Օգոստոսի 14ին առցանց տեղի ունեցաւ Արեւմտեան թեմի հայերէնի ուսուցիչների աւանդական հաւաքը, որին մասնակցեցին 70ից աւելի ուսուցիչներ, տնօրէններ, հայագէտներ: Յոբելեանական 10րդ ժողովը տարբերւում էր նախորդներից նրանով, որ ներկաները ոչ միայն Արեւմտեան, այլեւ Արեւելեան թեմից ու Ռուսաստանից էին:
Հաւաքը բացուեց թեմակալ առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի օրհնութեան խօսքով եւ ընդհանրական աղօթքով:
Աշխատաժողովը կազմակերպել էին Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցների հոգեւոր տեսչութիւնը եւ գիտակրթական յանձնախումբը: Վերջինիս պատասխանատու դոկտ․ Էլլի Անդրէասեանն ամփոփ ներկայացրեց շաբաթօրեայ վարժարանների ձեռքբերումները, կրթական-մանկավարժական խնդիրները: Հոգեւոր տեսուչ Յովհաննէս սրկ․ Գումրույեանը հակիրճ ներկայացրեց օրուայ բանախօսներին, որոնք Հայաստանից էին միացել հաւաքին:
«Հայաստանի ներկայ լեզուավիճակը» թեմայով խօսեց Հայաստանի Լեզուի կոմիտէի նախագահ, պրոֆ․ Դաւիթ Գիւրջինեանը:
«Հայկական կրթական միջավայր. աւանդոյթ եւ հնարաւորութիւններ» թեմայով խօսեց «Սփիւռք» գիտակրթական կենտրոնի տնօրէն, պրոֆ․ Սուրէն Դանիէլեանը:
Բանախօսութիւններն ամփոփուեցին հարց ու պատասխաններով եւ քննարկումներով:
Աշխատաժողովի աւարտին Յովնան սրբազանը գնահատանքի ջերմ խօսք ասաց բանախօսներին եւ մայրենի լեզուի մշակներին` առաջարկելով շարունակել համագործակցութիւնը այլ ձեւաչափերով եւս:
ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ