(10-16 Դեկտեմբեր 2020թ.)
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատուամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացուած եւ հաւաստի տեղեկատուութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել Սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրուած խնդիրներին:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակը շարունակում է աշխատանքները՝ ԱՄՆի կողմից Ադրբեջանին տրամադրուող ռազմական օժանդակութիւնը կասեցնելու եւ Արցախին 250,000,000 դոլարի հասնող հումանիտար օժանդակութիւն տրամադրելու համար:
Հայ Դատի գրասենեակից յայտնում են, որ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ռազմական գնումների գործակալութեան նկատմամբ՝ որպէս պատիժ ռուսական S-400 հրթիռային համակարգի գնման համար: Պատժամիջոցներն արգելում են Միացեալ Նահանգներից արտահանման բոլոր տեսակի արտօնագրերի ու թոյլտուութիւնների տրամադրումը Թուրքիայի պաշտպանական արդիւնաբերութեան նախագահութեանը: Նախագծով նաեւ սառեցւում են թուրքական գերատեսչութեան ակտիւները եւ սահմանափակում են դրա նախագահի եւ երեք այլ բարձրաստիճան պաշտօնեաների վիզաները:
Սենատոր Անգուս Քինգի կողմից ԱՄՆ Սենատում շրջանառութեան մէջ է դրուել թիւ 755 բանաձեւի նախագիծը, որով Պետդեպարտամենտին կոչ է արւում զեկոյց պատրաստել Թուրքիայում մարդու իրաւունքների խախտումների եւ բռնաճնշումների վերաբերեալ եւ դրանցում պարզել ԱՄՆ անվտանգային օժանդակութեան դերը: Այդ զեկոյցի արդիւնքերը հիմք կը ծառայեն Էրդողանի ռեժիմին ԱՄՆ անվտանգային օժանդակութեան եւ զէնքի վաճառքի սահմանափակման կամ կրճատման համար, ինչը Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի հիմնական քաղաքական գերակայութիւններից մէկն է:
ԵՒՐՈՊԱ
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակից յայտնում են, որ Դեկտեմբերի 15ին Եւրոպական Խորհրդարանի երեք պատգամաւորների՝ Ֆրանսուա Ալֆոնսիի, Սիլվի Գիյումի եւ Պետեր Վան Դալենի կողմից նախաձեռնուել է «Լեռնային Ղարաբաղի բարեկամութեան եւ համերաշխութեան» խորհրդարանական խմբի ստեղծումը, որի նպատակն է լիարժէք աջակցութիւն ցուցաբերել Արցախի հայ ժողովրդին, որը տառապում է բռնաճնշումներից եւ իր պատմական տարածքի բռնազաւթումից: Եւրախորհրդարանի բոլոր անդամներին յղուած նամակով բարեկամութեան խմբի հիմնադիրները անդամակցութեան են հրաւիրել բոլոր այն պատգամաւորներին, ովքեր մտահոգուած են Արցախում հայերի անվտանգութեամբ եւ գոյատեւմամբ: Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ամէնօրեայ աշխատանքային կապի մէջ է ինչպէս բարեկամութեան խմբի ստեղծումը նախաձեռնած պատգամաւորների, այնպէս էլ Եւրախորհրդարանի այլ պատգամաւորների հետ՝ խմբի յետագայ ընդլայնումն ապահովելու համար:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը եւ հանրապետական Միշել Մըք Քաուլը տարածել են յայտարարութիւն, որում իրենց խորը մտահոգութիւնն են յայտնել Էրդողանի օրօք Թուրքիայի գործողութիւնների կապակցութեամբ, որոնք վտանգում են ՆԱՏՕի դաշինքը, առաւել լայն տարածաշրջանը, ինչպէս ժողովրդավարութիւնն ու օրէնքի գերակայութիւնը Թուրքիայում:
ԿԱՆԱՏԱ
ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի ներկայացուցիչները Դեկտեմբերի 14ին հեռախօսազրոյց են ունեցել Ռուսաստանում եւ Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի հետ: Հայ Դատի յանձնախմբի անդամներն իրենց խորը մտահոգութիւնն են յայտնել Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում կանադական տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու-Խմբ.) օգտագործման հետաքննութեան հետ կապուած, ինչպէս նաեւ քննարկել են Հայաստանում եւ Արցախում ընթացիկ հումանիտար (մարդասիրական-Խմբ.) ճգնաժամին առնչուող հարցեր:
Դեկտեմբերի 16ին Կանադայի Հայ Դատի յանձնախումբը ներկայացրել է Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման իրաւական ամփոփագիր, որը կազմուել կանադացի իրաւաբանների կողմից: 48 էջանոց փաթեթը վերնագրուած է «Կանադայի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչումը՝ որպէս պաշտպանութեան պատասխանատուութեան միջոց /The Case for Canada’s recognition of the Republic of Artsakh as a measure of the responsibility to protect/»:
Փաթեթին կարելի է ծանօթանալ հետեւեալ յղումով՝ https://anccanada.org/legalbrief/։
ԱՒՍՏՐԱԼԻԱ
Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը նոյնպէս աշխատանքների գերակշիռ մասը կենտրոնացրել է Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման վրայ եւ շարունակում է Աւստրալիայի պետական իշխանութեան մարմինների վրայ ճնշումներ գործադրել՝ օգտագործելով նաեւ աւստրալիահայ համայնքի ներուժը: Նախորդ շաբաթուայ բողոքի գործողութիւններից եւ բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներից յետոյ՝ յանձնախումը քաջալերում է, որպէսզի համայնքի բնակիչները շարունակեն Արցախի ճանաչման հարցով աւսրալիական խորհրդարանին ուղղուած խնդրագրի զանգուածային ստորագրումները:
ԼԻԲԱՆԱՆ
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը Դեկտեմբերի 15ին նամակ է ուղարկել Լիբանանում հաւատարմագրուած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին՝ ուշադրութիւն հրաւիրելով Արցախում ստեղծուած կացութեանը եւ դատապարտելով իսլամիստ վարձկաններով եւ Թուրքիայի ներգրաւուածութեամբ ռազմական ագրեսիան (յառձակումը-Խմբ.):
Նամակի մէջ նշուել է, որ թշնամական արարքները կասեցնելու համաձայնութիւնը գոյացել է ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս, որը հակամարտութեան լուծման միջնորդութեան լիազօրութիւն ունեցող միջազգային միակ մարմինն է: Ընդգծուել է, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կնքուած համաձայնութիւնը հետեւանք է ուժի ապօրինի կիրարկման եւ ոչ թէ ՄԱԿի կողմից նշուած լիարժէք եւ հաւասարակշռուած բանակցութիւնների, եւ ըստ էութեան, այդ համաձայնութիւնը պատմական ժառանգութեան ու հազարամեակներ ի վեր հայերով բնակեցուած տարածքի բռնի փոխանցում է: Նամակում Արցախի ներկայ կացութեան, անվտանգային, քաղաքական, հումանիտար, մշակութային եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերեալ ներկայացուել է համապարփակ տեղեկատուութիւն: Իբրեւ ստեղծուած իրավիճակից դուրս գալու ելք՝ համանախագահ երկրների կառավարութիւններին կոչ է արուել ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները մեծ թափով շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր: Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ: Յատուկ ուշադրութիւն է դարձւում ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք արդէն իսկ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունումների:
Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից շարունակւում են արտասահմանեան պատուիրակութիւնների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելութիւնների կազմակերպումը դէպի Արցախ, որպէսզի նրանք տեղում ծանօթանան առկայ իրավիճակին եւ առաւել առարկայօրէն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաութեանը:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ