ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Պարտութիւն
Հեռուների կարօտը ինձ հեռուներն է տանում
Հայրենու հուր մորմոքը, բոցավառում մոխրանում…
Մոխրոտում է կապոյտը, հորիզոնը մթնում է,
Ու ամպում են աստղունքը, դառն արցունքը կաթում է:
Ծաւալի մով անհունում լուսնից շաղւում է ոսկի,
Բայց ապարժան է մնում, ու չի հասնում հանգստի…
Տենչում եմ մեն հեռանալ մրմուռներս փնջելու,
Մութ հողվարքում խորանալ, անթեղուելու, թաղուելու…
Չկար… չկայ յոյսի ցոլք, լոկ մթան ցօղ է թափւում,
Աւարտւում է ջլատուած նպատակը աղուրում…
Ռուս ու թուրքը միացել վաղեմի նոյն գործարքով
Հայրենիքս են կիսկիսում, հարբում ազգիս արիւնով…
…ա՜… արնախեղդ կը լինեն, թանձր է ազգիս արիւնը
Արիւնարբուն արնախեղդ, արնակոլոլ զեռունը:
Գլենդել, Կալիֆորնիա, 2020 Նոյեմբերի 11
Յաւերժական
Մենք չենք պարտուել, մեզ մատնել են պարտութեան.
Իսկ մատնելը՝ դաւակցութեամբ է լինում.
Ռուս են, թուրք են՝ օտար են ու դաւաճան,
Իրենց կեանքը մեր մահով են ցանկանում…
Չեն յաջողի…
Ու թէ այդպէս էլ գնայ
Թուրքը ռուսներին էլ կ՛անի թուրքակոխ,
Սառցակոյտում Սիբիրի,
Բոժոժի մէջ կը փայփայի յանց ճիճու,
Ինչացու ու մսացու…
Ամբողջական Կովկասում
Լոկ հայերն են բարեկամը ռուսների,
Եւ այդպէս է պատմութեամբ…
Մենք մաքուր ենք ձիւնի պէս,
Իսկ արեւը չի հալում ձիւնը ճերմակ,
Որ Մասիսի յաղթ գագաթին է փայլում
Ճերմակ, անբիծ, յաւերժական,
Նուիրական ու մաքուր Նոյեան աղաւնին վրան:
Գլենդել, Կալիֆորնիա, 2020 Նոյեմբերի 11
Ողբ
Ազգիս բախտի անիւը չի բանում,
Չխկչխկում է
Ջրաղացի չախչախի նման
Կեանքի աղացքարի ժէռուտին…
Տրտում ամայութիւն է,
Երեխաներ չկան փողոցում,
Որ չարաճճիութիւններ անեն,
Մայթից իջնեն ճանապարհի մէջ,
Աւտոներից խոյս տան, սլքտան…
Զոհերին ենք յանձնում պատմութեանը,
Տեղաւորում ենք
Յօշոտուած հայրենիքի գրկում,
Որի պաշտպանութեան համար
Դարձան նահատակ:
Դաւաճան դաւօն դաւել է…
Երկնում է երկինքը, երկնում է երկիրը,
Ծիրանի ծովը չի երկնում,
Եղէգան փողից ծուխ չի բարձրանում…
Ոչ մի բոց,
Հուրհերաւոր խարտեաշ պատանին
Չի երիվարում դաշտերում,
Ուր ցրտաշունչ ձմեռն է աւաղում
Սեզոնային սեւ ագռաւների ղռաւոցով,
Առանց որեւէ զգացումի…
Վաղուց հետէ
Առաքեալները չեն խոյեանում սխրագործութեան:
Բազմահոյլ դարերի սուր ու հուրը
Իջել է ազգիս ճակատին…
Հզօր յորդաները խուժեցին մեր հայրենիքը,
Արիւնարբու վարձկանները արիւնովս արբեցին,
Բանակները որոտացին,
Զրահները մահ փսխեցին…
Ողորմի մեր անցաւորաց…
Տիեզերական սեւ խոռոչի դիմաց,
Մշուշի պղտոր քօղով
Պատում եմ գլուխս եւ ուսերս…
Գլենդել, Կալիֆորնիա, 2020 Նոյեմբերի 23