Յակոբ Մկրտչեան
2020թ․ Դեկտեմբերի 23ի վաղ առաւօտեան, կեանքի 92րդ տարում․ «Կորոնա» ժահրի զոհ դարձաւ համայնքում եւ հայրենիքում սիրուած եւ բարձր գնահատուած մտաւորական, բանաստեղծ Գէորգ Քրիստինեանը, նոյն ինքը՝ Գէորգ Գասպարեանը:
Քրիստինեանը ծնուել է 1929 թ․ Հոկտեմբերի 2ին, Շիրակի Արեւիկ գիւղում․ բազմանդամ ընտանիքի վեց զաւակներից 4րդն էր: Հայրը` երեք պատերազմների մասնակից Յովսէփ Գասպարեանը եւ աւագ եղբայրը, ուսուցիչ Յակոբը, մեկնել են հայրենական պատերազմ եւ չեն վերադարձել, կիսել են այդ պատերազմում անյայտ կորած կամ անյայտ հանգամանքներում զոհուած մօտ 30 հազար հայորդիների բախտը, իսկ դեռահաս Գէորգը իր սերնդակիցների հետ մասնակցել է գիւղում պատերազմական թիկունքի տարաբնոյթ աշխատանքներին: Ուսումնասէր պատանին պարտաճանաչօրէն հետեւել է նաեւ ուսմանը: Պատերազմից յետոյ ուսումը շարունակել եւ աւարտել է Հայաստանի Ա․ Հանրապետութեան օրօք հիմնադրուած երկրիս բարձրագոյն առաջին ուսումնական հաստատութեան` ներկայիս Միքայէլ Նալբանդեանի անուան Գիւմրու պետական համալսարանի պատմաբանասիրական բաժանմունքը, իբրեւ հայոց լեզուի եւ գրականութեան մասնագէտ: Յետագայում աւարտել է նաեւ Երեւանի պետական համալսարանի «ասպիրանտուրա»ն:
Ստացած հիմնաւոր կրթութիւնը, նաեւ բնատուր ստեղծագործական ունակութիւնները նրան հնարաւորութիւն են ընձեռել լաւագոյնս դրսեւորուելու թէ՛ դպրոցական-մանկավարժական, թէ՛ կրթական բնագաւառներում, զբաղեցնել պատասխանատու բարձր խմբագրական պաշտօններ:
Անցեալ դարի յիսունական թուականների վերջին հաստատուելով Երեւանում նախ աշխատել է իբրեւ «Հայպետ» հրատարակչութեան խմբագիր: Մօտ 30 տարի աշխատել է «Հայֆիլմ»ում, սկզբում՝ իբրեւ վաւերագրական ֆիլմերի գլխաւոր խմբագիր, յետոյ՝ «Էկրան» հանդէսի գլխաւոր խմբագիր: Այդ ամէնին զուգահեռ՝ նա ստեղծագործել եւ իբրեւ բանաստեղծ հայ գրականութիւնը հարստացրել է բարձրարժէք քնարական եւ այլ գրական գործերով, որոնք արժանացել են նաեւ մեր Մեծերի` Յովհաննէս Շիրազի, Համօ Սահեանի, Վահագն Դաւթեանի եւ այլոց գնահատանքին:
Գորբաչովեան վերակառուցմամբ սկսուած Խորհրդային Միութեան քանդման եւ դրա խորացման համեմատ Հայաստանի մտաւոր եւ այլ ներուժի արագ արտահոսք էր սկսուել: Բանաստեղծը անժամանակ կորցրել էր սիրասուն կնոջը` Ռոզային եւ ստիպուած փոխադրուեց Լոս Անջելոս որդու` Յակոբի մօտ:
Կարճ ժամանակում Գլենդելը վերածուեց Սփիւռքի հայ մշակութային մայրաքաղաքի, այստեղ հաստատուեցին հայ մշակոյթի երեւելի ներկայացուցիչներ` պատմաբաններ, գրողներ, բանաստեղծներ, երաժիշտներ, երգիչներ, նկարիչներ, քանդակագործներ․ ցաւօք սրտի նրանցից շատերը այժմ մեզ հետ չեն, ընդ որում հատուկենտ մարդիկ վերադարձան հայրենիք․․․
Գրականութիւնը` յատկապէս հայ գրականութիւնը, եղել է նրա աչքն ու ականջը, նաեւ խօսքը: Նրան ուրախացնում էր յայտնի ու անյայտ ամէն մի հեղինակի գեղեցիկ տողը, քնարական նոր գործը: Ոչ ոք իր չափ կարդացած եւ իր պէս ծանօթ չէր իր գործընկերների ստեղծագործութիւններին:
Քրիստինեանը արժանիօրէն դարձաւ Լոս Անջելոս հաստատուած հայ մտաւորական փաղանգի երեւելի ներկայացուցիչներից մէկը: Նա անմիջապէս դրսեւորուեց իբրեւ համայնքի սրտցաւ, կարող եւ գործուն մտաւորական, յօդուածագիր, բանաստեղծ, իբրեւ հայրենիքում ընթացող իրադարձութիւնների մասին բազմաբնոյթ հրապարակագրութիւնների հեղինակ, որոնք շարունակաբար տպագրւում էին հայկական բոլոր թերթերում եւ հանդէսներում:
Հանրութեանը յուզող` յատկապէս Արցախեան հարցի լուսաբանման մասին Քրիստինեանի յօդուածները, Սփիւռքի արդի գրողների` Յակոբ Կարապենցի, Պօղոս Գուբելեանի, այլոց ստեղծագործութիւնների վերաբերեալ նրա մասնագիտական վերլուծութիւնները, հայ մշակութասէր լայն հասարակութեանը օգնել են աւելի խորը ընկալել եւ ճանաչել իրականութիւնը, գնահատել նշուած եւ այլ հեղինակների գրական ժառանգութիւնը: Քրիստինեան գրականագէտի այդ վերլուծութիւնները նոյնպէս մեր գրական մշակոյթի անջնջելի հարստութիւն են հանդիսանում:
Հայրենիքից հեռու լինելը բանաստեղծին ստեղծագործելու նոր շունչ ու պարտականութիւն առաջադրեց, որի արդիւնքում ստեղծուեցին նոր գործեր, տպագրուեցին նոր գրքեր: Լոս Անջելոսում հաստատուելուց յետոյ նա հեղինակել է բազմաթիւ գրքեր:
Իր ստեղծագործութիւններում Քրիստինեան հեղինակը ներկայանում է իբրեւ կրքոտ սիրահար, հայրենիքի հողի ու ջրի երգիչ, հայոց լեզուի ու մշակոյթի հաւատաւոր նուիրեալ եւ մարտնչող: Որոշ ընթերցողներ յատկապէս տպաւորուած են իր կնոջ` Ռոզային նուիրուած բանաստեղծութիւնների շարքով` իբրեւ մեր գրականութեան բացառիկ գոհարներ:
Չի կարելի չխօսել Լոս Անջելեսի գրական կեանքի կազմակերպման, Կալիֆորնիայի Հայ Գրողների միութեան կայացման գործում նրա անձնական ներդրումի մասին: Նա միշտ ընտրուել եւ մաս է կազմել միութեան գրեթէ բոլոր վարչութիւններին` իբրեւ անդամ, փոխնախագահ եւ նախագահ: Նրան արդարօրէն շնորհուեց միութեան «Պատուաւոր Նախագահ»ի կոչումը: Նա բազմաթիւ անձանց է սատար եղել` իբրեւ հեղինակ հայ գրականութիւն նրանց մուտք գործելու, իբրեւ աւագ ընկեր նրանց անհրաժեշտ խորհուրդ, օգնութիւն ցոյց տալու իմաստով: Շատերն են շնորհակալութեամբ յիշում իրենց կեանքում բանաստեղծի ունեցած այդ վերաբերմունքը:
Քրիստինեանի ապրած այս իմաստալի կեանքը արժանացել է իր ընկերների, իրեն ճանաչողների, յատկապէս իր բազմահազար ընթերցողների սիրուն եւ բարձր գնահատանքին, եւ ոչ միայն: Գոհունակութեան զգացումով ենք յիշում, երբ բանաստեղծ Քրիստինեանը իր գրչեղբայրներ Պօղոս Գուբելեանի եւ Գրիշ Դաւթեանի հետ 2014 թ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ․ի կոնդակով արժանացաւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթեւ շքանշանին:
Քրիստինեանի ուսանողական ընկեր, Երեւանի պետական համալսարանի պրոֆէսոր Խաչիկ Բադիկեանը բարձրարժէք աշխատութիւն է գրել Քրիստինեանի կեանքի ու ստեղծագործութիւնների մասին: Այն կարելի է նաեւ համարել Խորհրդային Հայաստանի ետպատերազմեան մտաւորական սերնդի պատմութեան կարեւոր սկզբնաղբիւր:
Վերջում ուզում եմ ուշադրութիւն հրաւիրել հայ գրողի ճակատագրում հազուադէպ պատահող կամ թերեւս չպատահած բացառիկ իրողութեան վրայ: Նա հրատարակուած տեսաւ իր բոլոր ստեղծագործութիւնները: Թարգմանուել եւ անգլերէն ու ռուսերէն լեզուներով հրատարակուած են բանաստեղծութիւնների հատորները: Նրա «Իմ Ցորեն Պապը» պօէմի հիման վրայ յօրինուել է բալետի երաժշտութիւն: Շնորհակալութիւն հարազատներին եւ մտերիմներին նման բացառիկ իրագործման անհրաժեշտ նուիրումի համար:
Գէորգ Քրիստինեանին կը յիշեն ոչ միայն իր հարազատներն ու մտերիմները, այլեւ ողջ մշակութասէր հայ սերունդները:
Ցաւակցում ենք հարազատներին եւ մերձաւորներին այս մեծ կորստի համար: