ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Միանգամայն ճիշդ՝ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ պահանջատիրական կարգախօսով սկիզբ առաւ համազգային շարժումը`1965ին, համայն հայութեան մայրաքաղաք Երեւանում: Զարմանալիօրէն, շատ արագ մոռացուեց այդ հիմնական կարգախօսը եւ առաջնային դարձաւ թուրքին ճանաչել տալու Մեծ Եղեռնի, Հայոց Ցեղասպանութեան փաստը:
Հայաստանի մտաւորականութիւնը շատ լաւ հասկանում էր, որ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ կարգախօսով պայքարի ելլելը կարող էր վնասել հենց իրեն՝ Հայաստանին: Ռուսը երբեք թոյլ չէր տայ հայերին հողային պահանջ ներկայացնել Թուրքիային: Դա միայն ինքը կարող էր անել: Հայաստանն ո՞վ էր որ, որպէսզի նա հայի համար թուրքի խաթրին կպչէր: Միայն ինքնուրոյն, անկախ պետութիւններն իրաւունք ունեն հողային, տարածքային պահանջ ներկայացնել հարեւան երկրին:
Իսկ Հայաստանը անկախ չէր ու երկու տարուայ անկախութիւնից յետոյ դարձել էր խորհրդային հզօր պետութեան կողմից զաւթուած հանրապետութիւններից մէկը: Ու դրանից յետոյ էր, որ խորհրդային իշխանութիւնը թքած ունենալով Ամերիկայի նախագահ Ուիլսընի կողմից Սեւրի միջազգային համաժողովում հաստատուած՝ Հայաստանի նոր քարտէզի վրայ, թուրքերի հետ «ալիշ-վերիշ» անելով իրար մէջ արեցին Հայաստանին պատկանող 100 հազար քառ. կմ. տարածութիւն՝ իր մէջ առնելով Լեռնային Ղարաբաղը:
Միջազգային իրաւունքի տեսակէտից Հայաստանը 70 տարի չի եղել ինքնուրոյն պետութիւն, ասել է, թէ նա չէր կարող որեւէ փաստաթղթի տակ ստորագրել: Դա կարող էր անել վերջին 30 տարուայ ընթացքին, եթէ, ի հարկէ ռուսը թոյլ տար մեզ միջազգային ատեաններում ապացուցել Կարսի պայմանագրի անօրէն լինելը:
Որպէս անկախ պետութիւն, այս տարի մենք կորցրինք լաւագոյն առիթը Ուիլսընեան պայմանագրի 100ամեակի մասին լայն աշխատանք ծաւալել: Ազերին եւ թուրքը լաւագոյնս ընտրել էին Արցախեան պատերազմի սկիզբը, որպէսզի մենք հնարաւորութիւն չունենայինք բարձրաձայնել մեր հայրենիքի համար չափազանց կարեւոր ու առանցքային հարցը: Թէեւ, պիտի խոստովանել, որ պատերազմից առաջ էլ ձէն-ծպտուն չի եղել իշխանութիւնների կողմից: Այստեղ արդէն իր մեղքի մեծ բաժինն ունի նախորդ վարչապետ Սերժ Սարգսեանը, որը ժամանակին բարձրաձայնել էր, թէ Հայաստանը հողային-տարածքային պահանջ չունի Թուրքիայից:
Սակայն ամէն մի հակակշիռ ուժի առկայութեան, մենք պարտաւոր էինք հեռատես լինել ու շարունակել պայքարը՝ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ կարգախօսով, հաւատալով, որ ոչինչ մնայուն ու յաւերժական չէ, որ օրերից մի օր Հայաստանը կարող է անկախանալ ու իրաւական, բոլորիդ յայտնի Ուիլսընեան իրաւարար վճռով տիրանալ մեր իրաւունքներին:
Եւ, իսկապէս էլ, եկաւ այդ օրը, Հայաստանի Անկախութեան օրը: Աստուածահաճոյ մի նուէր, որի իրական արժէքը 30 տարի անց այդպէս էլ չհասկացան մեր բոլոր վարչապետները: Փոխանակ նոր երկիր կառուցելու, ամրացնելու նորածիլ պետութեան հիմերը, ստեղծելու ժամանակակից զէնքերով հզօր բանակ, ընկան երկիրը եւ ժողովրդին թալանելու ետեւից: Իսկ 100ամեայ Ուիլսընեան պայմանագրի մասին պետական, կառավարական ոչ մի խօսք ու արտայայտութիւն չերեւաց ոչ մամուլում եւ ոչ էլ հաղորդում եղաւ հեռատեսիլով:
Մինչ մենք խօսում ենք 1915ի Ցեղասպանութեան ճանաչման մասին, մոռանում ենք, որ այսօր էլ է շարունակւում Ցեղասպանութիւնը, ու վիճակն այնպիսին է, որ ոչ միայն ուժ չունենք մի փշուր չակերտաւոր Արցախի Հանրապետութիւն պահելու, այլեւ վտանգի տակ ենք դրել մեր հայրենիքի գոյութիւնը, լինել չլինելը:
Դէ արի ու այս պայմաններում կրկին հարց բարձրացրու Հայոց Ցեղասպանութեան մասին, երբ Բաքւում յատուկ այգի-պուրակ է բացուել, ուր ցուցադրուած են ազերիների եւ թուրքերի կողմից հայերի նոր ցեղասպանութիւնը վկայող փաստեր: Ինչպիսի ցինիկ, սահմռկեցուցիչ «հերոսութիւն»:
Նոյն այդ օրերին, Հայաստանի Կոտայքի շրջանի Աբովեան քաղաքում տեղի է ունենում «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանի որդու՝ դարի ամէնայիշարժան հարսանիքը՝ Հայաստանի, արտերկրի 1700 հիւրերի, մեծաթիւ հայրենական եւ արտասահմանեան արուեստագէտների ներկայութեամբ:
40 րոպէ տեւող շքեղ հրավառութիւնը խախտում է ողջ տարածաշրջանի անդորրը: Ո՞վ կարող է ձայն հանել: Ամէն մարդ գիտի, որ դրամը, փողը Ծառուկեանի համար արժէք չէ, այլ միջոց՝ սեփական ԵՍի ցուցադրման համար: Գութ, յարգանք պիտի ունենալ հազարաւոր մեռեալների հարազատների առջեւ. չէ՞ որ Կոտայքի շրջանից էլ կան զոհուած հերոսներ: Պարզապէս ԱՄՕԹ է, ԱՄՕԹ:
Ոգեւորուած նման շռայլ, շքեղ հիւրասիրութիւնից ու ջրի նման հոսող թանկարժէք հայկական կոնեակից արբեցած ԲՀական Միքայէլ Մելքոնեանը լորձնաշուրթն բղաւում է. «Յաջորդ վարչապետի ընտրութիւնը կատարել Գագիկ Ծառուկեանի օգտին, որովհետեւ նա լայն ճանաչում ունի աշխարհում եւ մեծապէս կարող է օգնել Հայաստանին»:
Անկեղծ ասած, ես ժամանակին մտածել եմ այդ մասին ու սպասել այս օրուան, որ հիմնականում միայն հացիւ ապրող իր համակիրները մեզ կը կանգնեցնեն նման փաստի առջեւ: Ինչեւէ, սպասենք տեսնենք:
Այս օրերին մեր վարչապետը յորդորում է մեղմ արտայայտուել այդ բորենի ցեղի դէմ ու հաշտ ու խաղաղ ապրել նրանց հարեւանութեամբ: Յարգանք, պատկառանք պիտի ունենալ սեփական ազգիդ նկատմամբ այդպիսի ցնորամիտ մտայնութիւն առաջարկ անելու համար:
Հինգ ամիս է անցել Արցախեան հիմնական պատերազմից ու այն շարունակւում է կառավարական կուլիսներում: Գերեվարուած մեր հարիւրաւոր նորաթուխ 18-20 տարեկան զինուորները անլուր կոտտանքների են ենթարկւում Բաքուի բանտերում եւ մենք, որպէս անկախ պետութիւն, չենք կարողանում նրանց հայրենիք վերադարձնել: Հոգեկան ցաւից ու վշտից կորացած ծնողներն էլ յոյսները դրել են ստրկամիտ Փաշինեանի վրայ, առանց հասկանալու, որ նա ուժ չունի, անկարող է ինքնուրոյն որոշումներ կայացնել: Իսկ ահա Պուտինը՝ խնդրեմ, կարող է գրիչի մէկ հարուածով հարցը լուծել: Իսկ վերջինս ոչ մի քայլ չի անում այդ ուղղութեամբ, որպէսզի Ալիեւը պատանդ պահած հայ գերիներին փոխանակի Ստեփանակերտի եւ կամ Հայաստանի որեւէ այլ տարածքի հետ (Գորիսի շրջա՞ն):
Պահանջատիրութեան պայքարը յաջողութեամբ պսակելու լաւագոյն ձեւը Մեծ Եղեռնի արդիւնքում որբացած, օրհնուած մայրիկիս հետեւեալ խօսքերն են. «Կ՛ուզե՞ս յաղթել թշնամիիդ, ուրեմն գործածէ նոյն զէնքը»:
Մենք ոչ միայն նոյն զէնքը չենք օգտագործել, այլեւ՝ ոչ մէկ տեսակ զէնք ենք գործածել պատասխան հարուած տալու թէ՛ ազերիին եւ թէ թուրքին: Ահա քանի տարի է անցել հայ սպայ Գուրգէնի Հունգարիոյ մէջ ազերի Սաֆարովի կողմից գազանային սպանութիւնից յետոյ, բայց առ այսօր դրա պատասխանը չենք տուել: Նոյնը՝ Հրանտ Դինքի պարագային: Ահա քանի տարի է Թուրքիոյ դատարանը դեռ յանցագործներ «կը փնտռէ»: Սրանից աւելի նուաստացուցիչ պարագայ չի եղել հայ ժողովրդի պատմութեան մէջ: Ի՞նչ եղաւ մեզ, ո՞վ խլեց մեզնից վրէժխնդրութեան ոգին: Ինչպէ՞ս պատահեց, որ այսքան տկար եւ ստորնաքարշ եղան մեր երկրի տէրերը: Ո՞ւր են Եանիկեաններն ու «Ասալա»ի տղաքը, Համբիկ Սասունեանը, Մոնթէն՝ Ֆրէզնոյէն ու Լիզպոնի տղաքը, որոնց աւելացան Պօղոս Պօղոսեանն ու Հաց Արթուրը:
Հաւանաբար ճիշդ էր ասում օրհնուած մայրիկս. «Թշնամիիդ հետ պիտի կռուիս նոյն զէնքով, թէ՛ իրական կռուի պահուն, թէ՛ կեանքի, եւ թէ կենցաղի մէջ»:
Ուրեմն՝ ի զէն: Ոչ մի հաշտութիւն թուրք-ազերիի հետ, այլ միայն Վրէժ: Նրանց երբեք չի կարելի վստահել: Ով էլ որ լինի նոր վարչապետը, նրանից պիտի պահանջել ի գին ամէն զոհողութեան զինել բանակը նորագոյն արհեստագիտութեամբ, յոյսը երբեք չդնել Պուտինի վրայ, մանաւանդ, որ նա մշտապէս դէմ է եղել Հայաստանի հզօրացմանը: Կարծում եմ գալիք վարչապետը սեփական աթոռը պահելու սիրոյն յաւելավճար չի տայ Ազգային ժողովի անդամներին եւ չի կրկնապատկի ոստիկանների աշխատավարձը ու այդ ամբողջ դրամը կը յատկացնի բանակի զօրացմանը:
Հզօր երկիր ունենալուց յետոյ է, որ կը կարողանանք լիաթոք բղաւել. ու պահանջել` ՎԵՐԱԴԱՐՁՐԷՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ, ՄԵՐ ՎԵՀԱՆԻՍՏ ԱՐԱՐԱՏԸ: