ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ 2020 թ.ի Նոյեմբերի 9ի լոյս 10ին կնքուած «եռակողմ յայտարարութիւնը» ստորագրուել է «միջազգային պայմանագրային իրաւունքի մի շարք հիմնարար սկզբունքների ու նորմերի կոպիտ խախտումներով, եւ ինչպէս իր բովանդակութեամբ ու քննարկուող հարցերի շրջանակով, այնպէս էլ իրաւական տեսակէտից իրականում ոչ միայն կրակի դադարեցման յայտարարութիւն է, այլ իր մէջ պարունակում է նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման տարրեր», եռակողմ յայտարարութեան իրաւաքաղաքական իր վերլուծութեան մէջ նշում է ԳԱԱ պատմութեան ինստիտուտի Հայկական Հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան պատմութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր Արմէն Մարուքեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ 2020 թ.ի Նոյեմբերի 9ի լոյս 10ին կնքուած փաստաթուղթն ըստ էութեան ի՞նչ բնոյթ ունի:
ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆ.- Ինչ վերաբերւում է փաստաթղթի ստորագրմանը, միջազգային իրաւունքի չափանիշներին դրա համապատասխանելիութեանը, նշել հետեւեալը, որ անկախ այն հանգամանքից, որ ստորագրող կողմերն այն կոչել են յայտարարութիւն, փաստաթղթի ուսումնասիրութիւնը լիովին հիմք է տալիս պնդելու, որ դա իրականում միջազգային պայմանագիր է: 1969 թ.ի միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի կոնվենցիայի երկրորդ յօդուածում յստակ մատնանշուած է, որ անկախ այն հանգամանքից, թէ փաստաթուղթն ինչպէս է անուանակոչւում, եթէ այդ փաստաթղթում, միջազգային իրաւունքի սուբյեկտներ (կողմեր) հանդիսացող պետութիւնների վրայ դրւում են յստակ պարտաւորութիւններ՝ նշանակում է, որ այն միջազգային պայմանագիր է:
Այսինքն, անկախ «յայտարարութիւն» անուանումից, 2020 թ.ի Նոյեմբերի 9ի լոյս 10ին ստորագրուած փաստաթուղթը միջազգային պայմանագիր է: Կարող է հարց ծագել, այդ դէպքում ինչո՞ւ է նման անուանում տրուել, շատ պարզ է այս հարցի պատասխանը: Այս կերպ փորձ է արուել շրջանցել միջազգային պայմանագրի իրաւական ուժի մէջ մտցնելու պարտադիր նախապայմանը, այն է՝ օրէնսդիր մարմնի կողմից դրա վաւերացումը, ինչը, ինչպէս գիտենք տեղի չի ունեցել. ո՛չ Հայաստանի Հանրապետութեան, ո՛չ Ռուսաստանի Դաշնութեան, ո՛չ էլ Ադրբեջանի խորհրդարանները չեն վաւերացրել փաստաթուղթը, հետեւաբար այն, միջազգային իրաւունքի, եւ միջազգային պայմանագրային իրաւունքի տեսակէտից օրինական ուժի մէջ չի էլ մտել: Այդուհանդերձ, դա չի խանգարել կողմերին սկսել իրագործել փաստաթղթի դրոյթները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք յայտարարում էք, որ «եռակողմ յայտարարութիւնը» ստորագրուել է միջազգային պայմանագրային իրաւունքի մի շարք հիմնարար սկզբունքների ու նորմերի կոպիտ խախտումներով: Ո՞ր սկզբունքների մասին է խօսքը:
ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆ.- Բացի նշածս ընթացակարգային խախտումից, թոյլ են տրուել մի շարք այլ խախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են շատ կարեւոր միջազգային պայմանագրային իրաւունքի դրոյթներին: Պայմանագիրը պէտք է լինի այն ստորագրող կողմի ազատ կամարտայայտութիւն, եւ փաստաթուղթը չպէտք է ստորագրուի ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ազդեցութեամբ: Այնինչ, մենք գիտենք, որ Ադրբեջանը հանդէս էր գալիս վերջնագրային դիրքերից, եւ ստիպում էր, որ իր ռազմական նախայարձակման հետեւանքով զաւթուած տարածքներն անպայման ամրագրուեն որեւէ փաստաթղթով՝ հակառակ դէպքում սպառնում էր շարունակել նախայարձակ լինել: Տուեալ դէպքում գործ ունենք Վիեննայի կոնվենցիայի 52րդ յօդուածի խախտման հետ, երբ այս փաստաթղթի ստորագրումը պարտադրուել է հայկական կողմին:
Բացի այդ, գործ ունենք մէկ այլ խախտման հետ, այն է, որ հայկական կողմից փաստաթուղթը ստորագրող անձը բացարձակապէս լիազօրութիւն չի ունեցել այն ստորագրելու: Խօսքը վերաբերում է Արցախի հանրապետութեան տարածքներին՝ Ակնայի, Քարվաճառի, Ջրականի, Կովսականի շրջաններին, որ փոխանցուեցին Ադրբեջանի հսկողութեանը: Այսինքն, տուեալ պարագայում, միջազգային պայմանագրային իրաւունքը նախատեսում է կողմին, ում փաստաթուղթը վերաբերում է՝ անկախ նրա իրաւական կարգավիճակից, այսինքն, տուեալ պարագայում՝ Արցախի ճանաչուած կամ չճանաչուած լինելը բացարձակ ոչ մի նշանակութիւն չունի: Ինչու եմ սա պնդում, որովհետեւ նոյնօրինակ ռազմական գործողութիւնների արդիւնքում, 1994 թուականին ստորագրուել է եռակողմ հրադադար, որի տակ դրուած է նաեւ Արցախի հանրապետութեան գլխաւոր շտաբի պետի ստորագրութիւնը: Այսինքն, եթէ մենք այս ելակէտից ենք մօտենում հարցին, ակնյայտ է, որ անկախ ռազմական գործողութիւններին Հայաստանի մասնակցել չմասնակցելուն, որն ի դէպ, պաշտօնապէս եւ դէ իւրէ (իրաւապէս) ռազմական գործողութիւնների կողմ չի էլ հանդիսացել, Հայաստանը կամ նրա ներկայացուցիչն իրաւունք չունէր Արցախի հանրապետութեան կողմից կամ նրա անունից ստորագրել որեւէ փաստաթուղթ, եթէ չունէր գրաւոր լիազօրում: Արցախի Հանրապետութիւնը, նրա օրինական ընտրուած իշխանութիւնները հայկական կողմից փաստաթուղթը ստորագրող անձին որեւէ լիազօրութիւն չեն տուել այն ստորագրելու:
Ցանկանում եմ ուշադրութիւն հրաւիրել եւս մէկ ուշագրաւ փաստի, որ փաստաթուղթը ստորագրելիս, հայկական կողմից այն ստորագրող անձնը բացակայում էր տեսակոնֆերանսի ժամանակ: Ըստ այդմ, որոշակի խնդիր կայ, թէ ի՞նչ պայմաններում է Հայաստանը ներկայացնող անձը ստորագրել այդ փաստաթուղթը, որովհետեւ նոյն Վիեննայի կոնվենցիան մատնանշում է, որ եթէ փաստաթուղթը ստորագրւում է որեւէ կողմի ներկայացուցչի վրայ բռնութիւն կամ ճնշում գործադրելու պայմաններում, այդ փաստաթուղթը չի կարող ունենալ իրաւական ուժ:
Այս դրոյթների համակցումը մեզ լիարժէք իրաւունք է տալիս պնդելու, որ 2020 թ.ի Նոյեմբերի 9ի լոյս 10ին կնքուած, այսպէս կոչուած յայտարարութիւնը ստորագրուել է միջազգային պայմանագրային իրաւունքի կոնկրետ (յստակ) խախտումներով, հետեւաբար՝ այն օրինական համարուել չի կարող, անգամ չի մտել օրինական կերպով ուժի մէջ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ներկայացրած փաստերը վկայում են, որ խախտուել են նաեւ յայտարարութեան կէտեր:
ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆ.- Փաստաթղթի ստորագրումից յետոյ, երկու կէտերը առնուազն երկու անգամ խախտուել են: Յայտարարութեան հինգերորդ կէտը նախատեսում էր հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկող մոնիթորինգային (հսկողութեան) կենտրոնի ստեղծում, եւ խօսքը ռուսական կենտրոնի մասին էր: Սակայն, փաստաթուղթը ստորագրելուց օրեր անց, ստորագրուեց նախ հռչակագիր, յետոյ նաեւ պայմանագիր, որով այս մոնիթորինգային կենտրոնը դարձաւ ռուս-թուրքական: Այստեղ տարօրինակն ու զարմանալին այն է, որ Ռուսաստանը թոյլ տուեց, որ թուրքերը մասնակցեն մոնիթորինգային կենտրոնի աշխատանքներին այն պարագայում, երբ պատերազմի ընթացքում, ռուս տարբեր բարձրաստիճան պաշտօնեաներ մեղադրում էին Թուրքիային հակամարտութեան գօտի ահաբեկիչներ բերելու համար: Ընդ որում այստեղ իրաւական խնդիր կայ. Ռուսաստանը պէտք է ստանար Հայաստանի գրաւոր համաձայնութիւնը՝ հինգերորդ կէտը վերաձեւակերպելու համար առ այն, որ այդ կենտրոնը պէտք է լինի ոչ թէ ռուսական, այլ՝ ռուս-թուրքական: Նման պաշտօնական դիմում եւ պաշտօնական պատասխան չի ստացուել, սա հինգերորդ կէտի կոպիտ խախտում է:
Անդրադառնամ նաեւ Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերի հետ կապուած ուշագրաւ գործընթացին: Նշուած գիւղերը, որ սկզբնական շրջանում գտնւում էին հայկական կողմի վերահսկողութեան ներքոյ, զարմանալիօրէն, փաստաթուղթը ստորագրելուց յետոյ, երբ ադրբեջանցիները վերսկսեցին ռազմական գործողութիւնները, անցան Ադրբեջանի վերահսկղութեանը, եւ ռուսական կողմը դրանք հանգիստ դուրս թողեց իր վերահսկողութեան գօտուց: Մինչդեռ, փաստաթղթի առաջին յօդուածում գրուած է, որ կողմերը կանգ են առնում այն հատուածներում, որտեղ հրադադարի պահին եղել են, իսկ այդ պահին, այդ գիւղերը վերահսկւում էին հայերի կողմից: Նոյնը կարելի է ասել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների տարածքներից յետ քաշման վերաբերեալ՝ այսպէս կոչուած բանաւոր անհասկանալի պայմանաւորուածութիւնների հիման վրայ: Ի դէպ, սրանք շատ կարեւոր ռազմավարական դիրքեր էին, որոնք ապահովում էին Սիւնիքի անվտանգութիւնը, եւ մենք ականատես եղանք յայտարարութեան առաջին կէտի խախտմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Եռակողմ յայտարարութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ի՞նչ դրոյթներ է պարունակում:
ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆ.- Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակութեանը, նշեմ, որ շատ դէպքերում բխեցուել է նախկին կնքած փաստաթղթերից: Մասնաւորապէս, խօսքը վերաբերում է կոնկրետ տարածքների յանձնմանը: Օրինակ, յայտարարութեան երկրորդ կէտով նախատեսւում էր Ակնայի յանձնումը, ընդ որում, այնպիսի ձեւակերպումներ էին դրուել ոչ միայն Ակնայի, նաեւ՝ Քարվաճառի եւ Լաչինի շրջանի մասով, թէ նշուած շրջանները Հայաստանը վերադարձնում է: Սա նոնսենս է (անհեթեթութիւն է), այսինքն, այս փաստաթղթում պարտադրուել են հակահայկական ձեւակերպումներ, որոնց մեկնաբանութիւնը ադրբեջանական կողմին թոյլ կը տայ դա ներկայացնել, թէ այդ շրջաններն ի սկզբանէ եղել են ադրբեջանական, սակայն բռնազաւթուել են, եւ հիմա վերադարձուեցին: Կարծում եմ, որ հայկական կողմից փաստաթուղթը ստորագրուել է կա՛մ չգիտակցուելով ինչ է ստորագրւում, կամ՝ ճնշման տակ, սպառնալիքի ներքոյ, թէ հակառակ պարագայում ռազմական գործողութիւնները կը վերսկսուեն: Հետեւաբար, բազմաթիւ կէտեր կան, որոնք թոյլ են տալիս ասել, որ հայկական կողմն այս փաստաթղթի կազմելուն կա՛մ չի մասնակցել եւ այն հրամցուել է պատրաստի վիճակում, կա՛մ հայկական կողմի որեւէ առաջարկ հաշուի չի առնուել:
Երբ զուգահեռներ ենք անցկացնում Կազանի փաստաթղթի հետ, որը գաղտնազերծուեց, ուշագրաւ համեմատութիւններ կարող ենք անել, որ օրինակ, Լաչինի միջանցք ասուածը, այդ փաստաթղթով նախատեսուած էր, որ պէտք է ունենայ 15 կմ. լայնութիւն, այնինչ եռակողմ յայտարարութեամբ խօսքը 5 կմ. լայնութեամբ միջանցքի մասին է: Այս համադրութիւնը եւս խօսում է այն մասին, որ յայտարարութիւնը կազմելիս, Կազանի փաստաթղթից վերցուել են ադրբեջանամէտ կէտերը:
Կազանի փաստաթղթում տեղ գտած մէկ այլ կարեւոր ձեւակերպում, որ վերաբերում էր Արցախին ժամանակաւոր կարգավիճակ տալուն, յետագայում՝ հանրաքուէի միջոցով կարգավիճակը որոշելուն, դուրս է մնացել յայտարարութիւնից: Ադրբեջանի նախագահը յոխորտում էր, որ ոչ մի կարգավիճակի հարց չի լինելու, եւ սա եւս վկայութիւն է առ այն, որ գործ ունենք նախապատրաստուած եւ հրամցուած փաստաթղթի հետ, որտեղ այս կէտերը պարզապէս դուրս էին մղուել:
Այսինքն, մենք գործ ունենք մի հակաօրինական, հակաիրաւական, միջազգային պայմանագրային իրաւունքը կոպտօրէն ոտնահարող գործընթացի հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայկական շահերն անտեսող եւ մեր իրաւունքներն ոտնահարող այս փաստաթուղթը վիճարկելու հնարաւորութիւն կա՞յ:
ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆ.- Կարծում եմ, որ երբ աւելի բարենպաստ իրավիճակ ստեղծուի Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների համար, հայութեան իրաւունքները կոպտօրէն ոտնահարող այս գործընթացները պէտք է վիճարկուեն միջազգային դատական ատեաններում: Արցախի Հանրապետութիւնը, միջազգային իրաւունքի սուբյեկտի կարգավիճակ ստանալու պարագայում, կարծում եմ, որ լիարժէք կարող է վիճարկել այս փաստաթղթի օրինականութիւնը միջազգային դատական ատեաններում, նաեւ՝ Հայաստանի ներպետական օրէնսդրութեան շրջանակներում, որովհետեւ գործ ունենք իրաւունքի բազմաթիւ խախտումների հետ, եւ հետեւաբար միջազգային իրաւունքի տեսակէտից կան հնարաւորութիւններ արդարութիւնը եւ խախտուած իրաւունքները վերականգնելու առումով:
Վերջում, կը ցանկանայի ասել, որ շնորհակալ ենք մեր ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից, նաեւ այսօր՝ Հայաստանի Հանրապետութեան որոշ սահմանային հատուածները պահելու համար, սակայն կարծում եմ, որ պէտք է մեր դաշնակցի հետ անկեղծ խօսենք, մատնանշենք մեր մտահոգութիւնները, այն բոլոր դրուագները, որոնց մասին խօսեցի: Կարծում եմ, որ Ռուսաստանն աւելի յարգալից կը վերաբերուի մեզ, եթէ հասկանայ, որ գիտակցում, հասկանում եւ պատկերացնում ենք, թէ ինչպէս, ինչ պայմաններում, եւ ինչ նպատակով է ստորագրուել այս փաստաթուղթը: Հակառակ պարագայում, երբ քո նկատմամբ ցանկացած խախտման, նուաստացման, դրուագներին վերաբերւում ես սովորականի նման՝ դա լինելու է շարունակական գործընթաց: Եթէ ինքդ քո իրաւունքները չես պաշտպանում, ոչ ոք պարտաւոր չէ դա քո փոխարէն անել:
Տեղեկանք.- Արմէն Մարուքեանի՝ «Լեռնային Ղարաբաղում Կրակի Դադարեցման Մասին 2020 թ.ի Նոյեմբերի 9ի Լոյս 10ի «Եռակողմ Յայտարարութեան» Իրաւաքաղաքական Վերլուծութիւնը» լոյս է տեսել «Բանբեր Հայագիտութեան» միջազգային գիտական հանդէսի 2021թ.ի առաջին համարում: