Սիրելի ժողովուրդ, քոյրեր եւ եղբայրներ.
Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժուար օրեր: Մեր բոլորի սրտի մէջ կսկիծ կայ, մեր բոլորի աչքերի մէջ արցունք, մեր բոլորի հոգու մէջ ցաւ: Սեպտեմբերի 27ին մեկնարկած պատերազմի աւարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Նոյեմբերի 10ի համատեղ յայտարարութիւնը, ըստ էութեան հանրային յուսահատութիւն է առաջացրել եւ բազմաթիւ հարցեր, որոնց պատասխանն ակնկալւում է առաջին հերթին ինձնից:
Ինչո՞ւ ստորագրուեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի գլխաւոր շտաբը զեկուցում էր, որ րոպէ առաջ պէտք է կանգնեցնել պատերազմը, իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթէ ռազմական գործողութիւնները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով (բեմագրութիւններով-Խմբ.) նոյնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը:
Շատերը, իհարկէ, կարող են ասել, որ եթէ արդէն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը եւ դրանից շատ բան չէր փոխուի: Իրականութիւնը, սակայն, մի փոքր այլ է, որովհետեւ եթէ կորսուէր Ստեփանակերտը, որը ինչպէս արդէն հրապարակային ելոյթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը այդ պահին մեծ հաշուով անպաշտպան էր, դրանից յետոյ անխուսափելիօրէն կորսուելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում չափազանց կանխատեսելիօրէն, որովհետեւ այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բաւականին հեռու եւ պաշտպանական կառոյցներ եւ ամրութիւններ չունէին, նաեւ չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսօրէն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանութիւնը:
Իսկ ի՞նչ տեղի կ՛ունենար այս քաղաքների անկումից յետոյ. պաշտպանութեան բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, եօթերորդ պաշտպանական շրջանները կը յայտնուէին հակառակորդի շրջափակման մէջ, ինչը նշանակում է, որ մեր շուրջ 20 հազար զինուորներ եւ սպաներ կը յայտնուէին հակառակորդի զօրքերի կողմից օղակուած վիճակում՝ անխուսափելիօրէն յայտնուելով զոհուելու կամ գերեվարուելու հեռանկարի առջեւ: Այս պայմաններում հասկանալիօրէն, անխուսափելի կը լինէր նաեւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների անկումը՝ յանգեցնելով ամբողջական աղէտի:
Շատերը, ժամանակի տրամաբանութեան բերումով, հնարաւոր է հարց հնչեցնեն, իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինուորների անվտանգութեամբ եւ ինչու նոյնքան մտահոգ չէի դրանից առաջ:
Խնդիրը հետեւեալն է, որ ըստ էութեան հրամանատարի ամենակարեւոր գործառոյթը կայանում է զինուորի առաջ խնդիրներ դնելը, որոնք ունեն կոնկրէտ մարտավարական կամ ռազմավարական նպատակ եւ հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է հասկանալով, որ դրանց կատարումը կարող է յանգեցնել զինուորի զոհուելուն, յանուն հայրենիքի զինուորի զոհուելուն:
Փաստացի լինելով գերագոյն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հէնց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինուած ուժերի առջեւ: Բայց երբ ստեղծւում է իրավիճակ, երբ զինուորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձութիւնների յետագայ ընթացքի վրայ, արդէն ոչ թէ զինուորը պէտք է զոհուի յանուն հայրենիքի, այլ հայրենիքը պէտք է զոհաբերութիւնների գնայ յանուն զինուորի, հրամանատարը ոչ թէ զոհուելու հրաման պէտք է տայ զինուորին, այլ ինքը պէտք է զոհուի յանուն զինուորի:
Այս գիտակցութեամբ եմ ստորագրել բոլորիդ յայտնի, տխրահռչակ փաստաթուղթը եւ այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհուելու հաւանականութիւնը չափազանց մեծ է, ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինուորի կեանքը աւելի կարեւոր էր, կարծում եմ նաեւ ձեզ համար:
Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայութիւն մատուցած զինուորների կեանքը, ընդ որում՝ այդ զինուորները թիկունքում ստեղծուող այդ իրադրութեան վրայ ազդելու ոչ մի հնարաւորութիւն չունէին, թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսօրէն կարող էին ազդել իրավիճակի վրայ եւ ուրեմն՝ եկել էր հրամանատարի ժամանակը յանուն այդ զինուորների վտանգելու սեփական կեանքը՝ թէ ֆիզիկական, թէ քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ յանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինուորների համար գնալ զոհողութիւնների, եւ ես այդ թուղթը ստորագրել եմ հէնց այս գիտակցութեամբ:
Ընդ որում, այս իրավիճակում եւ պայմաններում հարցը արդէն ոչ թէ օրերի եւ շաբաթների տիրոյթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանաւել, խորամանկել, այլ որոշում պէտք է կայացուէր ժամերի ընթացքում, հակառակ դէպքում կարող էր սկսուել մի պրոցես (գործընթաց-Խմբ.), որը կ՛աւարտուէր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինուորների զոհուելով կամ գերեվարութեամբ:
Շատերը հիմա նաեւ այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտուեցի՝ այդ թուղթը չստորագրելու համար: Որովհետեւ դա կը նշանակէր դասալքութիւն, դա կը նշանակէր յանուն զինուորի դժոխային առաքելութիւն կատարելու պարտաւորութիւնը թողնել մէկ ուրիշի ուսերին, այն յոյսով, որ յետոյ կ՛ասէին, թէ վարչապետ Փաշինեանը էնքան հայրենասէր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս միւսը թուլամորթ ու դաւաճան գտնուեց եւ գնաց նման ամօթալի քայլի: Նաեւ այն պատճառով, որ ինչպէս ասացի, որոշումները պէտք է կայացուէին ժամերի ընթացքում, հակառակ դէպքում թափանիւը կարող էր պտտուել, որն այլեւս որեւէ ձեւով հնարաւոր չէր լինի կանգնեցնել:
Յաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է հետեւեալն է. իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ: Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խօսելու ժամանակ պէտք է հրապարակային անկեղծօրէն ներկայացնէի օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրութեան մասին մանրամասն տեղեկութիւններ հաղորդել նաեւ հակառակորդին, դեռ աւելին՝ մեր 25 հազար զինուորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Եւ յետոյ, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգաւորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թէ հարցի բովանդակային լուծում նախատեսուած չէ, այլ ընդամէնը ռազմական գործողութիւնների դադար: Ղարաբաղի հարցը ինչպէս լուծուած չէր, այնպէս էլ լուծուած չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են:
Հասկանալի եւ բնականօրէն առաջացող յաջորդ հարցը հետեւեալն է. իսկ ինչո՞ւ թէկուզ այսպիսի պայմաններով զինադադարի հնարաւոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Կամ գուցէ մի փոքր աւելի ուշ: Սրա համար երկու պատճառ կար. նախ դրա համար պէտք է առանց մարտի յանձնէինք եօթ շրջան, ներառեալ Շուշին եւ երկրորդը ռազմական իրադրութիւնն այնպիսին էր, որ մենք յոյս ունէինք, որ նոր ռեսուրսների ներգրաւմամբ, գերմարդկային ճիգերով կը կարողանանք բեկել իրավիճակը, այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդէս էինք գալիս հայրենիքի պաշտպանութեանը զինուորագրուելու կոչերով, բայց նաեւ դա փորձում էինք անել այնպէս, որ մեր ուղերձը յանկարծ չկոտրի, յուսահատ չանի առաջնագծում կռիւ տուող զինուորին եւ մեր ունեցած պրոբլեմների (խնդիրները-Խմբ.) մասին յաւելեալ տեղեկատուութիւն չտայ հակառակորդին: Մենք՝ աւելի կոնկրէտ (յստակ-Խմբ.) Արցախի նախագահը, Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետը, Պաշտպանութեան բանակի հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարութիւնը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները եւ բնականաբար՝ առաջին հերթին կռիւ տուող մեր զինուորները, կամաւորները, սպաները, գեներալները ամէն ինչ արել ենք ամէն սանտիմետրը ատամներով պահելու համար: Ու մեր զօրքը կռուել է հերոսաբար: Կռուել է ոչ թէ յանձնելու, այլ պահելու համար, կռուել է ոչ թէ պարտուելու, այլ յաղթելու համար: Ու կռուել է գործնականում երեք բանակների դէմ, բայց ցաւօք՝ ինչպէս Արցախի նախագահը երէկ նշեց իր ուղերձում, մենք բաւարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել: Կամաւորական եւ զօրահաւաքային շարժումը, ի հարկէ բազմաթիւ հերոսական դրսեւորումներով, այնքան ամուր չգտնուեց, որ հնարաւոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողութեան առաջ, որից այլ ելք պարզապէս չկար:
Ինչ վերաբերւում է բուն փաստաթղթի բովանդակութեանը, այն իսկապէս վատն է մեզ համար, բայց պէտք չէ այն աւելի վատացնել, քան կայ իրականում: Մասնաւորապէս՝ լուրեր են տարածում Մեղրին յանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթութիւն է: Ընդամէնը խօսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային (փոխադրական-Խմբ.) ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թւում Ադրբեջանից դէպի Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պէտք է ապաշրջափակուեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սիւնիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թւում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ, ինչը էական նշանակութիւն կարող է ունենալ մեր երկրի տնտեսութեան հետագայ զարգացման գործում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ աւելի ճիշտ այն հատուածին, որը գտնւում է Արցախի իշխանութիւնների վերահսկողութեան ներքոյ՝ Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաեւ Շուշիի հատուածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են նոյնպիսի անվտանգութիւն, եւ Ստեփանակերտ-Երեւան կապը պէտք է լինի յուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաեւ Արցախի այդ հատուածի սահմանների անվտանգութիւնը, այնպէս որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնուող բնակավայրերի բնակիչները պէտք է հնարաւորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, եւ Հայաստանի ու Արցախի կառավարութիւնները ամէն ինչ կ՛անեն հնարաւորինս արագ աւերածութիւնները վերացնելու, խաղաղ եւ բնականոն կեանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար:
Սկզբունքային կարեւորութիւն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը: Այս մասով մեր անելիքները չեն փոխւում եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթութիւն եւ ըստ էութեան Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան աւելի ծանրակշիռ փաստարկներ:
Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետութիւնում մեր հետագայ անելիքներին, մեր առաջնային խնդիրը երկրում կայունութեան եւ անվտանգութեան մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանութեան ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պէտք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժէք տիրապետի իշխանութիւն ձեւաւորելու, իշխանութիւն ունենալու իր անսակարկելի իրաւունքին: Կառավարութիւնը տուրք չի տալու նախկին իշխանութիւնների կողմից հովանաւորուող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգութիւնների կազմակերպիչներն ու ակտիւ մասնակիցներից շատերը ձերբակալուած են, շատերը թաքնւում են, բայց անպայման կը յայտնաբերուեն եւ պատասխանատուութեան կ՛ենթարկուեն:
Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրուել սադրանքներին եւ համախմբուել կառավարութեան շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակին դուրս բերելու իր պատասխանատուութիւնը անմնացորդ կրելու գործում՝ միեւնոյն ժամանակ երաշխաւորելով, որ ժողովրդին պատկանող իշխանութիւնը որեւէ մէկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի (զեղծարարութեան-Խմբ.) յորձանուտ վերադարձնելու իր նպատակները իրագործելու համար: Հէնց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնեակ տարիներ երկրի ունեցուածքն ու եկամուտները հոսել են ձեզ յայտնի անձանց գրպաններ եւ ոչ թէ բանակի զարգացման գործին:
Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,
Սփիւռքի հպարտ հայութիւն.
Մեր երկիրը ունի ապագայ, եւ մենք ամէն ինչ պէտք է անենք, որ մէր այս դաժան փորձութիւնը դառնայ այդ ապագայի կարեւոր անկիւնաքար, եւ մենք դասեր կը քաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից: Շատերը կը հարցնեն, թէ արդեօ՞ք այս դաժան պատերազմից յետոյ կարելի է խօսել լաւ ապագայի մասին: Այո, որովհետեւ այսօր աշխարհում կան նոյնիսկ այնպիսի պետութիւններ, որոնք 20րդ դարի ամենադաժան կապիտուլեացիաներին (անձնատուութեան-Խմբ.) են ենթարկուել, բայց այսօր դասւում են աշխարհի ամենահզօր երկրների շարքին: Նրանք դա արել են դաժան պարտութիւնից յետոյ կրթութեան, գիտութեան, արդիւնաբերութեան ու ժողովրդավարութեան զարգացման վրայ շեշտ դնելով, եւ սա պէտք է լինի մեր առաջիկայ անելիքը: Եւ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրայ՝ յանուն մեր երկիրը հզօրացնելու: Հէնց սա կը լինի մեր լաւագոյն ծառայութիւնը մեր նահատակների յիշատակին, մեր վիրաւոր եւ հաշմանդամութիւն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զաւակներին:
Նրանք, ի հարկէ, մեզ մի հարց պիտի տան՝ զոհուածների հարազատները, թէ ի վերջոյ ինչի՞ համար զոհուեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մէկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանութիւնից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրաւունքը պաշտպանելու համար: Մենք պարտաւոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տէր կանգնել նրանց արեանը, նրանց զաւակների ապագային, նրանց անմնացորդ նուիրումին:
Մեր խոնարհումը նրանց առջեւ ամենօրեայ ստեղծարար աշխատանքն է, կրթութիւնը, որը պիտի շէնացնի մեր երկիրը:
Եւ ուրեմն՝
Կեցցէ Ազատութիւնը,
Կեցցէ Հայաստանի Հանրապետութիւնը
Կեցցէ Արցախի Հանրապետութիւնը
Եւ կեցցէն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Խոնարհում մեր նահատակների առաջ: