ԵՐԵՒԱՆ.- Օգոստոսի 24ից 26ը դեսպան Թրէյսին Լոռու ու Տաւուշի մարզերում էր: Այցի օրակարգում կանգառներ էին այնպիսի վայրերում, որտեղ աշխատանքներ են իրականացուել ամերիկեան աջակցութեան ծրագրերի շրջանակում: Դեսպանն ուրախ էր, որ հնարաւորութիւն ունի զրուցել տեղական իշխանութիւնների ներկայացուցիչների, աջակցութեան ծրագրերի մեր գործընկերների հետ ու մայրաքաղաքից դուրս լսել հայաստանեան համայնքների ձայնը: «Երեւանը որպէս մայրաքաղաք անչափ կարեւոր նշանակութիւն ունի, սակայն Հայաստանը շատ աւելին է, քան մի քաղաքը: Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարութեան եւ ժողովրդի հետ մեր գործընկերութեամբ: Երեւանից դուրս ուղեւորութիւնը կապերը պահպանելու, նոր ծանօթութիւններ հաստատելու, հայկական հարուստ պատմութիւնն ու մշակոյթն աւելի լաւ ճանաչելու ու արժեւորելու եւ Հայաստանի առաջ այսօր ծառացած մարտահրաւէրների վերաբերեալ աւելի լաւ պատկերացում կազմելու լաւ հնարաւորութիւն է», ասաց դեսպան Թրէյսին:
Դեսպան Թրէյսին Լոռի գնալու ճանապարհին հանդիպում ունեցաւ Տաւուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումեանի հետ եւ այցելեց Աչաջուր՝ ծանօթանալու Միացեալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալութեան հետ գործակցող ընկերութիւններից մէկի աշխատանքներին:
Լոռու մարզում դեսպան Թրէյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրեանի եւ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Կարէն Թռչունեանի հետ այցելեց Սանահինի վանական համալիր, որտեղ յայտարարեց Սանահինի վանական համալիրի արեւելեան հատուածում (Զաքարեան եւ Արղութեան-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարան) իրականացուող մշակութային պահպանութեան աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով դեսպանի մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամի կողմից 192,000 դոլար յաւելեալ նիւթական աջակցութեան յատկացնելու մասին:
2019ին դեսպանութեան կողմից արդէն իսկ յատկացուել էր 100,000 դոլար Սանահինի վանական համալիր առանձին յուշարձանների (Սբ. Յակոբ եկեղեցի, Գրիգոր Տուտէորդու խաչքար-մահարձան եւ Սբ. Յարութիւն եկեղեցի) վերականգնման ու պահպանութեան համար:
Դսեղում դեսպանը այցելեց Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան՝ ծանօթանալով մեծանուն գրողի կեանքին ու գրական գործունէութեանը:
Յաջորդիւ դեսպանը այցելեց Ալավերդիում գործող կաթի վերամշակման կենտրոն, որն աջակցութիւն էր ստացել Ամերիկայից, ապա Թումանեանում հանդիպեց համայնքի ընկերային մարզի աշխատողների ու խոցելի ընտանիքների հետ, իսկ Մարգահովիտում հետաքրքիր զրոյց ունեցաւ երիտասարդների հետ:
(Թղթակցութիւնը՝ Հայաստանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպանատունէն)