ԳԼԵՆԴԷՅԼ․- Օգոստոսի 30ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպեց Գլենդէյլի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտ․ Արմինէ Յակոբեանի, Գլենդէյլի համայնքային քոլեջի նախագահ դոկտ․ Դէյվիդ Վայարի, Գլենդէյլի դպրոցների միացեալ շրջանի կրթական խորհրդի նախագահ Շանթ Սահակեանի եւ Գլենդէյլի դպրոցների կառավարիչ դոկտ․ Վիվիեն Էքչեանի հետ: Դեսպան Բայբուրդեանի նախաձեռնութեամբ կազմակերպուած հանդիպումը տեղի ունեցաւ գլխաւոր հիւպատոսութեան ընդունելութիւնների սրահում:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին Գլենդէյլի համայնքային քոլեջի (GCC), Գլենդէյլի դպրոցների կրթական խորհրդի (GUSD) եւ հայաստանեան բարձրագոյն կրթութեան հաստատութիւնների ու Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարարութեան միջեւ համագործակցութիւն ծաւալելուն վերաբերող հարցեր:
Դեսպանը եւ հանդիպման մասնակիցները պայմանաւորուեցին մշակել Գլենդէյլի համայնքային քոլեջի եւ Հայաստանի բարձրագոյն ուսման հաստատութիւններ միջեւ գործընկերութեան հաստատմանն ուղղուած գործողութիւնների իրականացման ծրագիրը: Բայբուրդեանը տեղեակ պահեց, որ Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) համաձայնութիւն է տուել Գլենդէյլի համայնքային քոլեջի հետ գործընկերութիւն հաստատելու գաղափարին: Իբրեւ շարունակական համագործակցութեան գործիքակազմի առաջին քայլ` քննարկուեց Գլենդէյլի համայնքային քոլեջի ուսանողների համար «ուսումնառութիւն արտասահմանում» ուսումնական ծրագրի մէջ Հայաստանը ներառելու հեռանկարը: Դա ենթադրում է, որ ուսանողները կարող են վարկեր հաւաքել հայաստանեան բարձրագոյն ուսման հաստատութիւններում, մէկ ուսումնական կիսամեակ Երեւանում սովորելով եւ դրանք փոխանցել Գլենդէյլի համայնքային քոլեջ:
Վայարը տեղեկացրեց գլխաւոր հիւպատոսին, որ ներկայումս իր ղեկավարած քոլեջում հայազգի ուսանողների թիւն ամենամեծն է Ամերիկայում` 3600: Դա կազմում է ընդհանուր թուով 12,000 ուսանողների 30 տոկոսը, ինչը հանդիսանում է Հայաստանից դուրս մէկ բարձրագոյն ուսման հաստատութիւնում սովորող ուսանողների ամենամեծ թիւը:
Հանդիպման մասնակիցների հետ դոկտ․ Բայբուրդեանը քննարկեց նաեւ Հայաստանի կրթական ոլորտում համակարգային բարեփոխումների գործին Գլենդէյլի միացեալ կրթական շրջանի կողմից աջակցութիւն ցուցաբերելու հնարաւորութիւնը: Հիւպատոսը պատրաստակամութիւն յայտնեց Գլենդէյլի համայնքային քոլեջի եւ Գլենդէյլի դպրոցների միացեալ շրջանի հայերէն դասընթացներին աջակցել հայերէն դասագրքերով եւ Գլենդէյլի կրթութեան ոլորտի ղեկավարներին հրաւիրեց Հայաստան` համագործակցութեան հեռանկարները Հայաստանի կրթութեան ոլորտի պաշտօնեաների հետ քննարկելու համար:
Քննարկման թեմաներից էր նաեւ Հայաստանի անկախութեան տօնի առիթով Գլենդէյլի համայնքային քոլեջի եւ դպրոցների միացեալ շրջանի կողմից հեռավար միջոցառման կազմակերպումը, ինչպէս նաեւ դեսպան Բայբուրդեանի` դասախօսութեամբ հանդէս գալու առաջարկը:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)