(Հեքեաթ` Իրական Հողի Վրայ, «Նա Եւ Նէ» Շարքից)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Երկու շաբաթ է ինչ սկուել է Ղարաբաղեան պատերազմը: Առաջացած տարիքում գտնուող ամուսինները ամբողջ օրն անցկացնում են հեռուստացոյցի առջեւ ու կապոյտ պաստառին գամուած, ոգեւորութեան պահեր են ապրում Արծրուն Յովհաննիսեանի «Յաղթում ենք» պաշտոնական յայտարարութիւնները լսելով: Միեւնոյն ժամանակ նրանց է հրամցւում պատերազմական գործողութիւնների ցաք ու ցրիւ տեսարաններ ու հարիււր անգամ տեսած հայկական հին ֆիլմեր
Այսպէս կամ այնպէս, գնացող-եկող չկայ, բացի դեղատնից դեղ առաքող անհաճոյ, երկարահասակ պարոնից, որը մշտապէս զլանում է գէթ առ ի յարգանք, մեծահասակներին «պարգեւել» Աստծոյ կողմից փոխանցուած, սովորական դարձած «բարեւ»ն ու «բարի օր»ը: Էդ անտէր համավարակի պատճառով էլ, ապահովութեան նկատառումով, տղաներն ու թոռները խուսափում են պապ ու տատին այցելել:
ՆԱ.- Հուրիկ, արի այսօր մեզ մի քիչ քամուն տանք, հերիք է տանը մնանք, դիմակներս դնենք ու դուրս գանք, թարմանանք, եղանակն էլ՝ տեսնում ես, կարծես թէ ամառ լինի. հը, ի՞նչ ես ասում, մի բացօթեայ ճաշարանում էլ կը ճաշենք:
ՆԷ.– Էդ ո՞նց եղաւ մարդ ջան, որ միտքդ ընկաւ տնից դուրս գալ. բա ո՞նց ես թողնելու հեռուստացոյցը: Հազար եմ ասել՝ շարժուիր, դուրս արի, քայլիր, թէ չէ՝ հա՝ ըստեղս ա ցաւում, ընտեղս ա ցաւում…
ՆԱ.- Հուր ջա՜ն, կ՛անեմ, ինչ որ ուզես կ՛անեմ: Մերոնք յաղթում են է, գնանք մի բացօդեայ -ճաշարան ու փառաւորապէս նշենք մերոնց յաղթանակը:
ՆԷ.– Հազար եմ ասել, իմ անունը Հուրիկ է, Հու-րիկ: Հուրն ի՞նչ է:
ՆԱ.- Ախր ո՞նց ասեմ Հուրիկ, «Հուրիկ»ը մի տեսակ փոքրացնում է ենթակայի արժէքը. դու հասակն առած կին ես, քեզ վայել է ՀՈՒՐ ասելը, որովհետեւ դու հուր ես, կրա՜կ, վառում՝ թողում…:
ՆԷ.- Հա՜, լաւ, հասկացայ, մի շփանայ: Հիմա ասա, ո՞ւր գնանք. սպասիր, մի բան յիշեցի: Անցեալ շաբաթ սանիկդ կնոջ հետ արեւելեան տիպի ճաշարանում են եղել ու շատ գոհ են մնացել: Հիմա Հրանուշին զանգեմ իմանամ:
ՆԱ.- (մեկուսի). Օհօ՜, կրակն ընկանք, գնա՜ց մի տաս րոպէ: Հրուշը մինչեւ հոլիվուդեան հայ կեանքի վերջին նորութիւնները չփոխանցի՝ չի հանգստանայ:
ՆԷ.- Հոգնեցի լսելով Հրանուշին, մեղաւոր ժպիտով ասաց Հուրիկը:
ՆԱ.- Գիտեմ, ուզում ես փոխանցել նրա ասածները, բայց դրա ժամանակը չէ, մեքենայում կը պատմես, զայրացած ասաց ամուսինը:
ՆԷ.- Լաւ սիրելիս. քշիր քաղցրս դէպի Բեվերլի Հիլզ, ինչպէս կ՛ուզես գնայ: Անունը «Վանայ Ծով» է, մի տեղ կանգնիր եւ բջջայինով ճշդիր հասցէն:
Որպէս օրինապահ վարորդ, ամուսինը այդպէս էլ վարուեց: Ճշդեց հասցէն, գնալու ուղղութիւնը, սեղմեց կոճակը ու մեքենան մտաւ ընթացքի մէջ: Երկար էր ճանապարհը, պէտք էր զրոյցի բռնուել եւ կամ էլ՝ երկարանուագ սալիկը գործի դնել: Հուրիկը որոշեց երկրորդ միջոցին դիմել: Ամուսնու սիրած ֆրանսիացի երգիչ Ժօ Դասանի չափազանց յայտնի երգը հազիւ սկսած.
ՆԱ.- Այ կնիկ, հիմա Ժօ Դասան լսելու ժամանակն է՞. հազիւ առիթ է մեր գործերի մասին խօսելու համար, մենք մի կէս ժամ ունենք մինչեւ տեղ հասնելը: Պատմիր, դու եւ Արտաշն էք զբաղւում գրքերն առաքելու գործով, ի՞նչպէս է վիճակը:
ՆԷ.- Ասեմ որ, այնքան էլ վատ չէ, եթէ հաշուի չ՛առնենք քո գրչակից եօթն ընկերներին, որոնք յամառօրէն լռում են…
ՆԱ.- Տարօրինակ է, լրջօրէն խորհելու առիթ է սա, իսկ ես մեծ յոյսեր էի կապել նրանց հետ. չէ՞ որ նուիրատուութիւնը ինձ համար չէ, այլ՝ Հայաստան հիմնադրամի, պատերազմում զոհ գնացած, հազիւ ծլած 18-19 ամեայ անփորձ, զէնք չտեսած, պատերազմում զոհուած պատանիների ընտանիքներին օգնելու համար:
ՆԷ.- Մոռացիր Յակոբ, գուցէ նրանք այլ ճանապարհներով մեծ չափի նուիրատուներ են. «ի՞նչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս», ասում է ժողովուրդը: Պարզապէս փորձիր լաւ ճանաչել մարդկանց: Էս տարիքում էլի նոյն միամիտն ես: Մի իրողութիւն կայ, որ ուզում էի քեզնից գաղտնի պահել, բայց ինչպէս տեսնում եմ՝ հնարաւոր չէ եւ յետոյ, միեւնոյնն է, հետագայում դու այդ մասին կ՛իմանայիր:
ՆԱ.- Գաղտնի՞ք, ի՞նչ գաղտնիք կարող է լինել այս հայրենանուէր գործում:
ՆԷ.– Խնդրում եմ մօտենաս մայթին ու մէկ-երկու վայրկեան հանգստանաս՝ քանի փորձանքի չենք եկել: Հիմա լսիր: Յիշո՞ւմ ես, մէկ շաբաթ առաջ գնացինք քո 30 տարուայ ընկերոջ՝ Ժորեսի շքեղ առանձնատունը՝ երկու գիրք վերցնելով մեզ հետ:
ՆԱ.- Է՜, տարանք, յետո՞յ ինչ. ի՞նչ է եղել որ, մէկը մնաց իր մօտ, իսկ միւսը չվերցրեց՝ ասելով որ, որեւէ մէկը չունի, որպէսզի կարողանայ համոզել վերցնելու գիրքը ու նուիրատուութիւն անել: Այդտեղ ես հասկացայ, որ նրա վրայ յոյս դնել չի լինի:
ՆԷ.- Մի ընդհատիր, խնդրում եմ: Դու հանգամանօրէն բացատրեցիր այդ շքեղ, միանգամայն հաճելի ընթերցուող, Երեւանում հրատարակուած գիրքը տարածելու նպատակի մասին, բայց դիմացինդ ամբողջովին անհաղորդ ու անտարբեր, լսում էր քեզ առանց եւ հարցուփորձի, առանց ըմբռնելու երեւոյթի լրջութիւնը: Յստակ էր, որ մարդուն չէր հետաքրքրում այդ ամէնը. ի՜նչ Հայաստան, ի՜նչ Ղարաբաղ: Դու սփրթնել էիր, գոյն չկար երեսիդ: Քեզ համար մի անբացատրելի երեւոյթ էր յայտնաբերուել «բարեկամ»իդ պահուածքի մէջ, դու հազիւ էիր քեզ զսպում: Ես նկատեցի, որ դու ուզում ես սեղանի վրայի միւս գիրքն էլ վերցնել, բայց նկատելով իմ սաստող հայեացքը՝ մտափոխ եղար: Ու մենք անմիջապէս վեր ելանք սեղանից: Եթէ յիշում ես, մեզ ճանապարհելիս տանտիկինը բարձրաձայնեց, «չգիտեմ թէ ինչ եմ անելու այդ գիրքը, ում եմ տալու»:
Մեքենայի շարժիչն արդէն աշխատում էր: Քեզ կորցրած, ցանկացար իջնել մեքենայից ու գնալ ետ վերցնել գիրքը: Այս անգամ ցաւ պատճառելու չափ սեղմեցի ղեկին դրած աջ ձեռքդ: Հլու, հնազանդ ենթարկուեցիր:
ՆԱ.- Հուրիկ ջան, այն ամէնը գիտեմ: Ո՞րն է նորութիւնը: Հիմա կարո՞ղ ենք շարժուել: Ես գայլի պէս անօթի եմ:
ՆԷ.- Ո՜չ, չենք կարող. լսիր այդ պատմութեան շարունակութիւնը: Ես գաղտնիք եմ պահել այս քանի օրերի ընթացքում, որպէսզի այն ասելու դէպքում չխաթարուի մեր երկարամեայ բարեկամութիւնը ընկերոջդ ընտանիքի հետ: Ախր, ես էլ եմ մինչեւ հոգուս խորքը վիրաւորուած նրանց տմարդի վերաբերմունքի համար: Հիմա լսիր, թէ ինչ եղաւ:
ՆԱ.- Ի՞նչ պիտի եղած լինի. եղածը՝ եղած է: Այսքան երկար տարիների ընթացքում որքա՜ն ենք իբր ընկեր գտել, յետոյ՝ կորցրել: Այն մարդիկ, որոնց միտքը, ուղեղը, տրամաբանութիւնը (եթէ կայ ի հարկէ), անցնում են ստամոքսի միջով, ժամանցի ընկեր են: Հիմա ասա տեսնեմ ինչ է եղել:
ՆԷ.- Ուրեմն այսպէս: Ժորեսենց տուն գնալու յաջորդ օրը, առաւօտ կանուխ, երբ դու գնացել էիր բժշկի, հեռաձայնում է ընկերոջդ կինը՝ Վարդուհին եւ առանց բարեւ-բարի լոյսի, բառացի շարում է հետեւեալ նախադասութիւնը.
– Հուրիկ ջան, ճիշդն ասած, չգիտեմ ինչ անեմ էս գիրքը, իմ շրջապատում ոչ ոք գիրք չի կարդում, մենք էլ երբէք չենք կարդում:
Հազիւ եմ կարողանում զսպել զայրութս, որպէսզի չվիրավորեմ ու որոշ ժամանակ լռում եմ, չեմ կարողանում յարմար բառեր գտնել:
– Հը՞, ի՞նչ եղաւ Հուրիկ, չես լսո՞ւմ, ի՞նչ անեմ էս գիրքը:
Վերջապէս, մի կերպ ինձ հաւաքելով, յանուն նպատակի, կոշտ ու կոպիտ ասացի.
– Նուիրատուութիւն արա Հայաստան հիմնադրամին, բաց արա գիրքը, առաջին էջից առաջ բացատրութիւն կայ, հայաստանեան ուղղագրութեամբ է ամբողջ գիրքը: Քեզ համար հեշտ կը լինի կարդալը:
– Մէկ ա, ես բան չեմ հասկանում, մի քսան դոլար տամ կը լինի՞։
– Ո՜չ, չի լինի. հենց հիմա մարդուդ հետ գիրքը ետ ուղարկիր, բղաւոցով ասացի ես ու կախեցի ընկալուչը:
ՆԱ.- Քսան դոլար հա՞. վա՜յ անամօթ: Աւելին չ՛ասեմ, որպէսզի մարդիկ չ՛ասեն, թէ որքան միամիտ մարդ եմ ես, որ նման գծուծ մարդկանց հետ եմ երկար տարիներ ընկերութիւն արել: Յետո՞յ Հուր ջան, ի՞նչ եղաւ, եկա՞ւ Ժորեսը, գիրքը բերե՞ց:
ՆԷ.- Այո՜, եկաւ. դրան պռնկին, առանց մէկ բառ իսկ արտասանելու տուեց գիրքը եւ հեռուից աշխատեցնելով Մերսեդէսի շարժիչը՝ արագօրէն հեռացաւ:
ՆԱ.- Տխուր է Հուրիկ, շատ տխուր: Բոլորովին տրամադրութիւն չունեմ որեւէ տեղ գնալու, արի ետ դառնանք, թէեւ հենա-հենա հասել ենք: Խոստանում եմ յաջորդ շաբաթ քեզ տանել այդ նորաբաց «Վանայ Ծով» ճաշարանը: