
Եղանակները ցրտել են եւ բոլորս յոգնածութիւն ենք զգում: Տանը թէյ խմելու եւ հեռուստացոյց դիտելու ժամանակն է:
Ինչպէս կանխել տրամադրութեան փոփոխութիւնները եւ բարձրացնել աշխատունակութիւնը: Աշնան յոգնածութեան պատճառը, ըստ բժիշկների բացատրութեան, արեւի ճառագայթների նուազումն է: Այն ազդում է նիւթափոխանակութեան գործընթացների վրայ, պատճառ դառնում երջանկութեան բնական հորմոնների` էնդորֆինների արտադրութեան նուազմանը: Անհրաժեշտ է հնարաւորինս շատ ֆիզիկական վարժանքներ անել, բնութեան մէջ աւելի շատ ժամանակ անցկացնել: Դա հնարաւորութիւն կը տայ խուսափել նաեւ մէկ այլ խնդրից` աշնանային ընկճախտից: Աշնանը սննդի մէջ պէտք է ներառնուած լինեն սպիտակուցներով, B12 վիտամինով (կենսանիւթ) եւ երկաթով հարուստ սննդամթերքներ: Գնումների ժամանակ նախընտրութիւնը տուէք բանանին, ընկոյզին, ցիտրուսային (կիտրոնային) հիւթերին, դառը շոկոլադին (տուրմ), ճարպոտ ձկնատեսակներին:
Տարուայ այս եղանակին բնորոշ են նաեւ վերին շնչուղիների հիւանդութիւնները: Դրան նպաստում է օդի ջերմաստիճանի նուազումը: Վարակները կանխելու պարզագոյն խորհուրդն է` հագնուել եղանակին համապատասխան, խուսափել մարդկանց բազմութիւնից, ձեռքերը աւելի յաճախ լուանալ օճառով եւ պարբերաբար օդափոխել տարածքը:
Տարուայ այս եղանակը յանգեցնում է տարբեր համակարգերի եւ օրգանների հիւանդութիւնների սրացման` աւելի յաճախ արեան անօթների եւ սրտի, մարսողական անցքի եւ յօդերի հիւանդութիւնները: Խելամիտ է նախապէս խորհրդակցել ձեր բժշկի հետ կանխարգելման բժշկական ծրագիր մշակելու համար:
Աշնանային խնդիրներից է նաեւ մաշկի զգայունութեան բարձրացումը: Օդը սովորաբար չորանում է, առաջացնում են T գօտում մաշկի տարածքի ճարպի պարունակութեան աւելացում: Օգտագործէք մաշկը խոնաւեցնող լրացուցիչ միջոցներ: Աշնանը պէտք է չափաւորել ախորժակը, քաշի աւելացումը կանխելու համար: Պէտք է նուազեցնել կարտոֆիլի (գետնախնձոր), քաղցրաւենիքի, մշակուած ալիւրից պատրաստուած հացի, մակարոնի, երշիկի, ճարպոտ կաթնամթերքի օգտագործումը: Սննդակարգի հիանալի յաւելում կը լինի ֆիզիկական մարզանքը: