ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը հետեւեալ յայտարարութիւնը հրապարակեց Արցախի սահմանամերձ գիւղերու հայ ազգաբնակչութեան դէմ կատարուած «Օղակ» գործողութեան 29րդ տարելիցին առիթով.
«29 տարի առաջ ԽՍՀՄ եւ Ադրբեջանի կենտրոնական ղեկավարութեան անմիջական կազմակերպմամբ եւ համակարգմամբ իրականացուեց Արցախի սահմանամերձ գիւղերի հայ ազգաբնակչութեան տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողութիւնը։ Այս արիւնալի գործողութիւնը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը վերջնականապէս տեղափոխեց ռազմական հարթութիւն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ հետագայ լայնածաւալ ագրեսիային։
««Օղակ» գործողութիւնը սկսուեց 1991թ. Ապրիլի 30ին` Արցախի Շահումեանի շրջանի Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերի թիրախաւորուած գնդակոծութեամբ, որի ժամանակ խաղաղ բնակչութեան դէմ առաջին անգամ կիրառուեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի յատուկ նշանակութեան ջոկատները (ОМОН)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի ստորաբաժանումների եւ խորհրդային բանակի աջակցութեամբ, ներխուժում էին հայկական գիւղեր՝ պաշտօնապէս իբրեւ թէ «անձնագրային ռեժիմի ստուգման» համար, իսկ իրականում սպանութիւնների, թալանի, հայկական ազգաբնակչութեան նկատմամբ ահաբեկչութիւնների եւ դրան հետեւած տեղահանութիւնների նպատակով։
«Ռազմաոստիկանական գործողութիւնների արդիւնքում աւերուեցին Հիւսիսային Արցախի, ինչպէս նաեւ Շահումեանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների տասնեակ հայկական գիւղեր, տեղահանուեց շուրջ տաս հազար մարդ, աւելի քան 100ը սպաննուեց, մի քանի հարիւր մարդ պատանդ վերցուեց։ Նրանցից շատերի ճակատագիրը մինչ օրս մնում է անյայտ:
«Ադրբեջանի իշխանութիւնները «Օղակ» գործողութիւնը դիտարկում էին որպէս ողջ Արցախի հայաթափման սկիզբ, որը դարձաւ հերթական դրսեւորումը 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքւում եւ Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, ինչպէս նաեւ Հիւսիսային Արցախի գիւղերում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործուած էթնիկ զտման քաղաքականութեան։
«Արցախահայութեան՝ իր ինքնորոշման անբեկանելի իրաւունքի իրացման պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանութիւնների իրականացրած հայկական ջարդերը, եւ հետագայում՝ 1991թ. Արցախի Հանրապետութեան դէմ ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը կրկնուեց 2016թ. Ապրիլին, ապացուցեցին, որ միայն անկախ պետականութեան կերտման եւ շարունակական ամրապնդման ճանապարհով է հնարաւոր երաշխաւորել իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրաւունքը։ Միջազգային հանրութեան կողմից այս իրողութեան ըմբռնումն ու Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործօն կը դառնան նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դէմ եւ խաղաղութիւն ու անվտանգութիւն կ՛ապահովեն ողջ Հարաւային Կովկասի տարածաշրջանում»։
Եղիշե Չարենց ։ Հայ Ժողովուրդ Քո Միակ Փրկությունը Քո Հավաքական Ուժի Մեջն է ։
Հիշել ամեն օր ամեն անգամ ։