ՆԵՒԱԴԱ.- Նոյեմբերի 17ին Լաս Վեգաս կատարած այցի ընթացքում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը եւ ԱՄՆում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը հանդիպում ունեցան Լաս Վեգասի հայ համայնքի հետ: Հանդիպումը կազմակերպել էր Լաս Վեգասում Հայաստանի պատուոյ հիւպատոս Ատրուշան Արմէնեանը: Այն տեղի ունեցաւ Սուրբ Կիրակոս եկեղեցում՝ հայր Սասուն Ծ. վարդապետ Զմրուխտեանի հիւրընկալութեամբ: Մօտ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում դեսպան Բայբուրդեանը եւ մշտական ներկայացուցիչ Աւետիսեանը ներկայացրեցին ադրբեջանաթուրքական ագրեսիայի (յարձակումին) հետեւանքով Արցախում ստեղծուած իրավիճակը, անդրադարձան նաեւ Հայաստանին առնչուող հարցերի:
Հանդիպմանը ներկայ էին Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու հովիւ տէր Վահան Կոսնտանեանը, Հայ աւետարանչական եկեղեցու վերապատուելի Սեմ Ագուլեանը, Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպութիւնների անդամներ:
Լաս Վեգասում Հայաստանի պատուոյ հիւպատոս Ատրուշան Արմէնեանի նախաձեռնութեամբ գլխաւոր հիւպատոս Բայբուրդեանը եւ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը նաեւ առանձին հանդիպումներ ունեցան Նեւադա նահանգի հայ համայնքի կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ պատուոյ հիւպատոսի գրասենեակում: