ԲԵՐԴ.- Դեկտեմբերի 28ին, ԹՈՒՄՕ ստեղծարար արհեստագիտութիւնների կենտրոնի, ՀՀ Կենտրոնական բանկի, «Ամունդի-ԱԿԲԱ Ասէթ Մենեջմենթ» ընկերութեան եւ «Հայգ» հիմնադրամի համագործակցութեան շրջանակներում Տաւուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացուեց երկրորդ «ԹՈՒՄՕ տուփ»ը:
Բացման միջոցառմանը, ԹՈՒՄՕին եւ Բերդի «ԹՈՒՄՕ տուփ»ի հովանաւորներին միացան նախարար Յակոբ Արշակեանը, Տաւուշի մարզպետ Հայկ Չօբանեանը, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսէս Երիցեանը, ԹՈՒՄՕ շրջանաւարտներ ու Տաւուշի տուփի ապագայ ուսանողներ:
Ողջունելով ներկաներին` ԹՈՒՄՕ կենտրոնի տնօրէն Մարի Լու Փափազեանը նշեց. ««ԹՈՒՄՕ տուփ»ի գաղափարը ծնուեց տարիներ առաջ, երբ ԹՈՒՄՕ Դիլիջանում Homeland Development Initiative Foundation-ի հետ Բերդի պատանիների համար անցկացրեցինք գրաֆիկական դիզայնի յատուկ դասընթաց, որի մասնակիցները ստեղծեցին մեղրի եւ հատապտուղների փառատօնի բրենդաւորում: Ոգեշնչուելով մասնակիցների յաջողութեամբ` մենք սկսեցինք աշխատել Հայաստանի եւ Արցախի փոքր քաղաքներում ու գիւղերում «փոքր- ԹՈՒՄՕ»ների ստեղծման եւ արդէն գործող մեծ կենտրոնների հետ դրանց միաւորման գաղափարի վրայ: Խորհրդանշական է, որ այսօր այս միջոցառմանը մասնակցում են նաեւ այդ դասընթացի մասնակիցները` ներկայացնելով իրենց աշխատանքի արդիւնքերը»:
Նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է: Ուսանողները` ԹՈՒՄՕ կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են «տուփ»ում, իսկ ԹՈՒՄՕի գործնական դասընթացների համար ուղեւորուելու են ԹՈՒՄՕ Դիլիջան: Իւրաքանչիւր ԹՈՒՄՕ տուփ հնարաւորութիւն է տալու կրթութեամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու: Բացի ԹՈՒՄՕի հիմնական ծրագրից, առաւօտեան ժամերին «տուփ»ը կարող է օգտագործուել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար:
«ԹՈՒՄՕի ներկայութիւնը մեր մարզում ունի երեք առաւելութիւն. մէկն այն է, որ կենտրոնն ինքն իրենով երկարաժամկէտ զարգացման ծրագիր է եւ համայնքներում կրթութեան միջոցով փոփոխութիւնների առիթ է հանդիսանում, երկրորդը Տաւուշի ու յատկապէս Բերդի պատանիների ճարտարագիտական եւ արհեստագիտական արդէն իսկ առկայ ներուժի զարգացումն է, իսկ երրորդն էլ համագործակցութեան նոր մշակոյթի ներմուծումն է», ընգծեց Տաւուշի մարզպետ Հայկ Չոբանեանը:
ԹՈՒՄՕ ն hետամուտ է մնալու մարզային զարգացմանը ուղղուած իր ծրագրին. նախորդ շաբաթ «Թումօ տուփ» բացուեց նաեւ Գաւառում, իսկ 2021ին նախատեսուած է հիմնադրել Հայաստանի եւ Արցախի մի շարք այլ բնակավայրերում:
(Թղթակցութիւնը՝ ԹՈՒՄՕէն, յապաւուած)