Արամ Աւետիսեան
Ամերիկեան հեղինակաւոր The New York Times թերթը օրերս կրկին անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան հարցին իր «Օրուայ Դասը» խորագրի հերթական թողարկման շրջանակում: Սա թերթի երկրորդ անդրադարձն է Հայոց Ցեղասպանութեանը այս խորագրի ներքոյ: Առաջին անգամ այն հրապարակուել էր 2015ի Ապրիլի 16ին ու նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին:
Դասանիւթը, ըստ թերթի, հնարաւորութիւն է ընձեռնում տեղեկանալ նախագահ Ջօ Բայդենի «ցեղասպանութիւն» եզրոյթը օգտագործելու որոշման մասին, ծանօթանալ թերթի` այս թեմայի շուրջ արխիւներին 1915ից ի վեր, տեղեկանալ, թէ ինչու է այսօր Ամերիկան փոխել իր քաղաքականութիւնն այս հարցի վերաբերեալ եւ ինչ է նշանակում այս հարցում ամերիկեան վարչակազմի քաղաքական ուղեգծի փոփոխութիւնը:
Going Further հատուածում խմբագրութիւնն առաջարկում է մի շարք գաղափարներ յետագայ հետազօտութիւնների համար: Դրանք են` Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ The New York Times-ի արխիւների ուսումնասիրութիւնը, կիրառուող եզրոյթի ընտրութիւնն ու ցեղասպանութիւնը մոռացութեան տալու վտանգների մասին խորհելը:
Արխիւների ուսումնասիրութեան ընթացքում The New York Times-ն առաջարկում է ծանօթանալ 1915-1917ի իր աւելի քան տասը հրապարակումներին` նուիրուած Օսմանեան կայսրութեան տարածքում հայերի բնաջնջմանը, որոնք հնարաւորութիւն կը տան խորանալու Հայոց Ցեղասպանութեան պատճառների ու հետեւանքների հարցում, ծանօթանալու The New York Times-ի աղբիւրներին ու տեղի ունեցած աղէտի ծաւալներին:
Եզրոյթի կիրառման հարցում թերթն ընդգծում է դրա կարեւորութիւնը: Անդրադառնալով Թուրքիային` այն յիշեցնում է, որ այսօր Անկարան չի ժխտում, որ հազարաւոր հայեր սպաննուել են Օսմանեան կայսրութեան փլուզման ժամանակ, իսկ Թուրքիայի նախագահը Ցեղասպանութիւնը որակել է որպէս «տեղահանութիւն` մէկ անգամ էլ այն որակելով «ողջամիտ» այդ ժամանակահատուածի համար: Թերթը տեղեկացնում է, որ մինչեւ 2004 թուականը New York Times-ը պաշտօնապէս չէր օգտագործում «ցեղասպանութիւն» եզրոյթը 1915ին հայերի հետ կատարուածը նկարագրելու համար` փոխարէնը օգտագործելով «ողբերգութիւն» կամ «թուրքական ջարդեր» արտայայտութիւնները: Որքանո՞վ է կարեւոր «ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառումը եւ ինչո՞վ է պայմանաւորուած այդ կարեւորութիւնը: Այս եւ նմանատիպ այլ հարցերի շուրջ թերթն առաջարկում է անցկացնել քննարկումներ:
Ցեղասպանութիւնը մոռացութեան տալու վտանգների շուրջ քննարկման գաղափարի պարագայում թերթն առաջարկում է անդրադառնալ նաեւ դպրոցներում այս հարցը դասաւանդելու անհրաժեշտութեանը, ինչպէս նաեւ Ցեղասպանութիւնը մոռացութեան մատնելու կամ ժխտելու հետեւանքներին: The New York Times-ը շեշտում է` եղել են ժամանակներ, երբ Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եղել է կամ անօրինական կամ վտանգաւոր: Այն յիշատակում է հայ լրագրող Հրանտ Դինքի գործունէութիւնը Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման ուղղութեամբ` յիշեցնելով, որ 2007ին Ստամբուլում Դինքը սպաննուել է ծայրայեղ ազգայնականների կողմից:
Ընդհանուր առմամբ ուսուցողական բնոյթ կրող համառօտ այս անդրադարձը կարող է օգտակար լինել նաեւ բարձրագոյն դպրոցի սաների ու համալսարանների ուսանողների համար: Հրապարակմանը կից The New York Times-ը ներկայացրել է կարճ մի տեսանիւթ, որն ընդհանուր պատկերացում է տալիս Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդրի մասին:
«Ամերիկայի Ձայն»