ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Թւում է, թէ վեց ամսուայ ծառայութիւնը քիչ է՝ գրելու 19ամեայ զինուորի մասին, որ դպրոցի աւարտական դասարանում, 18 տարեկանում արդէն որոշել էր ծառայել ամերիկեան զինուած ուժերի բանակում։
Սակայն այստեղ հարցը ժամանակը չէ։ Երիտասարդ Ռաֆայէլի՝ Միացեալ Նահանգներում ապրող հայ երիտասարդի ամերիկեան զինուոր դառնալու յանդուգն այս որոշումը օրինակելի երեւոյթ է հայաշխարհի համար, պատերազմում հազարաւոր երիտասարդ կեանքեր զոհ տուած հայրենիքի համար։
Նա սիրում է օրէնքը, ու փնտռում էր մի մասնագիտութիւն, որով կարող էր օգտակար լինել իր շրջապատին։
Եւ՝ զինուորական ծառայութիւնից արձակուրդի վերադարձած Ռաֆայէլ Վաղարշակի Երուանդեանը պատմում է մեզ.
«Ծնուել եմ Երեւանում, 2002 թուականին։ 4 տարեկան էի, երբ փոխադրուեցինք Ամերիկա։ Յաջորդաբար աւարտեցի John Murre Elementary, Roosevelt Middle, Glendale High դպրոցները»։
Մինչ այդ, մեզ հետ նստած մայրիկը ընդմիջում է մեզ եւ ասում, որ մինչեւ հիմա զարմացած է, թէ ինչպէ՞ս «բամպակների մէջ մեծացրած» իր որդին որոշեց ընտրել այդ ճանապարհը։
Մայրը խորհուրդ էր տալիս դառնալ բժիշկ, ատամնաբոյժ, հայրը ասում էր՝ մասնագիտացիր ռադիոտեխնիկայի ոլորտում։
Սակայն Ռաֆայէլը պատմում է. «Ես չլսեցի ոչ մէկին։ Չէի հաւանում նրանց առաջարկած մասնագիտութիւնները։ Նայում էի ընկերներիս՝ նրանք ուրախ չէին իրենց դասերով, գործերով։ Նայում եւ տեսնում էի, որ մարդկանց կեանքում կան հաշիւներ, պէտք են ծանօթութիւններ. ձանձրալի էր ամէն ինչ։ Ընդունուեցի աշխատանքի John’s Market հանրախանութում, քովիդի համաճարակի օրերն էին։ Մենէյջերները հրամայում էին, պարտադրում էին։ Հազիւ դիմացայ 10 օր եւ այլեւս չգնացի։ Մտածում էի հետեւել հոգեբանութեան։ Շարունակում էինք քննարկել այս հարցերը, սակայն Glendale High-ի աւարտական քննութիւնները յանձնելու ժամանակ արդէն որոշել էի, որ պիտի գնամ զինուորական ծառայութեան։ Հետաքրքրուել էի, գիտէի որ դժուարութիւնները շատ են, սակայն այս ձեւով էի ուզում օգնել մարդկանց։ Նաեւ այս ծայայութիւնից յետոյ կարող էի ընդունուել Ոստիկանական ակադեմիա (Police Academy)»։
Դիւրին ճանապարհ չէր ընտրել Ռաֆայէլը։
Իսկ ինչպէ՜ս էր նա կարողանում մաքուր արեւելահայերէնով պատմել, բացատրել այդ ճանապարհը, իր ապրած հոգեվիճակները՝ ուղղակի անհաւատալի էր։ Դարձեալ շարունակում ենք ներկայացնել նրա խօսքերը.
«Ամէն մարդ ունի աշխարհը դիտելու իր ձեւը։ Հոգեպէս դժուար է ծառայութեան մէջ։ Չգիտեմ, թէ իմ դպրոցական ընկերները կը դիմանայի՞ն այս փորձութիւններին։ Ես զինուորների կրտսեր խմբի մէջ եմ։ Կային մինչեւ 30 տարեկաններ։ Մեր խմբում կար 60 հոգի, եւ բոլորս էլ նոյն դժուարութիւնների միջով էինք անցնում։ Եթէ մէկը սխալուեց, 60նն էլ կրում էին նոյն պատիժը։ Մի օր մեզ դրեցին CS գազով լեցուած սենեակում, հակագազերը հանուած, շարեցին պատերի տակ։ Պիտի կարողանայինք որոշուած ժամանակամիջոցում դիմադրել այդ գազին՝ գլուխը բարձր, աչքերը բաց, կանգնած շնչելով, թէկուզ դժուար։ Ղեկավարները չեն նայում ուժեղ ես, թոյլ ես, ուզում են քեզ կոտրելով հասցնել նշուած նպատակին։

«Նաեւ, ծառայութեան ընթացքում, խմբային գործողութիւններով բոլորին դարձնում են մէկ անձ, սովորեցնում են գործել միասին եւ իմանալ, թէ որքան կարեւոր է ընկերութիւնը եւ համագործակցութիւնը։
«Շատ դժուար էր վերջին քննութիւնը։ Քայլել էինք 16 մղոն, 50-60 փաունտ բեռը շալակած մեր մէջքին։ Խմբով մնացել էինք անտառում եւ ապա վերադարձել մեր սենեակները։ Կային տղաներ, որոնց ոտքերի տակի մաշկը համարեայ կեղուուած էր։ Սակայն բոլորս էլ ուրախ էինք, որ նոյն դժուարութիւնը տարել էինք միասին։
«Ծառայութեան ընթացքում ղեկավարութիւնը մրցոյթներ էր կազմակերպում, ուրախանում էինք մեր խմբերի յաղթանակներով։ Իսկ աւտոբուսով գնալը եւ երաժշտութիւն լսելը մեզ համար վայելք էր, որովհետեւ չունէինք ուրիշ հաճոյքներ։
Կարող էինք նամակներ գրել մեր ծնողներին։ Ես գրում էի ուրախ բաների մասին, դժուարութիւնները թողնում էի ինձ, սակայն չէի կարողանում զսպել կարօտս։ Իսկ ղեկավարութիւնը իրաւունք ունէր նաեւ պահելու մեր նամակները. կարօտը պէտք չէ իշխեր, պէտք էր մտածել միայն ծառայութեան մասին»։
Եւ այսպէս, Ռաֆայէլ Երուանդեանը իր ծառայութիւնից 3 ամիս անց ստանում է զինուորի կոչում, իսկ 6 ամիս յետոյ ստանում է նախապէս իր ցանկութեամբ ընտրած եւ այդ պատրաստութիւնն անցկացրած առաջնագծի զինուորի նշանը՝ իր ուսին զետեղուած կապոյտ հիւսուածքով։ Հանդիսաւոր արարողութեան ընթացքում այդ խորհրդանշանը պէտք է դներ զինուորի որոշած անձը, եւ Ռաֆայէլը ընտրում է հօրը՝ Վաղարշակին, ով ծառայել էր խորհրդային բանակում։
Արձակուրդից վերադարձից յետոյ, մի քանի հարիւր զինուորների խմբից ընտրուած ընկերներով Ռաֆայէլը մեկնելու է Գերմանիա՝ կատարելագործելու եւ խորացնելու առաջնագծի զինուորի գիտելիքները, 3 տարի տեւողութեամբ։ Այս ծառայութեան ժամանակ էլ սպասւում են նոր փորձութիւններ, որոնք սակայն հարթելու են զինուորական աւելի բարձր կոչումներ ստանալու ճանապարհը՝ կախուած այդ ընթացքում ձեռք բերած յառաջխաղացումներից։
Ունէինք նաեւ արդէն վարժութիւն դարձած մի հարց եւս՝ հայ կա՞ր քեզ հետ։
Այո՝ կար։ Նոյն մասնաշէնքում չի եղել, սակայն 500 զինուորների անունների յայտարարման ժամանակ հնչել են՝ Երուանդեան, նաեւ՝ Զատիկեան։
Իսկ ամփոփող հարցն էր՝ կարելի՞ է աւելի հմտանալուց յետոյ քո զինուորական հմտութիւնը փոխանցել հայկական ռազմական ուժերում։ Ռաֆայէլը պատրաստ է ծառայելու նաեւ հայրենիքում, եթէ նրան ընդունեն։ Նա հիացած է այստեղի կարգ ու կանոնով, զինուորական ծառայութեան ընձեռած առաջընթացով, նաեւ զինուորի նկատմամբ ցուցաբերուած յարգանքով։
Երբ արձակուրդի համար օդանաւով վերադառնում էր տուն՝ Գլենդել, որպէս ամերիկեան բանակին ծառայող զինուոր, Ռաֆայէլ Երուանդեանն արժանանում է յատուկ ուշադրութեան եւ վերաբերմունքի օդանաւի անձնակազմի կողմից։ Այս մարդկային ազնիւ մօտեցումը եւս պարտաւորեցնում է զինուորին ծառայել իր ապրած երկրի բանակին, իսկ առաւել եւս, եթէ դա լինէր հայրենիքի բանակը…