատների վերանորոգումները կը շարունակուեն: Կայ հինգ տուն եւս, որոնց վերանորոգման աշխատանքները ընթացիկ են կամ պիտի սկսուեն, կը շարունակուեն բուժկէտերի վերանորոգումները, կան կրթական ծրագրեր:
«Մարտունու ժողովուրդը դիմադրող ժողովուրդ է ու առաջին անգամ չէ, որ գտնուում է յետպատերազմեան շրջանում: Այո, արդիւնքն այլ է, բայց ուժ կը գտնեն ու առաջ կ՛անցնեն: Պարզապէս ուզում ենք ասել, որ ձեզ հետ ենք, ձեր կողքին, հպարտ ենք ձեզնով: Ցանկանում ենք, որ խաղաղ լինի այս հողը, որ հազարամեայ աւանդը շարունակենք», բարեմաղթեց Ռ. Ճանպազեանը:
*«Ամարաս» թերթի գլխաւոր խմբագիր
(Լուսանկարները՝ «Ամարաս» թերթէն)