ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեան «Քորոնա» ժահրի համաճարակին վերաբերեալ տարածուող դաւադիր տեսութիւններուն մասին «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրառում մը կատարելով՝ կը յայտնէ, որ չհիմնաւորուած այսպիսի լուրեր տարածողներուն տուեալները ստիպուած պիտի ըլլան փոխանցելու իրաւապահ մարմիններուն։
«Կորոնավիրուսային հիւանդութեան դէպքերի աճին զուգահեռ մեծանում է նաեւ դաւադրութեան տեսութիւններին հաւատացողների թիւը: Այս փաստն անհանգստացնում է մեզ` այն տեսանկիւնից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգօնութիւնը հիւանդութեան նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամէնը կարող է նպաստել աւելի շատ դէպքեր ունենալուն:
««Մեզ հաստատ չիպաւորելու (chip զետեղած են-Խմբ.) են», «Այդպիսի հիւանդութիւն չկայ», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ (խաբէութիւն-Խմբ.) է», «Ամէն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսաւորում ստանալու համար է» եւ նմանատիպ այլ արտայայտութիւնների կարող էք հանդիպել անհատ օգտատէրերի գրառումներում, ովքեր նաեւ «կարծիք են» թողնում լրատուամիջոցների կողմից հրապարակուած նիւթերի մեկնաբանութիւններում: Նման կարծիքները նաեւ լայնօրէն լուսաբանւում են ԶԼՄների կողմից:
«Չենք ուզում, որպէսզի մեր բնակչութիւնը կորցնի զգօնութիւնը եւ եթէ այս միտումը շարունակուի, ստիպուած ենք լինելու կեղծ եւ չհիմնաւորուած այսպիսի լուրեր տարածողների տուեալները փոխանցել իրաւապահ մարմիններին` նախ հասկանալու համար, թէ ովքե՛ր են կանգնած դրանց յետեւում եւ ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին:
«Հաշուի առնելով վերջին օրերի վիճակագրութիւնը` մեր հայրենակիցներին յորդորում ենք աւելի ուշադիր լինել, հետեւել բոլոր ցուցումներին` կանգնեցնելու հիւանդութեան տարածման տեմպը (կծռոյթը-Խմբ), ինչպէս նաեւ կոչ ենք անում, որպէս հաւաստի տեղեկատուութեան աղբիւր հետեւել պաշտօնական լրահոսին», կը գրէ Արսէն Թորոսեան: