2021 թուականի Յունիսի 22ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դաւթեանի օրհնութեամբ եւ բարեմաղթանքով՝ «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) հանրային նախաձեռնութեան շրջանակներում, կայացաւ առցանց հանդիպում նախագծի համաֆինանսաւորող IDeA հիմնադրամի եւ «Աւրորա» բարեգործական նախագծի համանախագահ Ռուբէն Վարդանեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին հոգեւորականներ, մտաւորականներ, հասարակական կազմակերպութիւնների ղեկավարներ:
Հանդիպման նպատակը «Ապագայ Հայկականը» նախագծի քննարկումն էր թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագիծը ներառում է այն 15 կէտերը, որոնք ուրուագծում են մինչեւ 2041 թուականը Հայաստան-Արցախ -Սփիւռք եռամիասնութեան զարգացման, Հայաստանի եւ հայկականի հզօրացմանն ուղղուած ծրագրային ուղղութիւնները:
Առցանց հանդիպումն ընթացաւ հարց ու պատասխանի ձեւաչափով: Յատկանշական է, որ այն մեկնարկեց երախտագիտութեան խօսքերով՝ ուղղուած Ռուբէն Վարդանեանին եւ նրա համագործակիցներին, ում ֆինանսաւորմամբ Թբիլիսիի «Սուրբ Գէորգ» առաջնորդանիստ եկեղեցում իրականացուեց մասշտաբային հիմնանորոգում:
Այնուհետեւ «Ապագայ Հայկականը» նախագծի համաֆինանսաւորողը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀում նորերս տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, Արցախեան պատերազմին, մայր հայրենիքի տնտեսական, մշակութային, կրթական համակարգի եւ միւս ոլորտների զարգացման հեռանկարներին եւ նախագծի իրականցմանը համայն հայութեան ներուժի ընդգրկմանը:
Ռուբէն Վարդանեանը խոստացաւ մօտ ժամանակներս ժամանել Թբիլիսի եւ հանդիպում ունենալ թբիլիսահայ համայնքի հետ։ Առցանց հանդիպումը վարում էր հասարակական գործիչ Լեւոն Չիդիլեանը:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ