ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Տեղ համայնքի ղեկավար Դաւիթ Ղուլունցի, Հայաստանի Սահմանապահ զօրքերու ուղեկալի պետ, փոխգնդապետ Դաւթեանի եւ ռուսական սահմանապահ զօրքերուն կողմէ ձեռնարկուած, համակարգուած եւ նպատակային գործողութիւններուն իբրեւ արդիւնք՝ հակառակորդը վերադարձուց 22 Հոկտեմբերին գողացուած Կոռնիձորի բնակիչին պատկանող 106 ոչխարները: Այս մասին գրուած է Տեղի համայնքապետարանի «Ֆէյսպուք»ի էջին վրայ:
Համայնքապետարանէն յայտնեցին նաեւ, որ վերջերս Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանի կողմէ տարածուած լուրերը այն մասին, որ ատրպէյճանցիները մտան Կոռնիձորի վարչական տարածքը եւ յափշտակեցին, ապատեղեկատուութիւն է:
Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը օրեր առաջ վերծանեց այս մասին տեղւոյն բնակիչներէն իրեն հասած ահազանգին հանգամանքները եւ յայտնեց հետեւեալը. «Հայաստանի քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս յանցագործութեան ահազանգը պէտք է դրուի Ադրբեջանի նկտամամբ մեր պետութեան պահանջների հիմքում միջազգային հարթակներում: Այն կը դրուի նաեւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի զեկոյցների ու պահանջների հիմքում: Մարդկանց պատճառուող առանձնապէս խոշոր չափերի հասնող վնասների հատուցումը կը լինի ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքների ապահովման կարեւոր երաշխիք: Ադրբեջանական զինծառայողների այս յանցաւոր արարքները խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կեանքի, սեփականութեան եւ այլ կենսական իրաւունքները, մարդկանց զրկում են անասնապահութեամբ զբաղուելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից զրկելուն` անվտանգութեան խնդիրներին աւելացնելով ընկերայինը:
Ակնյայտ է, որ բոլոր յանցաւոր ոտնձգութիւնների, մարդկանց իրաւունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբիւրը մէկն է. ադրբեջանական իշխանութիւնների հայատեաց ու թշնամանքի, ցեղային զտումների ու ցեղասպան քաղաքականութիւնը: Ուստի, պէտք է անյապաղ սկսուի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգութեան ապառազմականացուած գօտի ստեղծելու եւ ադրբեջանական զինուած ծառայողներին ՀՀ գիւղերի հարեւանութիւնից, համայնքների միջեւ ճանապարհներից անյապաղ հեռացնելու գործընթաց»: