ԳԼԵՆԴԵՅԼ․– Փետրուարի 26ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ, որը Հանրապետական կուսակցութեան անդամ է: Հանդիպմանը մասնակցում էր Ֆրեզնոյում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանը:
Ներկայացուցիչների պալատի անդամ Վալադաօն ներկայացնում է Կալիֆորնիայի Կենտրոնական հովտի կոնգրեսական 21րդ ընտրաշրջանը` հայաշատ Ֆրեզնոյի մի զգալի մասը իր մէջ ներառնող:
Բայբուրդեանը Վալադաոյին շնորհաւորեց Ներկայացուցիչների պալատի անդամ վերընտրուելու եւ Հայկական հարցերի կոնգրեսական յանձնախմբի համանախագահութիւնը ստանձնելու կապակցութեամբ: Բայբուրդեանը ներկայացրեց Արցախի դէմ ադրբեջանաթուրքական յարձակման հետեւանքները Արցախի եւ Հայաստանի համար, ինչպէս նաեւ պատերազմից յետոյ առաջացած մարդասիրական ճգնաժամը: Նա յատուկ կարեւորութիւն տուեց Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների խնդրին` ընդգծելով նրանց հայրենիք շուտափոյթ վերադարձի անհրաժեշտութիւնը:
Զրուցակիցները պայմանաւորուեցին հանդիպումներին պարբերական բնոյթ տալու մասին` ծրագրելով առաջիկայ հանդիպումը Ֆրեզնոյում անցկացնել:
Վալադաօն ջերմութեամբ արտայայտուեց ամերիկահայ համայնքի մասին եւ կարեւորեց համայնքի դերակատարութիւնը եւ ուրոյն ներդրումը Ամերիկայի խոշորագոյն նահանգի կեանքի բոլոր բնագաւառներում:
Բայբուրդեանը շեշտեց, որ Կալիֆորնիայի հայահոծ համայնքի ակունքները գտնւում են հէնց Ֆրեզնոյում, ուր հայկական համայնքը սկսել է ձեւաւորուել դեռեւս 19րդ դարի վերջին տասնամեակներին: Նա նաեւ գոհունակութիւն յայտնեց Հայկական հարցերի կոնգրեսական յանձնախմբի պետքարտուղարին եւ պաշտպանութեան քարտուղարին ուղղուած Փետրուարի 19ի նամակի համար, ուր Ամերիկա-Հայաստան յարաբերութիւնները ամրապնդելու կոչ կը կատարուէր: Բայբուրդեանը նաեւ իր գնահատանքի խօսքն ասաց առ այն, որ կոնգրեսականը Արցախ էր այցելել 2017ի Սեպտեմբերին: