
«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
«Առաջին Լրատուական»ի զրուցակիցն է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանը:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Խանլարեան, այս անգամ Իրանում շատ կոշտ արձագանgեցին Տաւուշի մարզում տեղի ունեցող գործողութիւններին, եւ շատերի գնահատմամբ՝ սա զգուշացում էր Բաքուին: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր սա պայմանաւորուած՝ հաշուի առնելով, որ Ապրիլեան պատերազմի ժամանակ Իրանն աւելի շատ չէզոք բնոյթի յայտարարութիւններով էր հանդէս գալիս, իսկ այս անգամ Իրանն իր համակրանքը Հայաստանի նկատմամբ չթաքցրեց: Ի՞նչ է փոխուել, ո՞րն է սրա պատճառը:
ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Իրանի քաղաքականութիւնը այս հարցում հիմնուած է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ բալանսաւորուած քաղաքականութեամբ: Սա բաւականին հին քաղաքականութիւն է, որ Իրանը բծախնդրութեամբ փորձում է տանել առաջ: Բայց այս անգամ, ի տարբերութիւն քառօրեայ պատերազմի, պանթուրքիստական գործիչները մի քիչ չափն անցան, նախկինում այդպէս չէր: Այս անգամ պանթուրքիզմի ջատագովները աւելի ակտիւ էին ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Իրանում: Իրանի դէմ եւս սկսեցին հայհոյախառն արտայայտութիւններ տեղալ, եւ դա մեծ փոփոխութիւն էր պանթուրքիստական քաղաքականութեան մէջ, որովհետեւ Իրանը մինչեւ հիմա աւելի քիչ էր դառնում թիրախ, բայց այս անգամ նրանք առատօրէն Իրանին էլ սկսեցին մեղադրել Հայաստանին պաշտպանելու հարցում եւ այլն: Պանթուրքիստների կամ ընդհանրապէս բազմաթիւ թուրքական վերլուծաբանների շրջանում դեռ առկայ է այն տեսակէտը, որ Իրանն իր այս բալանսաւորուած քաղաքականութեամբ խորքում հովանաւորում է Հայաստանին: Իմ կարծիքով՝ այդպէս չէ, Իրանը չի փորձում շեղուել իր բալանսաւորուած քաղաքականութիւնից, բայց թուրքական մի շարք վերլուծաբանների տեսակէտն այդպիսին է: Ամէն դէպքում՝ այս անգամ Իրանի դիրքորոշումը այսպէս կարելի է մեկնաբանել: Ի հարկէ, ինչպէս տեղեակ էք, Իրանի պահակազօրը շատ կոշտ արձագանգեց Բաքւում այդ ցոյցերի ժամանակ հակաիրանական բնաբաններին եւ մատ թափ տուեց այդ անջատողական նկրտումների դէմ: Իրանը միշտ էլ այդպէս է արձագանգել, այսինքն՝ այն, ինչ կապուած է երկրի ամբողջականութեան հետ, դրան լուրջ են վերաբերւում, կատակ չեն անում եւ շատ կոշտ են արձագանգում: Հէնց այս գործօնն էր, որ այս անգամ երեւան եկաւ: Բայց ասեմ, որ Իրանի պաշտօնական քաղաքականութեան մէջ, կարծում եմ, հիմնական փոփոխութիւններ չկային: Իրանը երկու կողմին էլ փորձեց հանդարտութեան, խաղաղ գործընթացը շարունակելու կոչ անել եւ այլն:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Հայ-իրանական յարաբերութիւններում վերջին տարիներին ինչ-որ բան փոխուե՞լ է, յատկապէս թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ:
ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Իրան-Հայաստան յարաբերութիւնները, իմ կարծիքով, որեւէ փոփոխութիւն չեն կրելու Տաւուշի դէպքերից յետոյ, ինչպէս փոփոխութիւններ չկրեցին քառօրեայ պատերազմից յետոյ: Շեշտադրումներ կան բանակցային գործընթացի շարունակութեան առումով, շեշտադրումներ կան պանթուրքիստական նկրտումների դէմ:
Այս շեշտադրումներն են աւելացել, բայց փոփոխութիւններ չեմ կարծում, թէ կան, որովհետեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնները ռազմավարական առումով լուրջ մակարդակ ունեն: Ես անպայման նկատի չունեմ առեւտրային կամ ֆինանսական յարաբերութիւնները: Դրանք շարունակում են անբաւարար մնալ, բայց զուտ ռազմավարական, քաղաքական, անվտանգութեան առումներով բաւականին լուրջ համագործակցութիւն կայ Իրանի եւ Հայաստանի միջեւ: Ես չեմ կարծում, թէ Ադրբեջանի վերջին ագրեսիան (յարձակողականութիւն-Խմբ.) Հայաստանի դէմ ինչ-որ բաներ կը փոխի այդ յարաբերութիւններում: Ընդհանուր առմամբ, բացի Թուրքիայից, տարածաշրջանի բոլոր պետութիւնները, այդ թւում՝ Իրանը, փորձեցին չդիրքորոշուել այս կամ այն կողմի օգտին՝ հարցն աւելի չբարդացնելու նպատակով թերեւս: Բայց իմ կարծիքով՝ շատ յստակ է, որ Հայաստանի դէմ ագրեսիա է տեղի ունեցել: Ու նաեւ կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները որքան աւելի իրերը կոչեն իրենց անունով, այսինքն՝ տեղը տեղին դիրքորոշուեն, դա աւելի կը նպաստի բանակցային գործընթացին: Իսկ այսպէս ընդհանրական յայտարարութիւններով չեմ կարծում, թէ նպաստում են խաղաղութեան հաստատմանը, որովհետեւ սա առաջին անգամը չէ: Ադրբեջանը միշտ էլ իր ագրեսիաներով, իր ռազմաշունչ կոչերով ու քայլերով մէկ նպատակ է հետապնդում՝ Թուրքիային ներքաշել Արցախի խնդրի լուծման պրոցեսներում (գործընթացներուն մէջ-Խմբ.): Դատելով Թուրքիայի ակտիւութիւնից (աշխուժութենէն-Խմբ.)՝ այդ երկիրը պատրաստւում է ինչ-որ միջամտութիւնների կամ առնուազն սպառնալիքներ է հնչեցնում, թէ պատրաստ է միջամտել: Ես կարծում եմ, որ սա մարտավարական շատ լուրջ քայլ է Ադրբեջանի կողմից, որը նաեւ պանթուրքիստական խաղեր տալով փորձում է դուռ բացել Թուրքիայի համար այս հարցերում: Ինչքան դերակատար պետութիւնները փորձեն չէզոքութիւն խաղալ այս խնդրի մէջ, չնշել, թէ որ կողմն է ագրեսոր եղել այս անգամ, չեն օգնի պրոցեսին, աւելի կը բարդացնեն: Իմ ակնկալիքն այն է, որ առնուազն Մինսկի խումբը պէտք է գոնէ մի թեթեւ բալանսը (կշիռքը-Խմբ.) խախտեր ի շահ Հայաստանի, բայց դա էլ չարեց:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Շատերը նշում էին, որ Իրանում եւս հնարաւոր է լինեն հակահայկական ակցիաներ (արարքներ-Խմբ.), ինչպիսիք տեսանք տարբեր երկրներում ադրբեջանական համայնքի կողմից: Իրանում նման բաներ եղա՞ն, թէ՞ զսպուեցին Իրանի իշխանութեան կողմից:
ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Լուրջ քայլեր տեղի չեն ունեցել, բայց սոցիալական (ըմկերային-Խմբ.) ցանցերը ողողուած էին հակահայ եւ հակահայաստանեան, հակաղարաբաղեան ելոյթներով: Մի թեթեւ քայլեր փորձեցին իրականացնել: Բայց ես էստեղ ուզում եմ շեշտել, որ սա պանթուրքիստական հոսանքների ձեռագիրն է: Սրանք կապ չունեն Իրանի ադրբեջանցիների հետ, նրանք այս հարցերի մէջ բոլորովին ներքաշուած չեն: Սա ուզում եմ ֆիքսել (Շեշտել-Խմբ.) եւ ասել, որ ընդհանրապէս Իրանում պանթուրքիզմի նկատմամբ մօտեցումը մերժողական է: Եթէ ցոյցեր տեղի չեն ունեցել Թաւրիզում կամ արեւմտեան Ատրպատականի նահանգներում, կամ նոյնիսկ Թեհրանում, պատճառը միայն Իրանի իշխանութիւնների մօտեցումը չէ, այլ ընդհանրապէս այս շրջաններում Իրանի ադրբեջանցիների մօտեցումն է այս հարցերի նկատմամբ: Նրանք Հայաստանի եւ հայութեան դէմ նպատակներ ու ցանկութիւններ չունեն: Այսինքն՝ այս պատերազմն Իրանի պատերազմը չէ: Թերեւս միայն պանթուրքիստները, նկատի ունենալով Իրանում ապրող ատրպատականցիներին, իրենց հին փիլիսոփայական հենքի վրայ, որ բոլորս թուրք եղբայրներ ենք, փորձում են ինչ-որ ակցիանէր կազմակերպել, բայց դա չի յաջողւում, որովհետեւ դրա համար պարարտ հողը չկայ: Այդտեղ ապրող ատրպատականցիները նախեւառաջ իրանցիներ են, եւ ոչ միայն այս անգամ, այլեւ վերջին 100 տարուայ մէջ չի պատահել, որ Ատրպատականի ժողովուրդը տրուի թուրքական կամ պանթուրքիստական քաղաքականութիւններին: Այնպէս որ, այն փոքր ակցիաները, որ տեղի են ունենում Իրանում, սակաւաթիւ պանթուրքիստական, անջատողական հոսանքների ձեռքի գործն է, ոչ թէ ատրպատականցի մեր հայրենակիցների: