Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի (vemjournal.org) 2021ի առաջին համարը, բաւականին մեծ` 375 էջ ծաւալով, ինչը կապուած է երկու կարեւոր իրադարձութիւնների` 1921ի Մարտի 16 (18)ի Մոսկուայի պայմանագրի եւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի՝ 1921ի Մարտի 15ի արդարահատոյց գործողութեան 100ամեակների առիթով վերլուծական ու փաստաթղթային նիւթերի խոշոր փաթեթների տպագրութեան հետ:
Իւրաքանչիւրին յատկացուած մօտ 50-55 էջերը թոյլ են տուել պրոֆ. Արարատ Մ. Յակոբեանին` իրականացնելու Մոսկուայի պայմանագրի վերաբերեալ մեր հասարակութեանը յուզող շուրջ 12 վիճելի հարցերի սպառիչ քննութիւնը: Իսկ Երուանդ Գ. Փամբուկեանը նոր բացայայտումներ է արել արդարահատոյց գործողութեան վերաբերեալ` Սողոմոն Թեհլիրեանի «Վերյիշումներ»ի տպագրութեան ընթացքում «Յուսաբեր»ի խմբագրութեան եւ Կասաբլանկայում գտնուող հայ վրիժառուի 1951-1953ի նամակների համեմատութեան միջոցով: Մեր վաստակաշատ ընկերոջ ուշադրութիւնից չի վրիպել այն իրողութիւնը, որ «Վերյիշումներ»ի պրակների փոխանակութեան ժամանակ Ս. Թեհլիրեանի ձեռագրով կատարուած ուղղումների մի մասն անտեսուել է, ուստիեւ առաջ են եկել անհամապատասխանութիւններ, որոնք պէտք է շտկուեն յաջորդ տպագրութիւններում: Այս մանրակրկիտ աղբիւրագիտական աշխատանքը թոյլ է տուել պարզել անգամ գործողութեան պահի (Ս. Թեհլիրեանի բնորոշմամբ` «սատկելու վայրկեան»ի) նկարագրութեան մէջ «Վերյիշումներ»ի տպագիր օրինակում առկայ թերութիւնները:
Գիտագործնական կարեւոր նշանակութիւն ունի երիտասարդ մշակութաբան Արմինէ Հ. Տիգրանեանի կողմից արցախահայութեան ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան իրաւական քայլերի ուսումնասիրութիւնը: Հեղինակը ներկայացրել է միջազգային իրաւունքի այն նորմերն ու դրանք ամփոփող յստակ փաստաթղթերը, որոնց միջոցով առաջիկայում պէտք է ծաւալուի մեր պայքարը` արցախահայութեան իրաւունքների վերականգնման համար:
Երիտասարդ պատմագէտ Գէորգ Ա. Ճաղարեանը շարունակել է Թոմաս Քարլայլի «Հերոսների, հերոսապաշտութեան եւ պատմութեան մէջ հերոսականի մասին» կոթողային աշխատութեան քննութիւնը, ինչը բացայայտում է հերոսականութեան մեր ընկալման ակունքներում առկայ այն գաղափարները, որոնք շոտլանդացի մեծ պատմագէտից ժամանակին վերցրել է ՀՅԴ հիմնադիրներից Սիմոն Զաւարեանը, իսկ նրանից էլ իր աշակերտը` Գարեգին Նժդեհը: Հերոսների տիպաբանութեան` ժամանակի ու միջավայրի հետ ունեցած խորքային կապի մասին Քարլայլի բացայայտումները խիստ արդիական են Արցախի վերջին պատերազմից յետոյ ուժի եւ ուժի գործօնի մասին մեր ներկայ հայեացքների վերաքննութեան համար: Քանզի մեր կուսակցութեան հիմնադիրներն առաջնորդուել են շատ աւելի լայն ու գիտականօրէն հիմնաւորուած հայեցակարգով` Քարլայլի դրոյթներով:
Այս համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ հրապարակումներ: