Ալցհէյմեր հիւանդութեան բազմաթիւ դրսեւորումները հնարաւոր է դանդաղեցնել կամ նոյնիսկ դադարեցնել, եթէ ժամանակին դիմենք բժշկին:
Յիշողութեան որոշ թուլացումը կամ կորուստը բնական է տարեց մարդկանց համար: Հէնց այդ պատճառաբանութեամբ է, որ մենք յաճախ անտեսում ենք Ալցհէյմերի հիւանդութեան զարգացման առաջին նշանը՝ մոռացկոտութիւնը:
Մեծանալով մարդն աւելի շատ ժամանակ եւ ջանք է պահանջում սովորական գործողութիւնները կատարելու համար: Բոլորը կարող են շփոթել սիրելիների անունները: Ալցհէյմերի համախտանիշի դէպքում մարդուն աւելի ու աւելի շատ ժամանակ է պահանջում հարազատի անունը յիշելը, իսկ անյաջողութիւնները նրան շփոթացնում են:
Նուազեցուած կողմնորոշման ունակութիւնը ամենազգուշացնող է, երբ մարդը կորցնում է ճանապարհը եւ սկսում մոլորուել ծանօթ վայրերում: Դրանք բնորոշ են Ալցհէյմերի հիւանդութեանը եւ ոչ մի կապ չունեն տարիքային անուշադրութեան դրսեւորումների հետ:
Բառեր գտնելու հետ կապուած խնդիրները նոյնպէս Ալցհէյմերի հիւանդութեան նշաներից է: Մարդը երկար է կենտրոնանում՝ փորձելով յիշել մոռացուած բառը, երբեմն փոխարէնը սխալ բառերի ընտրութեանն է անցնում եւ նոյնիսկ սեփական բառերը յօրինում: Այս ամէնը կարող է հիւանդութեան սկզբնական փուլի ախտանշան լինել: Սովորական մոռացկոտութեան դէպքում մարդն յիշում է մոռացուած անունը եւ յետագայում դժուարութիւններ չի ունենում:
Ալցհէյմերով հիւանդ մարդը յաճախ է կորցնում իրերը եւ մոռանում ուր է դրել: Եթէ կորցրած իրեր չգտնելը յաճախ է կրկնւում, ապա սա ոչ թէ սովորական մոռացկոտութիւն է, այլ Ալցհէյմերի ախտանշան:
Առօրեայ գործերում դժուարութիւնները նոյնպէս կարող են Ալցհէյմերի ախտանշան լինել: Սովորական մոռացկոտութիւնը մարդուց չի խլում առօրեայ խնդիրների յաղթահարումը` օրինակ նամակների ստուգումն ու վճարումը, ուտեստների պատրաստումը: Սակայն Ալցհէյմերի դէպքում մարդն ի վիճակի չի լինում հոգալ իր առօրեայ կարիքները:
Մի նշում եւս՝ Ալցհէյմերի հիւանդութեան դէպքում հիւանդին դժուար է գիտակցել իր անկարողութիւնները:
Ուշադիր եղէ՛ք ձեր շրջապատի մարդկանց, որպէսզի հնարաւորութիւն ունենաք օգնել նրանց: