ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլեան» բժշկական կեդրոնի արդէն նախկին տնօրէն Արմէն Չարչեանի նկատմամբ խափանման միջոց բանտարկութիւնը փոխարինուեցաւ 15 միլիոն դրամ գրաւով եւ չհեռանալու ստորագրութեամբ: Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանը որոշումը հրապարակեց 21 Յուլիսին:
Նոր խափանման միջոցին վերաբեռող գործողութիւնները կատարելէ անմիջապէս ետք, Չարչեան ազատ արձակուեցաւ:
«Իմ` կալանքի տակ չմնալու գերակայ շահը Հայաստանի քաղաքացիների առողջութիւնն է: Ես մի ամիս է` կալանքի տակ եմ: Ես իւրաքանչիւր ամիս կատարում եմ 20-30 բարդագոյն վիրահատութիւն, որը միւսները չեն կարողանում անել, եթէ անգամ անում են, ապա ոչ այն որակով, ինչ` ես: Ամսական ես 200-250 վիրահատութիւն եմ կառավարում, վերահսկում այն բոլոր կլինիկաներում (դարմանատուներու մէջ), որոնք ես եմ ստեղծել եւ որոնցում իմ աշակերտներն են աշխատում: Մի ամիս անգործութեան մատնուելով` ես դա չեմ արել: Մի ամիս 200-250 քաղաքացի զրկուած է եղել բարդագոյն վիրահատութիւնների` բարձրագոյն ձեւով կատարման հնարաւորութիւնից, 500-550 քաղաքացի զրկուած է եղել բարձրակարգ կոնսուլտացիա (բժշկական խորհրդակցութիւն) ստանալու հնարաւորութիւնից: Դա է գերակայ շահը, յարգելի՛ դատարան», օր մը առաջ դատարանին առջեւ ըսաւ Չարչեան: