Թուրքիան Նորից Ցոյց Է Տալիս Իր Իրական Էութիւնը
Թուրքիայի Հանրապետութեան նախագահի որոշումով Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը (որը ԵՈՒՆԵՍԿՕի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկուած է որպէս թանգարան) մզկիթի վերածելու քայլը ցոյց է տալիս Թուրքիայի իշխանութիւնների իրական էութիւնը։ Հակառակ ստանձնած միջազգային պարտաւորութիւնների՝ թուրքական իշխանութիւնը մի կողմից անտեսում է իր միջազգային պարտաւորութիւնները, միւս կողմից պետական մակարդակով ցուցում է քաղաքակարթութիւնները արհեստականօրէն միմեանց հակադրելու իր խիստ վտանգաւոր գործելաոճը։
Այս առումով դատապարտելով թուրքական իշխանութեան այդ քայլը, այն դիտում ենք ոչ միայն յոյն ուղղափառ եկեղեցու իրաւունքների դէմ արուած քայլ, այլեւ այնպիսին, որը ոտնակոխում է Թուրքիայի փաստացի սահմաններում բնակուող ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներն ու ազգային-հոգեւոր զգացմունքները։
Պատահական չէ, որ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրութեան օրուանից այն շարունակել ու շարունակում է իր հակահայ վանդալիստական քաղաքականութիւնը, որի վկայութիւնն է նաեւ Թուրքիայի այսօրուայ փաստացի սահմաններում, յատկապէս հայկական բռնագրաւուած տարածքներում գտնուող մշակութային ժառանգութեան քանդումը կամ ձեւախեղումը։ Իսկ բացառիկ դէպքում, երբ Թուրքիան վերանորոգել է հայկական յուշարձան՝ միջնադարեան ճարտարապետութեան հոյակերտ կոթողներից Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, այն վերածել է թանգարանի եւ արգելել այնտեղ եկեղեցական արարողութիւնների անցկացումը։
Յատկանշական է, որ Այա Սոֆիայի տաճարն էլ 75 տարի ունէր թանգարանի կարգավիճակ, սակայն զուտ քաղաքական որոշմամբ ստացաւ մզկիթի կարգավիճակ։ Այս դէպքում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին որեւէ կերպ ապահովագրուած չէ նման ճակատագրից։
Աւելին, Թուրքիան այլամերժ քաղաքականութեանը զուգահեռ, շարունակում է իր առաւելապաշտական նկրտումները, որը վերջին շրջանում դրսեւորւում է հարեւան պետութիւնների տարածքներում թուրքական ապակայունացնող գործօնի աճով։
Թուրքական ապակառուցողական քաղաքականութիւնը, որը լրջօրէն սպառնում է տարածաշրջանային կայունութեանը, յատկապէս դրսեւորւում է Հայաստանի հետ յարաբերութիւններում, որի վկայութիւնը պարբերական բնոյթ կրող՝ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարութեան հաղորդագրութիւններն են՝ շաղախուած հակա-Հայաստան եւ հակահայ մօտեցումներով։ Իր այլատեաց քաղաքականութիւնից ու քայլերից միջազգային համայնքի ուշադրութիւնը շեղելու համար, Թուրքիան մեղադրում է Հայաստանին ու միջամուխ է լինում իրեն չվերաբերուող այնպիսի հարցի մէջ, ինչպիսին ղարաբաղեան հակամարտութիւնն է՝ խրախուսելով ադրբեջանական զինուած ուժերի ագրեսիան ՀՀ պետական սահմանի ուղղութեամբ։ Այս առումով ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման առաջին օրուանից նրա նկատմամբ թշնամական դիրքորոշում որդեգրած Թուրքիան իրաւունք չունի «բարի վարուց» քարոզներ տալու Հայաստանին։
Առաւել, Թուրքիայի խրախուսած ռազմական գործողութիւնների իրականացումը Ադրբեջանի կողմից, հաստատապէս կապակայունացնի տարածաշրջանը եւ անկախատեսելի հետեւանքներ կարող է ունենալ դրանից դուրս եւս։
Միջազգային հանրութիւնը թէեւ բացասական արձագանգեց Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու Թուրքիայ քայլին, սակայն մեկնելով աշխարհաքաղաքական հաշուարկներից՝ լուրջ, իսկապէս Թուրքիային զսպող քայլերի չդիմեց՝ քրիստոնէական արժեհամակարգում առանձնակի կարեւորութիւն եւ խորհուրդ ունեցող յուշարձանի կարգավիճակի խեղումը կանխելու համար։
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, համագործակցաբար աշխարհասփիւռ իր ցանցի եւ համախոհ գործընկերների հետ, շարունակում է ուշադրութեամբ հետեւել Թուրքիայի հակահայ ու այլատեաց քաղաքականութեանը եւ դրան դիմակայելու համար կոնկրետ քայլերի կը դիմի։
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15 Յուլիսի 2020թ.