ԵՐԵՒԱՆ.- Շնորհիւ «Թուֆէնքեան» եւ «Իզմիրլեան» հիմնադրամների վերջերս կայացած համագործակցութեան Արցախի Մարտունու շրջանի երեք գիւղերում բնակող աւելի քան 150 ընտանիքներ ստացել են առաջին անհրաժեշտութեան մարդասիրական օգնութեան փաթեթներ:
Ադրբեջանի դէմ 44օրեայ պատերազմի ընթացքում ուժեղ ռմբակոծութեան ենթարկուեցին Հերհերի եւ նրա յարակից Խերխան եւ Ծովատեղ գիւղերի բնակչութիւնը: Անցած մի քանի ամիսների ընթացքում, բուռն մարտերի հետեւանքով շրջանից տեղահանուած հազարաւոր ընտանիքներ վերադարձել են իրենց տները, որոնցից շատերը զգալի վնասներ են կրել: Պատերազմի պատճառով բազմաթիւ գիւղացիներ նոյնպէս կորցրել են իրենց բերքը եւ չեն կարողացել պատրաստել իրենց սննդամթերքի պաշարները ձմռան համար:
Առաջին բաշխումը տեղի ունեցաւ 2020ի Դեկտեմբերի 25ին: Մինչ ամբողջ աշխարհում շատերը նշում էին Սուրբ Ծննդեան տօնը, «Թուֆէնքեան» հիմնադրամի աշխատակիցները Միացեալ Նահանգներից մի քանի կամաւորների հետ ուղեւորուեցին Մարտունու շրջանի գիւղերը: Երեք գիւղերի ընտանիքներին տրուեցին սննդի յատուկ փաթեթներ, որոնք պարունակում էին ալիւր, բրինձ, հնդկացորեն, մակարոնեղէն, ձէթ եւ այլ հիմնական մթերքներ: Կամաւորներից մէկը՝ լոսանջելեսաբնակ Տիգրան Խոտանեանը, ասաց, որ գիւղացիների համար օգնութիւնը հասաւ ճիշդ պահին:
Պատերազմից անմիջապէս յետոյ «Թուֆէնքեան» հիմնադրամը նաեւ օգնութիւն բաժանեց Գորիսում եւ յարակից գիւղերում` Արցախից տեղահանուած հարիւրաւոր ընտանիքներին: Երբ այդ ընտանիքները սկսեցին վերադառնալ Արցախ, մարդասիրական օգնութեան այլ բաշխումներ կատարուեցին Մաճկալաշեն եւ Խնուշինակ գիւղերում՝ համագործակցելով Լիոնում գործող «Մեղիօ» հիմնադրամի հետ:
Խօսելով Արցախի առաւել խոցելի հատուածներում ներդրումներ շարունակելու կարեւորութեան մասին, Թուֆենկեան» հիմնադրամի գործադիր տնօրէն Րաֆֆի Դուդակլեանն ասաց, որ տարածքում ներդրումներն այժմ աւելի կարեւոր են, քան երբեւէ, աւելացնելով. ««Թուֆենկեան» հիմնադրամը միշտ պատրաստ է աջակցել Արցախի եւ Հայաստանի ժողովրդին»։
(Քաղուած «Թուֆենկեան»ի թղթակցութենէն)