ԲՐԻՒՍԵԼ.- Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ առցանց համաժողով Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահուող անձանց վերաբերեալ: Քննարկուեցին խնդրի իրաւական եւ քաղաքական երեսները: Համաժողովի բանախօսներն էին՝ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը, Եւրոպական խորհրդարանում Հարաւային Կովկասի հետ յարաբերութիւնների հարցերով պատուիրակութեան ղեկավար, պատգամաւոր Մարինա Կալիւրանդը եւ Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը: Պատերազմի հրադադարի յայտարարութիւնից անցել է հինգ ամիս, սակայն չնայած բոլոր ռազմագերիներին եւ այլ պահուող անձանց վերադարձնելու Ադրբեջանի պարտաւորութեանը` այդ երկրում դեռեւս առնուազն 188 հայ ռազմագերի է պահւում:
Իր խօսքում,Էւինեանը շեշտեց, որ պատերազմի աւարտից ամիսներ անց հայ ռազմագերիներին անազատութեան մէջ պահելը Ադրբեջանի կողմից պատերազմը հոգեբանական տեսանկիւնից երկարացնելուն ուղղուած քայլ է: «Սա պատերազմի կործանարար հետեւանքների շարունակութիւնն է: Մարդ արարածին, անգամ եթէ նա անազատութեան մէջ է, չի կարելի օգտագործել որպէս քաղաքական առեւտրի առարկայ` նորանոր օգուտներ կորզելու համար», ասաց Էւինեանը:
«Եւրոպայում կառավարութիւնների լռութիւնն այնպիսի մարդասիրական խնդրի վերաբերեալ, յուսահատեցնող է Եւրոպայի սփիւռքահայութեան համար եւ, ըստ էութեան, իւրաքանչիւրի համար, ով մտահոգուած է այս խնդրով եւ ընդհանրապէս կարեւորում է մարդկային արժանապատուութիւնը», շարունակելով խօսքը` մանրամասնեց Էւինեանը:
«Եւրոպան կարող է եւ պէտք է անի աւելին` նաեւ յանուն սեփական վստահելիութեան, հզօրութեան եւ կենսունակութեան: Մենք լիայոյս ենք, որ Եւրոպական խորհրդարանը վերջապէս կ՛արտայայտի իր դիրքորոշումը հայ գերիների վերաբերեալ եւ կոչ կ՛անի Ադրբեջանին անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ այլ պահուող անձանց», եզրափակեց Էւինեանը:
Ֆուրլասը, որը նաեւ Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահն է, իր խօսքում նշեց. «Անյայտ կորածների եւ գերիների ողբերգութիւնը, ինչից 1974ից ի վեր տուժել է Կիպրոսը, չպէտք է կրկնուի Արցախում: Միջազգային հանրութիւնը պէտք է ապահովի բոլոր գերիների անյապաղ վերադարձը»:
Համաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ Ադրբեջանի կողմից պահուող անձանց անազատութեան ենթարկելը եւ խոշտանգելը ռազմական յանցագործութիւն է, քանի որ, համաձայն 1949ի ժընեւեան համաձայնութեան, նրանք բոլորն էլ իրաւական առումով ռազմագերիներ են: Կոպտօրէն խախտելով մարդու իրաւունքների հիմնական սկզբունքները` Ադրբեջանն օգտագործում է այս չափազանց զգայուն մարդասիրական հարցը` քաղաքական օգուտներ կորզելու նպատակով:
Նշենք, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին:
«Հայ գերիների ճակատագիրը Ադրբեջանում» խորագրով այս համաժողովը տեղի ունեցաւ առցանց ձեւաչափով:
(Քաղուած ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի թղթակցութենէն)