ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- ՀՅԴ Գերագոյն մարմինի անդամ Արթուր Խաչատրեան, անդրադառնալով 1 Ապրիլին խորհրդարանին կողմէ ընդունուած «Հայաստանի ընտրական օրէնսգիրք» սահմանադրական օրէնքին մէջ փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու վերաբերող օրէնքի նախագիծին, որմով վերցուեցաւ վարկաշային ընտրակարգը եւ ներդրուեցաւ փակ համամասնականը՝ յայտնեց, որ փակ համամասնական ընտրակարգով ընտրութիւններ կատարելը իշխանութիւններուն ձեռնտու է:
«Պարզ է, որ վարչապետն ու իր քաղաքական խմբակը փորձում են ամէն ինչ անել, որպէսզի առաւելութիւն ստանան միւս քաղաքական ուժերի նկատմամբ, ինչպէս որ ինքն արեց 2018ին, որովհետեւ միայն ինքը գիտէր ընտրութիւնների օրը, մնացածը չգիտեն, այդ նոյն շղթայի մի օղակն է դատական իշխանութեան բռնատիրութեամբ իրեն ենթարկելու փորձերը, ՏԻՄերում ղեկավարներ նշանակելը, պետական միջոցներով քարոզարշաւ կազմակերպելը` ինչ տեղի ունեցաւ, երբ Արմաւիրի մարզում վարչապետը յայտարարեց, որ գիւղերից մէկում ասֆալտ են անելու: Սա ի՞նչ է, եթէ ոչ ընտրակաշառք, որի դէմ ընդդիմադիր Փաշինեանը բողոքում էր, բայց իշխանաւոր Փաշինեանը որոշել է այդ զինատունը օգտագործել: Փակ համամասնականը թոյլ է տալիս վարչապետին իրեն աւելի հաւատարիմ մարդկանց անցկացնել խորհրդարան, իսկ եթէ վարկաշային լինէր, եւ որեւէ մարդ շատ ձայն հաւաքէր, այդ դէպքում շատ դժուար կը լինէր ասել` դիմումդ գրի, մի անցի խորհրդարան, այս դէպքում ինքն իրեն աւելի հլու–հնազանդ ուսապարկերի հաւաքածու կը հաւաքի», յայտնեց Արթուր Խաչատրեան:
«Երբ մենք ուժեղ ու միահամուռ էինք, թուրքերն ու ադրբեջանցիները չյանդգնեցին մեր դէմ պատերազմ սկսել: Նրանք մեր դէմ պատերազմ սկսեցին, երբ ներքինից մենք թուլացանք, պետութիւնը սխալ ուղով գնաց, պետութեան ղեկին կանգնեցին մարդիկ, որոնք չունին ազգային իդէալներ, ազգային տեսլական, եւ հիմա մենք ասում ենք, որպէսզի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ երկարաժամկէտ յարաբերութիւններ կառուցենք, որտեղ մենք կը կարողանանք ուժեղ դիրքերից խօսել, մենք պէտք է պատրաստ լինենք պատերազմի: Որեւէ մէկի մտքով չանցնի, թէ զէնքով կարող է գալ եւ հայի դէմ կռուել: Շատ են շահարկում, թէ Դաշնակցութիւնը կողմ է պատերազմին, ո՛չ, Դաշնակցութիւնն ասում է, որ եթէ չես ուզում, որ պատերազմ լինի, պէտք է պատերազմին պատրաստ լինես», շեշտեց Խաչատրեան:
«Թշնամութիւնը ծագեց 1000 տարի առաջ, երբ թուրքերը Ալթայից ներխուժեցին Հայաստան, գրաւեցին մեր քաղաքն ու գիւղերը, կոտորեցին մեր ժողովրդին, եւ շարունակեցին կոտորել սրանից մի քանի ամիս առաջ: Ինչքան էլ, որ մենք ասենք` բարեկամութիւն, դրանից մենք բարեկամ չենք դառնայ, իրենք պանթուրքիստական ծրագրեր ունեն: Եթէ մենք ուզում ենք, որ թուրքերի հետ յարաբերութիւնները կարգաւորուեն, պէտք է թուրքերը հասկանան, որ ով փորձի մեզ վատութիւն անել, քառակին կը ստանայ: Դա է միակ տարբերակը թուրքերի հետ խաղաղ ապրելու համար: Ով սուրը բարձրացնի, սրով էլ կ՚ընկնի: Մենք ունենք պատմական իրաւունքներ, ինչը չի նշանակում, որ մենք վաղը թուրքերի հետ պատերազմ ենք սկսելու, դա նշանակում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակները եթէ լինեն մեզ համար բարենպաստ, մենք մեր պատմական իրաւունքներին տէր կը կանգնենք: Որեւէ մէկը Փաշինեանին, կամ իր խմբակի մէկ այլ անդամին, իրաւունք չի տալիս, մեր ժողովրդի պատմական իրաւունքները զիջել եւ մեր յիշողութիւնն ու ցաւը ուրանալ», դիտել տուաւ Արթուր Խաչատրեան:
Ըստ դաշնակցական գործիչին՝ նման մակարդակով յայտարարութիւններուն նպատակը խամաճիկային պետութիւն ունենալն է: «Խամաճիկ դառնալ թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքում: Փորձում են ուրանալ Ցեղասպանութիւնը, մեր իրաւունքները…. Անտրամաբանական է մտածել, որ թուրքի առաջ ծնկի եկած մարդը կարող է վեր կենալ, շալուարը թափ տալ եւ հաւասարը հաւասարի հետ նստել եւ խօսել: Պարտուածը պէտք է գնա՛յ, գան նոր ուժեր, որոնք կարողանան հայ–թուրքական յարաբերութիւնները բերել որակական նոր հարթութեան վրայ: Երբեք յարաբերութիւնների բարելաւում մեր շահի հաշուին չպէտք է լինի: Եթէ թուրքերն ընդունեն Ցեղասպանութիւնը, վերացնեն դրա հետեւանքները, այո՛, ի հարկէ, յարաբերութիւնների բարելաւում պէտք է լինի», աւելցուց Արթուր Խաչատրեան: