ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Քարվաճառի միջնակարգ դպրոցի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի Աստղիկ Նալբանդեանը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով յայտարարուած հարկադիր արձակուրդի առաջին օրերից դպրոցի եօթերորդ դասարանի աշակերտների հետ առցանց դաս է անցկացնում:
«Ցաւօք, դասարանի ոչ բոլոր աշակերտներն ունեն դասին միանալու տեխնիկական հնարաւորութիւն, համացանցային կապն էլ դասի ժամանակ յաճախ թոյլ է լինում, ինչի արդիւնքում երբեմն դժուարանում է դասի անցկացումը, բայց ընդհանուր առմամբ ծրագրով առաջ ենք շարժւում: Երեխաները դասերին մասնակցում են, բոլոր յանձնարարութիւնները կատարում են», մեզ հետ զրոյցում նշեց Աստղիկ Նալբանդեանը:
Ինչպէս տեղեկացրեց Շահումեանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթութեան եւ սպորտի բաժնի վարիչ Խորէն Վարդանեանը, այս օրերին հեռավար դասեր այս կամ այն չափով անցկացւում են շրջանի գրեթէ բոլոր համայնքներում:
«Կախուած տուեալ համայքնում համացանցային կապի որակից` որոշ տեղերում ծրագրով դասաւանդում են անում, որոշ տեղերում` ուսուցիչներն ուղղակի սոցիալական (ընկերային-Խմբ.) որեւէ ցանցի միջոցով յանձնարարութիւն են ուղարկում աշակերտներին եւ պատասխանները ստանում: Մի քանի բարդ առարկաների դէպքում գրեթէ անհնար է դաս անցկացնել, եւ ուսուցիչներն ուղղակի հեռախօսով յանձնարարում են թեմաների կրկնութիւն», նշեց Խորէն Վարդանեանը:
Ըստ մեր զրուցակցի` հեռավար դասերի հիմնական խնդիրը շրջանում թոյլ համացանցն է. ուսուցիչների մեծ մասը տիրապետում են հեռավար կրթութեան գործիքակազմին եւ ուժեղ կապի առկայութեան դէպքում կը կարողանային դասեր անցկացնել:
Ուսուցիչները կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից որոշ չափով ուղղորդուել են, որոշ առարկաների գծով, յատկապէս դասվարներին` տրուել են յանձնարարականներ: Չնայած կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնից որոշակի հրահանգներ լինում են, բայց համակարգուած միասնական համակարգ այս պահին չկայ, եւ ուսուցիչները հիմնականում շարժւում են սեփական նախաձեռնութեամբ:
Քարվաճառի դպրոցի պատմութեան եւ հասարակագիտութեան ուսուցիչ Դաւիթ Եղիազարեանը դասի նոր թեմաներն աշակերտներին ուղարկում է ձայնագրութեան միջոցով` համապատասխան տեսաուղեկցող նիւթերի հետ: «Քանի որ տուեալ դասարանի աշակերտները մէկտեղուած չեն մէկ հարթակում, եւ մեզ մօտ էլ ինտերնետ կապը յաճախ թոյլ չի տալիս խմբային տեսազանգեր անել, այսպէս նրանք հնարաւորութիւն կ’ունենան իրենց յարմար ժամանակ լսել դասը, սերտել այն, իսկ հարցերի դէպքում դիմում են ինձ», ընդգծեց Դաւիթ Եղիազարեանը:
Ըստ շրջանի վարչակազմի կրթութեան եւ սպորտի բաժնի վարիչի` հաշուի առնելով այն հանգամանքը, որ չնայած որոշ դասարաններում որոշ առարկաներ դասաւանդւում են կամ տրւում են յանձնարարութիւններ, միեւնոյնն է` կան աշակերտներ, որ չեն կարողանում մասնակցել առցանց դասերին: «Դրա պատճառները կարող են տարբեր լինել. համացանցի բացակայութիւնը, տեխնիկական (արհեստագիտական-Խմբ.) միջոցների ոչ բաւարար թիւը: Օրինակ, եթէ մի ընտանիքում մի քանի դպրոցահասակ երեխաներ կան եւ մէկ համակարգիչ, ապա նրանք միաժամանակ չեն կարող դասին մասնակցել: Այդ պատճառով էլ հեռավար դասերը հնարաւոր չի բաւարար համարել եւ ուսումնական ծրագրով առաջ շարժուել: Այս վիճակից դուրս գալուց յետոյ պէտք է որոշակի լուծումներ տրուեն: Այս պահին չեմ կարող ասել, թէ դա ինչպէս կարուի. միգուցէ դա կը լինի դասերի երկարաձգման, ծրագրերի խտացման կամ մէկ այլ ձեւով, այս պահին վերջնական որոշում չկայ, եւ հարցը քննարկման փուլում է», ամփոփեց Խորէն Վարդանեանը:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից