Արամ Սարգսեան
Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերի յանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա) խիստ մտահոգ է Արցախի դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմից յետոյ հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով եւ մասնաւորապէս այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ եւ յարձակումներ գործել Հայաստանի վրայ:
«Արմէնպրէս»ի հարցմանն ի պատասխան, կոնգրեսականը ասել է, որ անթոյլատրելի է Միացեալ Նահանգների կողմից սպառազինութեան մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարեւանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունեց Փալոնի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խօսքով, պատասխանատուութեան է ենթարկում Ալիեւի վարչակարգին` ցոյց տալով, որ Ամերիկա աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրայ:
«Այժմ, առաւել քան երբեւէ, մենք պէտք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարութեան յետագայ ամրապնդմանն ու աջակցութեանը: Ահա թէ ինչու ես հպարտութեամբ միացայ իմ գործընկերների նախաձեռնութեանը` առաջարկելով վերջերս ընդունուած Փալոնի ուղղումը», յայտարարել է Շիֆը` ընդգծելով, որ ինքը մի՛շտ կը լինի Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին:
Անդրադառնալով նախագահ Ջօ Բայդենի այս տարուայ ապրիլքսանչորսեան ուղերձին` Շիֆը ասել է, որ նախագահ Բայդենի որոշումը՝ Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու մասին, պատմական իրադարձութիւն էր իր հազարաւոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների եւ ամբողջ երկրի հայութեան համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում եւ աղօթում էին ճանաչման համար:
«Ես շատ ոգեւորուած էի նրանից, որ այդ յայտարարութիւնը արուեց այն ժամանակ, երբ դեռեւս կան ցեղասպանութիւնից փրկուածներ, որոնք ողջ են եւ կարող են վկայութիւն տալ»,- ասել է Շիֆը:
Շիֆը Միացեալ Նահանգներում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ջատագովներից է եւ հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամը: Նա Ներկայացուցիչների պալատի` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին 296րդ բանաձեւի համահեղինակն է:
2019ին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնութեամբ, իսկ Ծերակոյտը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւեր: 2021ի Ապրիլի 24ին, «Հայոց յիշատակի օրուայ» առիթով արուած յայտարարութեան մէջ, նախագահ Ջօ Բայդենը կիրառել է «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը:
2021ի Յուլիսի 28ին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի յանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փալոնի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022ի ամավարկով նախատեսուած արտաքին օգնութեան մէջ փոփոխութիւններ անելու եւ Ադրբեջանին ֆինանսական եւ ռազմամարզական աջակցութեան տեսքով յատկացուող ռազմական օգնութիւնը սահմանափակելու մասին:
Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ասել է, որ Փալոնի ուղղումը Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիեւին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացեալ Նահանգների հետ այնպէս, ինչպէս սովոր էր նախկինում:
«Արմէնփրէս»