ԳԼԵՆԴԷՅԼ.- Մայիսի 21ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Կալիֆորիայի նահանգային խորհրդարանի անդամ, խորհրդարանական մեծամասնութեան փոխառաջնորդ Ջեսի Գեբրիէլի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին Հայաստան-Քալիֆորնիա համագործակցութեան օրակարգի հարցեր: Գլխաւոր հիւպատոսն իր գնահատանքի խօսքն ասաց Ջեսի Գեբրիէլին` Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի Հայկական օրէնդրական խմբի աշխատանքներին մաս կազմելու համար: Դեսպան Բայբուրդեանը տեղեկացրեց Գեբրիէլին հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգութիւնների եւ ներթափանցումների մասին: Նա նաեւ իր երախտագիտութիւնը յայտնեց Կալիֆորնիայի խորհրդարանականին` իր շարունակական աջակցութեան համար:
Գեբրիէլը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ է 2018 թուականից: Նա հանդիսանում է Կալիֆորնիայի օրէնսդիր մարմնի Հրէական խորհրդարանական խմբի ղեկավարը: Անդամակցում է խորհրդարանի հինգ յանձնաժողովների եւ ղեկավարում է Սան Ֆերնանդօ հովտի Աշխատանքի եւ նորարարութիւնների յատուկ յանձնաժողովը: