Խմբ.- Ռուսական դպրոց յաճախելու ընթացքին պատանի Սիմոն Վրացեան կը համակրի Մարիային, մինչ քոյրը՝ Շուշանիկը կը սիրահարուի ռուս հարուստ կալուածատիրոջ մը տղուն՝ Ադամ Կորժեւիչին: Երկուքն ալ սկսած են աւելի ռուսերէն խօսիլ, քան՝ հայերէն:
Զաւակներս Ձեռքէ Կ’երթան
Ռուսերէն էինք մտածում, ռուսերէն արտայայտւում, ռուսերէն էինք ապրում: Մենք՝ երեխաներս, գոհ էինք ու երջանիկ: Ունէինք ամէն բարիք. Լողում էինք առատութեան մէջ:
…Մեր ընտանիքը բարեկամական լայն շրջանակ էր ձեռք բերել – մերձակայ հարուստ կալուածատէրերը եւ շրջակայ գիւղերում ապրող հայ ընտանիքները:
Տիմաշովկայում կային երկու հայ խանութպան ընտանիքներ՝ Սեւեան եւ Խոնդուրեան, որոնց հետ մենք բարեկամական յարաբերութիւն էինք պահում: Նրանց երեխաները հայերէն չէին խօսում, բայց դեռ հայ էին: Ամէն Ծնունդի կամ Զատիկի Եկատերինոդարից (Ekaterinodar, այսօր՝ Գրասնոտար- Krasnodar) գալիս էր հայ քահանայ: Շրջակայ բոլոր հայ ընտանիքները հաւաքւում էին Խոնդուրեանի տունը: Քահանան ժամ էր ասում, մեզ համար անհասկնալի քարոզ խօսում եւ բոլորիս հաղորդութիւն տալիս: Այդ օրը մենք խելօք էինք մնում, որ մեղք չգործենք, իսկ մեծերը քէֆ էին սարքում: Յաջորդ օրը քահանան լիառատ վարձատրուած մեկնում էր, իսկ հիւրերը դեռ մէկ-երկու օր էլ շարունակում էին քէֆը…
Ռուսական ովկիանոսում հողմացրիւ հայկական բեկորները հայութեան հետ շաղկապող միակ ազդակը մնացել էր դրսէն եկող քահանան եւ հաղորդութիւնը: Ժամանակը աւելի եւ աւելի թաղում էր մեզ ռուսացման ալիքներում:
Մայրս սուգի մէջ էր: Չէր կարողանում, չէր ուզում հաշտուել ճակատագրի հետ: Իր զաւակները ձեռքից գնում էին: Յաճախ պատմում էր իրեն հետ պատահած մի դէպք. գարնան թուխսերից մէկի տակը դրել էր բադի մի հաւկիթ: Երբ դուրս էին եկել ձագերը, մայր հաւը չէ նկատել հաւի եւ բադի տարբերութիւնը: Մի օր սակայն, երբ թուխսը իր ձագուկներով շրջապատուած մօտեցել էր գետին, բադիկը յանկարծ նետուել էր ջուրը եւ սկսել լողալ: Հաւը սարսափահար վեր ու վար էր վազել, թեւերը թափ տուել, կչկչացել, բայց բադիկը չէ լսել ու երջանիկ լող է տուել իրեն համար:
Մայրս ծնկները ծեծելով՝ կրկնում էր սրտի մորմոքով.
– Ի՛սկը մեզի նման է, մեր ճիփչաներն ալ (ճուտիկները) ձեռքէ կ՛երթան…
– Ի՞նչ պիտի ըլլայ սա մեր տղոց հալը (վիճակը), հարցնում էր նա հօրս. եո՛խ կ’ըլլան (կ՛անհետանան). Միտք արա՝ ի՞նչ անինք: Քեզի կ՛ասիմ, կ՛իմանա՞ս:
Բայց ի՞նչ կարող էր անել «կ՛իմանաս»ը: Նրա սիրտն էլ ցաւում էր, սակայն, ի՞նչ անէր:
Մայրս նրան հանգիստ չէր թողնում. «Էլլինք-էրթանք գեղ. զաւակներս ձեռքէ կ՛երթան»…
Հեշտ էր ասել ելնենք-երթանք: Տարիների աշխատանքով հազիւ մի կտոր բարեկեցութիւն էր ձեռք բերուած, ինչպէ՞ս կարելի էր ձգել ու հեռանալ: Գիւղ վերադառնալ նորից աղքատութիւն ճաշակելու վտանգո՜վ: Հայրս չէր ուզում լսել կալուածքից հրաժարելու մասին. ինչպէս ուրիշներ, այնպէս եւ մենք կ՛ապրինք: Մեծ է Աստուծոյ զօրութիւնը…

Մայրս էլ հեշտ սրտով չէր, որ մտածում էր գիւղ վերադառնալու մասին: Նա դեռ չէր մոռացել գիւղում քաշած տանջանքները:
* * *
Ես անհամբեր էի, թէ ե՞րբ պիտի վերջանար ամառը, որպէսզի նորից գնամ Մարիայենց տունը: Երազում էի, թէ ինչպէ՞ս պիտի դիմաւորէր ինձ Մարիան, ի՜նչ երջանիկ օրեր պիտի անցընէինք միասին:
Երջանիկ էր եւ Շուշանիկը: Մեզ մօտ յաճախ այցելութեան էր գալիս հարուստ կալուածատէր պան (լեհերէն՝ պարոն) Կորժեւիչը իր երիտասարդ տղու՝ Ադամի հետ: Զուարճասէր ու զուարթախօս մարդ էր պան Կորժեւիչը. Հաճելի էին նրա այցելութիւնները: Բարեկազմ, գեղեցկատեսիլ ու շէնշող տղայ էր Ադամը: Ինչո՞ւ ուրեմն, զարմանալ, որ Ադամն ու Շուշանիկը մտերմանում են: Մտերմութիւնը փոխւում է սիրոյ: Շուշանիկը ինձ խոստովանուեց, որ անտարբեր չէր դէպի երիտասարդ լեհը:
Այժմ մենք աւելի մտերիմ էինք՝ Շուշանիկն ու ես: Մեզ աւելի միացնում էր մեր գաղտնիքը եւ միասին ապագայի ծրագիրներ էինք երազում: Շուշանիկը պիտի դառնար պանի Սուսաննա Կորժեւիչ. Ես պիտի լինէի կազակների օդաման (ղեկավար) Տերենտի Բուհրիեւի փեսան: Մենք երջանիկ էինք:
Երջանիկ չէին սակայն մեր ծնողները: Մօրս սիրտը մղկտում էր: Ճակատը աւելի եւ աւելի ծածկւում էր խիտ կնճիռներով: Ադամ Կորժեւիչի եւ Մարիայի պատմութեանը դեռ ծանօթ չէր, բայց մայրական սիրտը կծկւում էր, երբ տեսնում էր, թէ ինչպէս արագ օտարանում էին իր զաւակները:
– Միտք արա, ա՜յ մարդ, ի՞նչ անինք, աղաչում էր նա հօրս:
Եւ միտք էին անում, բայց ելք չէին գտնում:
– Հարամ ըլլայ մեր կերած հացը, կրկնում էր մայրս արցունքը աչքին: Աւելի աղէկ է գեղը չոր հաց ուտէինք, քաղցած ապրէինք, միայն թէ տղաքս հայ մնային, հայի ժամէ չզրկուէին, հայնակ կալաճի անէին (կալի գործով զբաղէին)…
Մեզ համար անըմբռնելի էր մօրս սուգն ու լացը: Ինչո՞ւ է ուզում, որ անպատճառ հայ մնանք: Ամէնքը ռուս են, հայութիւնից ի՞նչ օգուտ մեզ: Շուշանիկն ու ես՝ մենք արդէն ընտրել էինք մեր ճակատագիրը: Ով ինչ ուզում է ասի, մեր ապագան որոշ էր…: