«Չկայ Հայաստան, Արցախ, Սփիւռք, Այլ Կայ Մէկ Ժողովուրդ՝ Արդարութեան Համար Համայն Պայքարով»
Սիրելի հայրենակից,
Այսօր Արցախի Բերձոր (Լաչին) շրջանի Աղաւնոյ գիւղը վար կ՛առնէ իր զէնքերը, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի ստորագրած ամօթալի
զինադադարին համաձայն՝ վերջ տալու համար Ատրպէյճանի 27 Սեպտեմբեր 2020ին սկսած Արցախի դէմ պատերազմը:
Աղաւնոն փոքր գիւղ մը ըլլալով հանդերձ՝ ունի քաջասիրտ բնակիչներ, որոնք այս տարի
Յուլիսին, լսելով Սան Ֆրանսիսքոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգային
վարժարանին դէմ ատրպէյճանցիներու կողմէ կատարուած ատելութեան ոճիրը՝ իրենց գիւղապետ Անդրանիկ Չաւուշեանի առաջնորդութեամբ ձեռնարկեցին հանգանակութեան՝ վարժարանին զօրավիգ կանգնելու եւ կատարուած վնասները նորոգելու նպատակով:
Իրենց՝ կատարած համեստ սակայն ազդեցիկ նեցուկ կանգնելու նպաստը աննշմար պիտի
չմնայ, մամաւանդ իրենց այս դժուար օրերուն:
Հակառակ անոր որ այսօր Արցախ կը գտնուի անորոշ ժամանակներու մէջ, ամիսներ առաջ Աղաւնոյի գիւղապետ Անդրանիկ Չաւուշեանի տուած պատգամը տակաւին կը մնայ
այժմէական. «Չկայ Հայաստան, Արցախ, Սփիւռք, այլ կայ մէկ ժողովուրդ՝ արդարութեան
համար համայն պայքարով»:
Սան Ֆրասիսքոյի եւ շրջակայքի հայ գաղութը զօրավիգ կը կանգնին Արցախի եւ Աղաւնոյի
հերոսական ժողովուրդին: Միասնականութեամբ պիտի նուաճենք մեր ազգային պայքարի
արգելքները յանուն մեր ժողովուրդի իր նախնիներու երկրի՝ ազատ, անկախ եւ միացեալ
Հայաստանի վրայ ապրելու նպատակին:
Ստորեւ՝ 17 Դեկտեմբերին լոյս տեսած «Երկիր»ի՝ Չաւուշեանի հետ զրոյցը.
Ակտիւ լուրեր շրջանառուեցին, որ զինաթափւում է Արցախի՝ խաղաղարարների հսկողութեան տակ գտնուող հատուածները: Հասկանալու համար՝ ի՞նչ զինաթափման մասին է խօսքը, «Երկիր»ը զրուցել է Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ համայնքի ղեկավար, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չաւուշեանի հետ:
Յիշեցնենք՝ ԱՐԻ ներդրումային ծրագրի շնորհիւ հիմնադրուած գիւղը գտնւում է Աղաւնոյ գետի ափին՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարեւանութեամբ, դէպի Ստեփանակերտ ճանապարհին հանդիպող Արցախի առաջին գիւղն է: Այն այսօր ընկնում է մարդասիրական միջանցքի տարածքում, որի անվտանգութիւնը պէտք է ապահովեն ռուս խաղաղապահները: Չնայած Աղաւնոյից ընտանիքներ դուրս են եկել, սակայն մի մասը դեռ գիւղում է:
Գիւղ մտնողին այս օրերին դիմաւորում է համայնքի մուտքի մօտ զէնքով կանգնած գիւղապետը, ով գիւղում մնացած տղամարդկանց հետ միասին անձամբ է հսկում գիւղի անվտանգութիւնը:
«Սա մեր տունն է, մեր հողը, մեր ապրելու յոյսը եւ սա մենք չենք չափում մետրօվ, մենք այն չափում ենք արիւնով, յանուն նրա նահատակուած ամէն հայի արիւնով», ասում է գիւղապետը եւ չի կարողանում թաքցնել ոչ յուզումը, ոչ էլ ցասումն ու ըմբոստացումը:
Հարցին՝ ակտիւ խօսւում է զինաթափման մասին, արդեօ՞ք իրենց էլ են պարտադրել զինաթափուել, կա՛մ, առհասարակ ինչ զինաթափման մասին է խօսքը, Անդրանիկ Չաւուշեանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահները բոլորին պարտադրել են յանձնել ձենքը, հիմնաւորելով, որ նրանք կ՛ապահովեն բնակիչների անվտանգութիւնը եւ յաւելել, որ ստորագրուած պայմանագրով հինգ տարի նրանք զէնք կրելու իրաւունք չունեն:
«Ես չեմ ենթարկուել եւ չեմ ենթարկուելու, լսել եմ, որ Արցախի իշխանութիւնը յանձնել է զէնքը, բայց ես չեմ կարող դա անել, իմ գիւղի անվտանգութեան երաշխիքը միայն իմ զէնքն է», ասում է գիւղապետը՝ յաւելելով, որ չկայ ոչ մի երաշխիք գիւղի անվտանգութեան համար:
«Ոչ ոք ինձ գրաւոր երաշխիք չի տալիս, որ ես հանգիստ լինեմ գիւղի բնակչութեան համար, այն բնակիչների, որոնք ինձ են վստահել իրենց կեանքը: Ես այսօր գիւղապետ չեմ, այլ ժողովրդիս պաշտպանը: Գիւղում ամէն օր կրակոցներ են լսւում, տեսանք` որքան գերեվարուածներ ունեցանք, մեր գիւղում կայ երեք անհետ կորած, ես ինչպէ՞ս պէտք է յանձնեմ զէնքը, կամ ու՞մ վստահեմ ինձ վստահուած պարտականութիւնը, գիւղի պաշտպանական գիծը մերն է, մենք չենք կարող այն չպաշտպանել: Ես մինչեւ այսօր իմ զինուորական հագուստը չեմ հանել եւ միշտ համար մէկ դրութեան պատրաստ վիճակում եմ», պնդում է գիւղապետը եւ աւելացնում, որ վերջին օրերին ռուս զինուորականներն ադրբեջանական կողմին ճանապարհ են տրամադրել Աղաւնոյի տարածքով, եւ այսօր ադրբեջանցիներն անցնում են իրենցից մի քանի մետր հեռաւորութեամբ:
«Ժամանակաւոր տարածքներում, որտեղ իրենք պէտք է մնան, սկսել են շատ զինուորականներ կուտակել, ես ռուս խաղաղապահին վստահեմ, իսկ թուրքին կարո՞ղ եմ վստահել, ով չգիտեմ, թէ ինչ նպատակով է կուտակւում մեզանից մի քանի մետր այն կողմ», նշում է նա:
Անդրանիկ Չաւուշեանն ըմբոստացել էր նաեւ, երբ նրան ասել էին, թէ պէտք է գիւղից հանես Հայաստանի դրօշը. «Ես Սիրիայի քաղաքացի եմ, Սիրիայում մենք միշտ վեհ ենք պահել մեր հայրենիքի դրօշը, իսկ մեր հայրենի հողի վրայ մեզ ասում են հանէք դրօշը, դա նշանակում է իմ մահը, եւ ես ասել եմ խաղաղապահներին՝ այն հանելու համար նախ ինձ ու իմ ընտանիքը պիտի սպանէք, որովհետեւ իմ ընտանիքի ամէն անդամ այդ դրօշի պահապան է: Կը սպանե՞ն՝ թող սպանեն»:
Աղաւնոն սահմանագիծ է, պետական մարմինների կողմից չկայ յստակ պատասխան գիւղի յետագայ կարգավիճակի վերաբերեալ, եւ, եթէ այսպէս անորոշ շարունակուի, մենք կը ստեղծենք Աղաւնոյ պետութիւն. գիւղապետի հաստատակամ որոշումն է:
«Գիւղը հիմնուել է քարը քարի վրայ դնելով. Աղաւնոն պիտի ապրի եւ պիտի ապրի հայկական, մենք նոր ենք գնացել Դադիվանք մեր պատարագն արել, մենք այստեղ, մեր հողի վրայ ապրելու ենք եւ սա իմ համար կ՛ամ մահ կ՛ամ ազատութիւն է», եզրափակեց Անդրանիկ Չաւուշեանը: