ԶՐՈՅՑ ՔԱՂԱՔԱԳԷՏ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿԵԱՆԻ ՀԵՏ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանից քաղաքագէտ Էդգար Էլբակեանը, Լոս Անջելեսում գտնուելու օրերին այցելել էր «Ասպարէզ» օրաթերթ, որտեղ եւ զրուցեցինք հայութեան առջեւ ներկայում ծառացած մարտահրաւէրների մասին:
ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Հայաստանի անկախացումից ի վեր, մեր էթնիկ (ցեղախմբային), ազգային, քաղաքական ինքնութեան առանցքներից, այսինքն նաեւ Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնն արդարացնող երեւոյթներից մէկն Արցախն էր, Արցախի դատը, եւ Արցախի տարածքում հայութեան ապրելու քաղաքական իրաւունքի պաշտպանութիւնը: Մինչ պատերազմը, երբ Արցախի հարցը պարբերաբար արծարծւում էր ռազմավարական խօսոյթի մակարդակում, այսինքն, ոչ թէ ինչպէս են բանակցութիւններն ընթանում, կամ ինչպիսին է սոցիալ (ընկերային)- տնտեսական իրավիճակը, այլ աւելի երկարաժամկէտ, եւ Արցախը որպէս մեծ հայութեան ռազմավարական կեանքի մի մաս՝ իմ, գործընկերներիս, մեր համախոհների կողմից միշտ բարձրացւում էր հարցը, որ առանց Արցախի չկայ Հայաստանի քաղաքական ապագայ: Շատ յաճախ, այս հարցն աւելի պարզ ձեւով լայն զանգուածներին տեղ հասցնելու համար օգտագործում էինք Մոնթէի խօսքը, որն այսօր որպէս մարգարէութիւն է հնչում, որ «եթէ կորցնենք Արցախը՝ կը շրջենք մեր պատմութեան վերջին էջը»: Եւ դժբախտաբար, մենք այժմ ասուածի ականատեսն ենք լինում առաջին հայեացքից զարմանալի, բայց նախկինում խիստ կանխատեսելի, թէ ինչպէս է պարտութիւնը բերում այլ տեսակի վնասներ: Եւ հէնց մէկը ինքնութեան անկումն է: Խօսքը Հայաստանի ներսում ինքնութեան ճգնաժամի մասին է, որովհետեւ Հայաստան պետութեան իմաստը հիմնուելու պահից, անշուշտ ինքնիշխանութիւնն էր, անկախութիւնն էր, բայց այդ ամէնը փաթաթուած էր, շաղախուած էր, դրսեւորուած էր Արցախի դատով:
Ինքնութեան ճգնաժամի մէկ այլ դրսեւորումներից է այն, ինչը 90ականներից եղել է, բայց միշտ լուսանցքում է մնացել եւ հիմա ակտիւացել (աշխուժացեր) է՝ կապուած է Ցեղասպանութեան հետ: Գիտենք, թէ 1998-2018 թթ.ին ինչ քաղաքականութիւն է վարուել այս հարցում: Անշուշտ, բացթողումներ եղել են, սակայն ընդհանուր առմամբ մօտեցումն եղել է ազգային ծիրի մէջ, յստակ, որ հայերի հանդէպ իրականացուել է ոճիր եւ հայերն ունեն պահանջներ: Ժամանակային տարբեր շրջաններում գուցէ այդ պահանջների դրսեւորումը, ցեղասպանութեան հարցի կարեւորութիւնն աւել կամ պակաս է եղել՝ կա՛մ Թուրքիայի հետ բանակցութիւններում, կա՛մ անուղղակի շփումներում, բայց հարցը օրակարգից դուրս չի եկել, ինչի ցայտուն վկայութիւններից են 2015 թուականի արարողութիւնները: Այժմ մենք տեսնում ենք, որ ժամանակին լուսանցքաւորուած խօսոյթներն այսօր դարձել են արդիական, մասնաւորապէս մեծ տարածում ունեն ժողովրդի շրջանում, եւ դա հետեւողական քարոզչութեան արդիւնք է, այն է՝ Ցեղասպանութեան փաստացի արդարացումը: Այսինքն, մօտաւորապէս կենցաղային մակարդակի խօսոյթն այն է, որ հայերն էլ էին մեղաւոր, կամ հայերն էին մեղաւոր, որովհետեւ մենք, ռուսների հրահրումով, ապաստամբեցինք Օսմանեան կայսրութեան ներսում, եւ այդ պարագայում ի՞նչ պէտք է աներ Օսմանեան կայսրութիւնը: Սա էութեամբ թուրքական մօտեցում է, համընկնում է այս պահին Հայաստանում ակտիւօրէն տարածուող հակառուսական տրամադրութիւնների հետ: Ստացւում է, որ Ցեղասպանութեան համար մեղաւոր են ոչ թէ թուրքերը, այլ հայերն ու ռուսները, եւ սա ընդհանուր ինքնութեան ճգնաժամի մէկ բաղկացուցիչ մասն է: Նախկինում սա աներեւակայելի կը լինէր, որովհետեւ Ցեղասպանութեան հարցում պահանջատիրութիւնն ընդունուած էր համարել մեր ինքնութեան հիմնասիւններից մէկը, կամ առնուազն մեզ կապող հարցերից մէկը, բայց չկայ Արցախը, չկան նաեւ մնացած յենարանները, որոնք իրենց վրայ կրում էին հայկական ինքնութիւնը:
ԱՐՑԱԽ
Արցախը պատերազմից յետոյ ներկայացնում է ամբողջովին այլ իրականութիւն, բնականաբար եւ ցաւալիօրէն, քան պատերազմից առաջ էր, բայց պէտք է ասենք, որ Արցախը կայ: Հասկանալի է, ջախջախիչ պատերազմը բերում է ընդհանուր անտարբերութիւն, յուսահատութիւն, դժգոհութիւն, եւ ինչ-որ տեղ նաեւ մերժողականութիւն, այսինքն, անգամ եղածը աչքին չի երեւում, սակայն նման մօտեցումը լաւ տեղ չի տանի: Այսինքն, եթէ գոյութիւն ունեցող ինչ-որ նոյնիսկ փոքր բանը չնկատես՝ մի օր դա էլ կը կորցնես: Պէտք է արձանագրենք, որ Արցախը, իր շատ փոքր, խեղճ սահմաններում, այսինքն նախկինի հետ համեմատած՝ մօտ երեսուն տոկոսի սահմաններում, դեռ կայ հայկական պետական վարչութեամբ, որը դէ ֆակտօ (իրողապէս) ընդունւում է նաեւ Ռուսաստանի կողմից:
Արցախի խնդիրները նոյն են, ինչ որ նախապատերազմեան Արցախի խնդիրներն են, նոյնն են, ինչ-որ առհասարակ Հայաստանի խնդիրներն են՝ յատկապէս ժողովրդագրականը, բայց պատերազմից յետոյ աւելացել է նաեւ սուր առումով հոգեբանականը՝ պայմանաւորուած անորոշութեան գործօնով, եւ նաեւ անվտանգայինը: Գուցէ ասեն, որ նախկինում էլ կային այս հարցերը, բայց նախկինում չկար այն անվտանգային խնդիրը, որը կայ հիմա, որովհետեւ նախկինում կար երկիր, որ ունէր սահմաններ, եւ ինքնուրոյնաբար պահում էր դրանք, այսինքն՝ Հայաստանի հետ միասին, որովհետեւ Հայաստանի մաս էր: Հիմա անվտանգային միջավայրն ամբողջովին է փոխուել, եւ ոչ միայն ինքնուրոյնաբար չի պահւում, նաեւ զինուժի շնորհիւ չէ, որ Արցախում այս պահին պահպանւում է խաղաղութիւնը, այլ զուտ տարածաշրջանային, ուժային հաւասարակշռութեան, տարածաշրջանային իրավիճակի շնորհիւ: Նախկինում կար Արաքս գետը հարաւում, հիւսիսում Մռովի լեռնաշղթան էր, եւ միայն արեւելքում սահման էր՝ բայց խրամատաւորուած, այսօր դա չկայ: Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով երթեւեկելիս անծայրածիր անտառներ են, որտեղ ամէն կողմից բաց է, այսինք, չես կարող պատեր կառուցել, եւ միակ բանը, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողութիւնների մեկնարկը կանխում է՝ այս պահին առկայ քաղաքական հաւասարակշռութիւնն է, իսկ նախկինում Ադրբեջանին զսպողը հայկական բանակն էր:
Ականատես ենք նաեւ, որ Հայաստանի իշխանութիւններն Արցախի դատից հրաժարուելու ճանապահին են, անգամ եթէ դեռ ամբողջութեամբ չէ, կարող եմ վստահեցնել, որ Արցախն այս պահին մենակ է՝ համեմատած անցեալի հետ, երբ ամբողջութեամբ կար Երեւանի պետական ներկայութիւնը:
Ին՞չ է պէտք հասկանալ… Մոնթէի խօսքերը արդիական են նաեւ անգամ այս մնացած Արցախի համար: Ճիշd է, Արցախն այլեւս աշխարհագրական սահման չունի Սիւնիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի հետ, բայց այնքանով, որ հայկական լեռնաշխարհում հայկական կղզեակ է՝ հայկական բնակչութեամբ եւ վարչութեամբ, եւ ամէն դէպքում հարցը փակուած չէ, Արցախը շարունակում է իր վրայ բեւեռել Հայաստանի թշնամիների ուժերը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի: Եթէ մենք թողնում ենք Արցախի դատը, Արցախում ապրող հայերին՝ ոչ միայն Արցախն ենք դաւաճանում, այլ նաեւ թշնամուն աւելի արագ ենք մօտեցնում Հայաստանի մնացած հատուածներին:
Յիշենք, որ ժամանակին Ադրբեջանական պետական քարոզչութիւնն ասում էր, որ եթէ հայերը եօթ շրջանից դուրս գան, իրենց լեզուով ասած, այլեւս ոչ մի թշնամութիւն, խնդիր չի լինի: Այսինքն, երբ իրենց ասում էինք, որ իրենք հայատեացութեան եռացող խառնարան են, եւ այդ պարագայում ինչ համակեցութեան մասին կարող է խօսք լինել, իրենք ասում էին, որ այդ ատելութեան պատճառն այն է, որ հայերը «օկուպացրել (գրաւած) են իրենց տարածքները», եւ դուրս գալու դէպքում հարցը կը փակուի: Հիմա, երբ ստացան աւելին քան եօթ շրջան՝ աւելին են պահանջում: Այսինքն, որքան շատ կռնակ ցոյց տաս՝ այնքան շատ են հետեւիցդ գալու: Դրա համար, ո՛չ աշխարհագրօրէն, ո՛չ ռազմական իմաստով Արցախն այլեւս նախկինը չէ, բայց միեւնոյնն է՝ հայակական աշխարհի արեւելեան սահմանն է, եւ Արցախը յանձնել, կորցնել՝ նշանակում է էլ աւելի արագացնել Հայաստանի մահը:
Արցախի ու Հայաստանի միջեւ այսօր յարաբերութիւններն արարողակարգային են, այսինքն, տօների ժամանակ են իրար շնորհաւորում, կամ Արցախից են միայն հնչում շնորհաւորանքներ, եւ կապիտուլեացիայից (անձնատուութենէն) յետոյ հակառակ գործընթացը չկայ, որ Երեւանից պետական այրեր այցելեն Ստեփանակերտ, ինչն ինքնին խօսուն է: Բայց անգամ սա է մանրուք, չեմ վարանի այս բառն օգտագործել, համեմատած այն մեծ խնդրի հետ, այն է՝ Արցախը դուրս է Հայաստանի ռազմավարական կեանքի, ռազմավարական ծրագրաւորման ուղեծրից:
2018 թ.ի իշխանափոխութիւնն երբ տեղի ունեցաւ, արդէն իսկ կային մտահոգութիւններ, որ հնարաւոր է դա բացասական անդրադառնայ Արցախի վրայ, սակայն իշխանութիւնը, իշխանութեան ջատագովները փորձում էին համոզել, թէ իրենք չեն պատրաստւում հրաժարուել Արցախի հարցից: Իրականում, երբ ուսումնասիրում ենք այդ անձանց քաղաքական անցեալը, նրանց հայեացքները, նրանց սոցիալ-քաղաքական ծագումնաբանութիւնը, հասկանում ենք, որ Արցախը նրանց համար օտար օրակարգ էր, եւ նրանք ստիպուած էին այդ օրակարգով խաղալ: Հիմա չկայ այդ օրակարգը, եւ նրանք իրենց զգում են ինչպէս ձուկը ջրում, այսինքն, նրանց համար հնարաւորութիւն է ստեղծուել սահմաններ բացել, առեւտուր անել, թուրքական կապիտալ (դրամախլուխ) ներգրաւել Հայաստանում, օտար կապիտալը շրջանառելով եւ ազգային, հայրենական արտադրանքը դուրս մղելով, զուտ դրա հաշուին հարստանալ, եւ հասկանալի է, որ այսօրինակ կոնֆիգուրացիայի (ուրուագիծի) մէջ Արցախը ոչ մի տեղ չունի: Որովհետեւ Արցախը մեր սուվերեն (գերիշխան) ազգային օրակարգն էր, որը դէմ էր ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի շահերին, եւ հիմա եթէ երկուսի հետ էլ մերձեցում է գնում, ի՞նչ Արցախի մասին է խօսքը:
Այո, հիմա էլ Հայաստանից Արցախին ֆինանսաւորումը շարունակւում է, եւ կարող են ինձ հարցնել, թէ ինչո՛ւ չեմ յիշատակում այդ մասին: Նշում եմ, բայց դա էլ էական չէ, եթէ անգամ Հայաստանի ղեկավարը ամէն օր էլ այցելի Ստեփանակերտ՝ դա էլ էական չի լինի, որովհետեւ ռազմավարութիւնն է այժմ այլ: Արցախը Հայաստանի ռազմավարութեան մէջ չկայ: Դա խոստովանուեց Խծաբերդի դէպքերի ժամանակ՝ յայտարարուեց, որ թող ռուսները տիրութիւն անեն:
ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ

Ցանկացած Սփիւռք կողմնորոշւում է դէպի մայր երկիր, անգամ եթէ այն քաղաքական առումով չկայ, ինչպէս օրինակ ԽՍՀՄ տարիների Հայաստանը: Սփիւռքը հայրենիքի կարիք ունի, ու չլինելու դէպքում էլ կարող է յօրինել: Հէնց Խորհրդային Միութեան ժամանակ էր, որ Սփիւռքում երբեմն յորինւում էր Հայաստանը որպէս աւետեաց երկիր, որտեղ ամէն ինչ շատ լաւ էր: 1991 թուականից յետոյ, երբ իրական շփումներ սկսուեցին եւ իրական Հայաստանի բացայայտումն էլ տեղի ունեցաւ, շատ սփիւռքահայեր հասկացան, որ իրենց պատկերացումները չէին համապատասխանում իրականութեանը, բայց խնդիրը Հայկական Սփիւռքի մէջ չէր:
Հայաստանի խնդիրներից է նաեւ այն, որ այդպէս էլ Սփիւռքի հետ ճիշդ յարաբերուելու, սփիւռքեան քաղաքականութիւնը ճիշդ կառուցելու ձեւեր թերեւս չգտնուեցին: 2008-2018 թուականերին գործում Էր Սփիւռքի նախարարութիւն, որի գործունէութեան արդիւնաւէտութեան մասին հանգամանալից գնահատական չեմ կարող տալ չլինելով Սփիւռքի հարցերով նեղ մասնագէտ, բայց քիչ թէ շատ ծանօթ լինելով այդ տարիների Հայաստանի պետական ինստիտուցիոնալ (կառուցային) կեանքին, կարող եմ վստահաբար ասել, որ արդիւնք գրանցուել է՝ անկախ ծաւալից: Սակայն մենք ականատես եղանք Սփիւռքի նախարարութեան լուծարմանը, եւ այս դէպքում գուցէ կարելի է ասել, որ եթէ նախարարութիւնը չկայ, չի նշանակում, որ Հայաստան-Սփիւռք կապերը չկան, իրականում՝ նշանակում է, որովհետեւ ցանկացած յարաբերութիւն հէնց ինստիտուտների (հիմնարկութիւններու) միջոցով է պահւում: Հարց կարող է ծագել, թէ ինչո՛ւ լուծարուեց նախարարութիւնը, եւ այդ հարցը հիմնականում վերաբերում է պատմաբաններին, քաղաքագէտներին, ու մենք թէեւ բաւական փաստագրական նիւթ չունենք յստակ պնդումներ անելու, բայց եղած տեղեկութիւնները, բանաւոր վկայութիւնները, ինչպէս նաեւ համակարգային վերլուծութիւնները ցոյց են տալիս, որ այդ քայլը՝ հայութիւնը, հայկական աշխարհը թուլացնելու ձեւ էր, որովհետեւ Հայաստանը Սփիւռքով մէկ այլ կշիռ ունի, առանց Սփիւռքի՝ բոլորովին այլ: Հայաստանը Սփիւռքի հետ ճիշդ աշխատելու պարագայում դէպի համաշխարհային ռեսուրսներ, տեխնոլոգիաներ (արհեստագիտութիւններ), ցանցեր այլ մուտք կարող էր ունենալ, առանց Սփիւռքի՝ սահմանափակւում է միայն հայաստանեան առանցքի շուրջ:
Ներկայում, եթէ համաշխարհային մեծ պատկերը դիտենք, ամէնուր պառակտուած է, ամենատարբեր առանցքների շուրջ գժտութիւններ ու ինքնութեան բախումներ կան, եւ սա բնորոշ է Հայաստանին, նաեւ Սփիւռքի առանձին գաղթօջախներին, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին: Սրան գումարւում է նաեւ անվստահութիւնը, որը նոյնպէս մերօրեայ դարաշրջանի համաշխարհային երեւոյթ է, այսինքն, նախկինում, օրինակ, որեւէ պետութիւն կարիք չունէր մարդկանց խրախուսելու, ստիպելու, համոզելու, որ ջրծաղիկի դէմ պատուաստուեն, իսկ քորոնաժահրի շուրջ ստեղծուած այս ճգնաժամը ցոյց է տալիս, որ անվստահութեան մեծ աստիճան կայ աւանդական ինստիտուտների հանդէպ: Հետեւաբար, Սփիւռքն էլ ունի անվստահութիւն Հայաստանի հանդէպ, եւ վերջին պատերազմից յետոյ դա աւելի զօրացաւ, որովհետեւ նաեւ հանգանակութիւնների արդիւնաւէտ եւ թափանցիկ օգտագործման խնդիր եղաւ:
Իմ կարծիքով, այս խնդրի լուծումը քանի որ առկայ ինստիտուցիոնալ մակարդակի վրայ տեսանելի չէ՝ պէտք է լուծուի ներքեւից եկող նախաձեռնութիւնների տեսքով (grassroots): Այսինքն, այն խնդիրը, որ մենք ունենք երկրի ներսում, այն է՝ Հայաստանում կարիք կայ ազգային քաղաքացիական հասարակութեան՝ ազգային դիմագծով, ազգային դասակարգի մարդկանցից բաղկացած, կարծում եմ, որ նոյն մօտեցման կիրառումն էլ անհրաժեշտ է ինչպէս Սփիւռքի ներսում, այնպէս էլ առհասարակ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում:
Լուծումն իմ կարծքիով սա է, եւ խրախուսելի է, որ շատերը զբաղուեն այս հարցով: Ես կարող եմ խօսել մեր՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպութեան անունից: Բացի Հայաստանում իրականացուող կրթալուսաւորչական աշխատանքից, մենք նաեւ Սփիւռքն ենք որպէս գործընկեր տեսնում, եւ Սփիւռքեան տարբեր գաղթօջախներ մեր այցելութիւններն ունեն նոյն լիցքը, նոյն իմաստը, այսինքն՝ գտնել համախոհ մարդկանց Սփիւռքում, Սփիւռքին ներկայացնել իրական իրավիճակը, եւ մեր տեսլականը: Վստահաբար, համատեղ ինստիտուցիոնալ ջանքը կարող է բերել արդիւնքի: Ցաւօք իրավիճակն այնպիսին է, որ կան տարրական հարցեր, որոնք պէտք է սկսենք զրոյից:
Armen Roustamian declaration Armenia Facing physical destruction
position, looking solution WITHOUT TAKING PARTY CONSIDERATIONS,
is VERY WELCOME NEWS. A little late after NOT OBJECTING “2nd
Republic Continuation for 30 years”, instead OF FIRST REPUBLIC,
Founded Aram Manoukian, RESISTED AGAINST BOLSHEVIKS 4 MONTHS
IN SUNIK by K. NEJTEH: without thinking PAN ARMENIAN outside UNITED
organization, saving Armenia FROM POSSIBLE PIT FALLS, STEALTHY
COVERED BY COUNTRY SELLERS, TRY TO ELIMINATE “MELIK FRANGUL
TYPE TRAITORS”. Help to form NOW PAN ARMENIAN CONFERENCE TO
FORM PAN ARMENIAN SHADOW GOVERNMENT WITH ALL SECTIONS:
DIPLOMATIC, ECONOMIC, ARMY, EDUCATION TO TAKE OVER IN CASE OF
“HEAVY PRESSURES TO SIGN TOTAL, PARTIAL. NEW CAPITULATIONS
FORCED BY TURKEY, ACCEPTED BY BOLSHEVIKS, APPLIED BY
INSIDE & OUTSIDE ACCESSORIES SINCE 100 YEARS”. TOTAL NATION
KEPT IN DARK, DISCOURAGED, IS WAITING RESURRECTION MOVE TO
TRY TO SAVE “ARMENIAN PLATEAU FROM TOURAN CHANGE” IT COULD
IF WELL ORGANIZED & FASTER, REALIZING FALLING IS NEAR TO OCCUR !!.