3 Ապրիլին, «Հայրենիքի փրկութեան շարժում»ը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը, որուն մէջ անդրադարձաւ իր յառաջիկայ ծրագիրներուն.
«28 Մարտին կայացած հանրահաւաքի ժամանակ «Հայրենիքի փրկութեան շարժում»ը յայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին:
«Պայքարի հիմնական գործողութիւններն առաջիկայ օրերին տեղափոխուելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր: Արդէն յայտարարուել է մարզային հանդիպումների ու հանրահաւաքների եւ դրանց վայրերի մասին:
«Մէկ անգամ եւս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցութիւնը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրութեամբ եւ օրէնքներով սահմանուած իր պարտականութիւնները` դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հաւաքականութիւն, որն ուղղակի վերածուել է հայրենադաւ իշխանութեան ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քուէարկութեան կոճակ սեղմողի:
«Այսօրուանից ազատում ենք Դեմիրճեան փողոցը` յայտարարելով, որ մարզային այցելութիւններից յետոյ արժանապատիւ քաղաքացիները վերստին կը վերադառնան Բաղրամեան-Դեմիրճեան փողոցներ:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպուել բոլոր համայնքներում, ոտքի ելնել եւ աշխուժօրէն մասնակցել «Հայրենիքի փրկութեան շարժման» հանդիպումներին ու հաւաքներին:
«Դաւաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պէտք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի` կանխելով նորանոր զիջումներն ու թրքահաճոյ քաղաքականութիւնը:
«Առաջին հանդիպման վայրն ու ժամը՝ Ապրիլի 6 (Երեքշաբթի), ժամը 14:00 (կէսօրէն ետք ժամը 2ին), Սեւան քաղաք, Սուրէն Զաքարեանի անուան մշակութային պալատի յարակից հրապարակ»։