ԵՐԵՒԱՆ.- 23 Մարտին, «Հայրենիքի փրկութեան շարժում»ի խորհուրդը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը, որուն մէջ կը նշուին յառաջիկայ աշխատանքները.
«Արդէն տեւական ժամանակ է` «Հայրենիքի փրկութեան շարժում»ը տարատեսակ բողոքների եւ քաղաքացիական անհնազանդութեան ակցիաների (գործողութիւններու-Խմբ.), հանրահաւաքների, իրաւական եւ քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղէտի հասցրած իշխանութեան դէմ:
«Այս ընթացքում մեզ յաջողուել է ձեւաւորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ: Վարչախումբը թէեւ դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցութեան տակ տեղի է տալիս:
«Հասարակութեան եւ քաղաքական բոլոր ուժերի համար արդէն ակնյայտ է, որ առանց առկայ ճգնաժամի հանգուցալուծման հնարաւոր չէ Հայաստանի զարգացումը, աւելին` վտանգի տակ են երկրի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը:
«Միաժամանակ ակնյայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անյարմարութիւններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենեւին Շարժման նպատակը չէ:
«Ելնելով վերը նշուածից` «Հայրենիքի փրկութեան շարժման» խորհուրդը պայքարի ներկայ շրջափուլում որոշել է.
1. Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք` ընդլայնելով գործողութիւնների աշխարհագրութիւնն ու մարզերի բնակչութեան ընդգրկուածութիւնը:
«2. Հանրային ճնշման պահպանման եւ Շարժման հետագայ գործողութիւնների համակարգման նպատակով Դեմիրջեան փողոցում տեղակայուած վրանային ճամբարը յայտարարել Շարժման շտաբ:
«3. Վերականգնել Բաղրամեան պողոտայով ազատ տեղաշարժը` վերացնելով քաղաքացիների համար ստեղծուած անյարմարութիւնը:
Շարժման հետագայ անելիքները ներկայացնելու համար Մարտի 28ին` ժամը 15:00ին, Բաղրամեան-Դեմիրջեան փողոցներում հրաւիրւում է համապետական հանրահաւաք։
«Հայրենակիցնե՛ր, մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են: Պայքարելու ենք եւ յաղթենք»: