ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Առաջիկայում Հայաստան կը ժամանի իրանեան պատուիրակութիւնը, որն ամբողջութեամբ ձեռնամուխ կը լինի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարութիւնը վերսկսելուն, յայտարարել էր տարածքային կառավարման նախարար Սուրէն Պապիկեանը:
Երրորդ էլեկտրագծի կառուցումը հայ-իրանական տնտեսական, էներգետիկ յարաբերութեան կարեւոր նախագիծ է, որը թոյլ կը տայ աւելացնել գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի ծաւալը: Իրանական կողմը մի քանի անգամ յայտարարել է, որ, թէեւ չունէր դրա անհրաժեշտութիւնը, բայց արեց դա, որովհետեւ պէտք էր բարեկամ Հայաստանին:
Գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը լցնում է հայ-իրանական գազամուղը, որը շահագործման յանձնուեց 2006 թուականին: Դրանով գալիս է միայն էլեկէտրաէներգիայի (ելեկտրական ուժանիւթ- Խմբ.) արտադրութեան համար անհրաժեշտ գազ եւ էներգիայի տեսքով վերադառնում Իրան: Գազամուղը չունի տարանցիկ հնարաւորութիւն: Տարիներ առաջ Վիկիլիքսի փաստաթղթերից սպրդեց Հայաստանի էներգետիկայի (ուժանիւթի- Խմբ.) նախկին նախարար Արմէն Մովսիսեանի խոստովանութիւնն ամերիկացի դիւանագէտներին, որ գազամուղը կառուցելու հարցում մի կերպ է յաջողուել յաղթահարել ռուսների դիմադրութիւնը:
Աւելորդ մեկնաբանութիւն պէտք չէ, թէ ինչու պէտք է Ռուսաստանը դիմադրեր դրան: Դա Հայաստանի ենթակառուցուածքային այլընտրանք է, որ կարող է նուազեցնել կախումը ռուսական գազից: Ի հարկէ խողովակը յանձնուեց Գազպրոմին, սակայն կայ մի պարզ իրողութիւն՝ ֆիզիկապէս այն Հայաստանում է, Իրանից հասնում է Հայաստան, եւ դրանով իրանական գազը կարող է գալ Հայաստան, այդ թւում ներքին սպառման համար:
Այստեղ էլ առաջանում է հարցը՝ ինչո՞ւ չի գալիս, կամ ինչո՞ւ Հայաստանը չունի գնային այլընտրանք, երբ օրինակ Ռուսաստանը թանկացնում է, կամ չի համաձայնում նուազեցնել գազի գինը: Ահա այդ իմաստով ներկայում հետաքրքիր է, արդեօք Երեւանն ու Թեհրանը քննարկո՞ւմ են գազի հարց: Ամիսներ առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը Թեհրանից վերադառնալով նշեց, որ այո, քննարկւում է ներքին սպառման գազի հարց:
Ինչ վիճակում են այդ քննարկումները, պարզ չէ: Պարզ է միայն, որ բաւական բարդ վիճակ է հայ-ռուսական ուղղութեամբ:
Միաժամանակ, ընթացիկ այդ իրադրութիւնից բացի, հայ-իրանական յարաբերութեան համատեքստում կայ նաեւ նոր,տարանցիկ կարողութեամբ խողովակի հարցը, որի վերաբերեալ թոյլ ակնարկներ են արել 2017ին Սերժ Սարգսեանը, իսկ 2018ից յետոյ՝ Նիկոլ Փաշինեանը: Սակայն պարզ չէ, քննարկում են Երեւանն ու Թեհրանն այդպիսի հարց, թէ ոչ: Ադ իմաստով հետաքրքիր է, թէ ինչ ազդեցութիւն կարող է թողնել կորոնավիրուսային, եւ յետկորոնավիրուսային աշխահակարգային ընթացքը, յատկապէս Չինաստանի դերի ընդլայնումը, որը ամենայն հաւանականութեամբ չի շրջանցնի Կովկասը: Ի հարկէ, ամերիկա-չինական դիմակայութիւնն ունենալու է իր բարդութիւնը Կովկասի համար, բայց կարող է նաեւ ունենալ հնարաւորութիւնները, այդ թւում հայ-իրանական ենթակառուցուածքների իմաստով:
Էներգետիկ շուկայի գնանկումը թւում է լաւագոյն ժամանակը չէ այդպիսի նախագծերի համար, բայց կասկած չկայ, որ անկման ռեժիմը որոշակիօրէն վերադառնալու է ոչ բարձր, սակայն կայուն միջավայր: Առաւել եւս, որ խոշոր նախագծերը լոկ տնտեսութիւն չեն, այլեւ խոշոր քաղաքականութիւն:
Ի վերջոյ, կայ հայ-իրանական առաջին գազամուղի նախադէպը, թէկուզ նեղ տրամաչափով, թէկուզ Գազպրոմին յանձնուած, բայց այսպէս ասած հին Հայաստանում դա հնարաւոր է եղել: Նոր Հայաստանում պէտք է հնարաւոր լինի աւելին, առնուազն որպէս առարկայացող օրակարգային նպատակադրում եւ քննարկումների մեկնարկ:
«ԼՐԱԳԻՐ»