ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Անթոյլատրելի նկատելով հասարակութեան մէջ թշնամութեան, վրէժխնդրութեան, անվստահութեան, ատելութեան սերմանումը՝ Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի նախագահութիւնը յայտարարութեամբ մը պահանջեց Հայաստանի կառավարութեան հրաժարականը։
Յայտարարութեան մէջ նշուեցաւ.
«2020թ. Սեպտեմբերի 27ին Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդիւնքում Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում ստեղծուած ծանրագոյն իրավիճակի կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութիւնը յայտարարում է.
- Նոյեմբերի 9ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքուած յայտարարութիւնը գնահատում ենք որպէս հայ ժողովրդի համար նուաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետութիւնը կրում է խոշոր տարածքային կորուստնէր, ունենում է ինքնիշխանութեան լրջագոյն սահմանափակումներ, հայկական զոյգ պետութիւններում եւ Սփիւռքում ստեղծւում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ:
- Ստեղծուած իրավիճակում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահներին համարում ենք Արցախի հայութեան նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան եւ հայրենազրկման քաղաքականութիւնից փրկութեան եւ տարածաշրջանում կայունութեան հաստատման բացառիկ երաշխաւոր:
- Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնուող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամէն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը եւ արդիականացմանը:
- Խստագոյնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտութեաննկատմամբ հանրապետութեան իշխանութիւնների կրաւորական վերաբերմունքը, որի արդիւնքում անհնարին դարձաւ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նուաճումների կիրառումը:
- Անթոյլատրելի ենք համարում հասարակութեան մէջ թշնամութեան, վրէժխնդրութեան, անվստահութեան, ատելութեան սերմանումը եւ կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխութեան եւ միասնութեան մթնոլորտ ստեղծելու համար:
- Ստեղծուած իրավիճակում անարդիւնաւէտ ենք համարում Հայաստանի կառավարութեան հետագայ պաշտօնավարումը եւ պահանջում կառավարութեան հրաժարականը հանրապետութեան վարչապետի գլխաւորութեամբ»։